ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Գրոհելիս առաջինն էր, նահանջելիս՝ վերջինը»
15:00 15.06.2019

«Գրոհելիս առաջինն էր, նահանջելիս՝ վերջինը»

Մարտական ուղի

Արա Սարգսյանը 1983թ․ Երևանի պոլիտեխնիկական ինտիտուտի ռազմական ամբիոնի եռամսյա հավաքով ստացել է լեյտենանտի զինվորական կոչում։ 1992թ․ հոկտեմբերին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և մասնակցել Կապանի տարածաշրջանի Ն․Հանդ, Սրաշեն և Շիկահող գյուղերի պաշտպանական մարտերին՝ որպես դասակի հրամանատար։  1993թ․ հունվարին ծառայության է անցել 97-րդ ԱՄՀրԲ-ում՝ որպես գրոհային գումարտակի հրամանատարի տեղակալ։ 1993թ․ մասնակցել է Կապանի սահմանամերձ շրջանում ծավալված մարտական գործողություններին և Տրիցադկայի ու Շեյֆլուի թշնամական հենակետերի վերացմանը։ 1993թ․ մասնակցել է Կուբաթլուի և Զանգելանի տարածաշրջանների ազատագրման մարտական գործողություններին։ 1994թ․ սկզբից մասնակցել է Հորադիզ կայարանի շրջանում մղված թեժ մարտերին, որտեղ էլ հունվարի 12-ին ծանր վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո մասնակցել է Հորադիզի և Ֆիզուլիի շրջաններում մղվող մարտական գործողություններին։

1994թ․ շնորհվել է կապիտան զինվորական կոչում։ 1995թ․ մարտին որպես 2-րդ կարգի հաշմանդամ անցել է թոշակի և զորացրվել։ Պարգևատրվել է «Արության», «Մարտական ծառայության համար», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ» պետական և գերատեսչական մեդալներով։

Առաջնայինը՝ հայրենիքը

1992թ․ թշնամու պարտադրած պատերազմը  ստիպեց Արցախին ու Հայաստանին կարճ ժամանակում ստեղծել կանոնավոր բանակ, հանրապետությունում սկսվեց սպայական զորակոչը, որի նպատակն էր բանակը համալրել նաև խորհրդային բանակում ռազմագիտելիքներ ստացած տղաներով։ Կապանից առաջին զորակոչին մոտ 75 տղա զորակոչվեց, նրանց թվում էր նաև Արա Սարգսյանը։ 31-ամյա ազատամարտիկի 2-րդ որդին պետք էր ծնվեր, կնոջը հիվանդանոց տեղափոխեց ու անմիջապես գնաց զինկոմիսարիատ, որտեղից տեղափոխեցին Լուսակերտ, մի քանի օր  հետո իմացավ, որ որդի է ունեցել, անունն էլ Նարեկ են կնքել։

«Կապանից Լուսակերտ զորակոչված տղաներից շատերն այդպես էլ չհասան սահման, մի մասը  խուսափեց, իսկ նրանք, ովքեր մնացին ծառայության, մինչև վերջ պաշտպանեցին հող հայրենին։  Կապանից զորակոչվածներից 15 հոգի, ստանալով համապատասխան զինվորական պատրաստություն, տեղափոխվեցինք Օխտարի գումարտակ», - հիշում է ազատամարտիկը։ Ասում է՝ սկզբում    դժվարություններ ու խնդիրներ շատ են տեսել, բայց հայրենի հողը թշնամուն չզիջելու հոգի ունեցող զինվորի համար ամեն ինչ է հաղթահարվում, անգամ 18 տարեկան զինվորը րոպեների ընթացքում է կոփվում ու հմտանում մարտի դաշտում։ «Մեր ժամանակ ենթակայություն հասկացություն չկար, զինվոր ու կապիտան մի ընտանիք էինք, մենք՝ ավագներս, այդ 18 տարեկանների համար և՛ ծնող էինք, և՛ ընկեր, և՛ խորհրդատու, իսկ այսօր արդեն հարազատներ ենք», - նշում է։

5-րդ (դեսանտագրոհային)  գումարտակի  լեգենդար պատմությունը

««Լեգենդար»  բառը չեմ սիրել օգտագործել, հատկապես այսօրվա իրականության մեջ, երբ անգամ բառն է արժեզրկված, սակայն մեր գումարտակը, որին հաճախ էին անվանում լեգենդար, պատմություն թողեց, որի մասին ականատեսները գիտեն, դա մենք չէ, որ պետք է ներկայացնենք», - ասում է Արա Սարգսյանը, ով զրույցի ընթացքում երբեք չխոսեց իր անձնական ներդրման մասին։  97-րդ մոտոհրաձգային բրիգադի դեսանտագրոհային գումարտակը մարտնչել է Հորադիզի դիրքերի ամենապատասխանատու հատվածում։ Ասում է՝ քիչ զոհ տվեցին, բայց կարևոր նշանակության մարտերում կարողացան հաղթանակ ունենալ։  

«Մի բռունցք էր մեր գումարտակը, զինվորական գիտելիքներով զինված և մարդկային մեծ որակներ կրող տղաներ, ովքեր հանուն իրենց ընտանիքների, մայրերի ու քույրերի, պայքար մղեցին մինչև վերջ», - ասում է։

1994թ․ հունվարի 12-ին Արա Սարգսյանը նռնականետի հարվածից վիրավորվեց։ «Կար մարտական գործողություն, որ պետք է հատուկ առաջադրանք կատարենք, որպեսզի Ղարաբաղի ջոկատը հարձակումից դուրս գա։ 2 ժամ տևողությամբ կռիվ էր, որից մեր տղաները պատվով դուրս եկան», - ասում է։ Ապաքինվելուց հետո ազատամարտիկը կրկին շարք է կանգնում։  

«Նվիրյալների ներդրումը հայրենիքի պայքարի գործում անչափելի է, Թևանիչն այդ շարքում իր ուրույն տեղն ունի, անգնահատելի է նրա դերակատարումը նաև մեզ՝ հայկական բանակի առաջին զինվորներիս կոփման գործում․ 18 տարեկան տղաներ էինք, անփորձ զինվորական կյանքում և Կապան գալով՝ գումարտակի սպաների շնորհիվ հեշտությամբ հարմարվեցինք։ Թևանիչին բնութագրելիս բավական է ասել, որ նա գրոհելիս առաջինն էր, նահանջելիս՝ վերջինը։ Խիզախության հետ մեկտեղ նաև կարողանում էր հոգեբանորեն աջակցել զինվորին, նրա մեջ «դուխ»  ներարկել։ Միշտ զինվորի կողքին է եղել բոլոր իրավիճակներում։ Շատ անգամ է ճանապարհ գնալիս հրաժարվել սպայական մեքենայից և ընտրել զինվորների մեքենան», - ասում է Վարդան Մարտիրոսյանը, ով 1994թ․ Եղվարդ քաղաքից եկավ Կապան՝ ծառայության։

Խաղաղ օրեր

Մարտական ընկերոջ՝ Վարդան Գևորգյանի խոսքով՝ մարդկային հատկանիշների առումով միշտ առանձնացել է, ով նաև ընկերներ կապող կամուրջ է այսօր․ «Պատասխանատու ու պարտաճանաչ էր, երբեք որևէ, թեկուզ աննշան, խախտում չես տեսնի։ Հիշում եմ, որպես նորածնի հայր, քանի անգամ առիթ ուներ տուն գնալու, սակայն երբեք չի օգտվել այդ արտոնություններից», - ասում է։

Ընկերների վստահեցմամբ՝ պատերազմից հետո էլ իր ունեցած ավանդն ու պատերազմից ստացած առողջական խնդիրները երբևիցե դրոշակ չի դարձրել ու  ոչինչ չի պահանջել։

«Զինվորի համար նշանակություն չպետք է ունենա՝ ով է երկրիդ ղեկավարը, զինվորը պարտք է կատարում իր հայրենիքի, ընտանիքի համար և որևէ բան պահանջելը կամ գնահատականի սպասելը չեմ ընդունել։  Պատերազմից հետո և նաև այսօր մի բանի համար եմ ցավում․ իրենց «հերոս» են կոչել մարդիկ, որոնց ունեցած ներդրումը չզգացինք այդ տարիներին», - ասում է Արա Սարգսյանը։

5-րդ գումարտակի հրամանատար Արարատ Մանուչարյանը նշում է, որ Արա Սարգսյանի աչալուրջ վերաբերմունքը իր զինվորների նկատմամբ ակնհայտ էր, նրա հետ անցել են ծանր օրեր ու որպես հուսալի զինակից միշտ վստահել նրան։

Դպրոցական ընկերոջ՝ գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի  արվեստանոցում կա մի նկար՝ «Ընկերական շարժ» մակագրությամբ, որը գեղանկարիչը նկարել է Արայի առաջարկությամբ, որպեսզի մշտապես հիշեն միմյանց։ 

«Ընկերասիրությունն այն ամենամեծ հատկություններից է, որի կրողն է ինքը թե՛ դպրոցում և թե՛ մինչ այսօր», - ասում է Հրանտ Դանիելյանը։

Արան մշտապես հետաքրրվում է զինվորներով, մարտական ու բոլոր ընկերներով, նախաձեռնում, հանդիպումներ կազմակերպում, որտեղ և ծավալվում են այն հուշերը, որոնք թողել է պատերազմը։ «Յուրաքանչյուր հավաքույթ սկսում ենք նախ մեր զոհված տղաների շիրիմներին այցելելով։ Մեզ հարկավոր չեն հատուկ օրեր,  նրանց հիշում եմ միշտ, որը անխախտ է արդեն 25 տարի։ Պատերազմը շատ անելիքների ղեկը այլ ձևով շրջեց, և մենք ստիպված եղանք այդ ուղղությունը շարունակել», - նշում  է ազատամարտիկը։  

Այսօր Արա Սարգսյանն ապրում է Կապան քաղաքում,  անհատական գործունեությամբ է զբաղվում։   Երկու որդի է մեծացրել, ովքեր, հոր անցած ուղին աչքի առաջ ունենալով, շարունակում են իրենց արժանի ներդրումը բերել ընդհանուր գործին։

Արփինե Հարությունյան

15:00 15.06.2019

Ամենաշատ ընթերցվածները