ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ֆեյսբուքը՝ ամենահզոր «հայելի»
17:00 15.06.2019

Ֆեյսբուքը՝ ամենահզոր «հայելի»

Վերջերս համացանցում հաճախ են հայտնվում անձնական տվյալների գաղտնիության խախտման մասին լուրեր։ Անձնական տվյալների մասին խոսելիս շատերիս մտքին միանգամից գալիս են՝ ծննդյան տարեթիվ, ծննդավայր, հեռախոսահամար, լուսանկար և այս շարքին պատկանող այլ տեղեկություններ։ Մինչ սոցիալական ցանցերի ի հայտ գալը մարդիկ գուցեև չեն էլ մտածել ու մտահոգվել իրենց անձնական տվյալները ուրիշներից պաշտպանելու մասին։ Չեն մտածել, որ դրանք կարող են վտանգվել և օգտագործվել հենց իրենց դեմ՝ դառնալով մեծագույն սպառնալիք։ Իսկ հիմա առանց մտածելու և առանց անվտանգության կանոններին ու փորձագետների խորհուրդներին հետևելու, օգտատերերը համացանցը ողողում են իրենց մասին ինֆորմացիայով՝ սեփական անձը դարձնելով բաց գիրք, որը խոցելի է ու վտանգված: Համացանցը մարդկանցից խլեց ոչ միայն նրանց ժամանակի մեծ մասը, այլև իրենց մասին տեղեկատվությունը միայն իրենցը լինելու մենաշնորհը։

Ֆեյսբուքյան իրականության մեջ ապրելով՝ պետք է գիտակցենք, որ կիսում ենք անձնական տվյալներ ու տեղեկատվություն, որը պահպանում է այս կայքը: Ֆեյսբուքի դեպքում սա առավել անձնավորված է, քանի որ կարող է պարունակել ոչ միայն մեր բնակության վայրը, որոնումները, այլև անձնական նկարներ, բոլոր նամակագրությունները, որ մենք ունենում ենք այս կայքի միջոցով (անգամ՝ հեռացնելուց հետո), մեր կատարած հրապարակումները, մեկնաբանությունները և այլն:

Ինչպես նշում է փորձագետ Լիլիթ Հակոբյանը, ֆեյսբուքի օգտատերերի ճնշող մեծամասնությունը հրապարակում է իր, ընկերների, ծանոթների ու հայտնի մարդկանց հետ ունեցած լուսանկարները, միայն ընկերների կամ բոլորի համար տեսանելի ձևով, իսկ թույլտվություն հարցնելու մասին էլ անգամ չեն մտածում՝ այսկերպ վտանգի տակ դնելով ոչ միայն իրենց, այլ նաև մյուսների անձնական տվյալները։ Նման գործողություններ կատարողները անձնական տվյալ մշակողներ են: Հատկապես լուսանկար տեղադրելիս հարկավոր է մտածել երկար: Քանի որ այն համարվում է մարդու ինքնությունը նույնականացնող համար մեկ կոնտենտներից մեկը: «Անձնական տվյալների վտանգման խնդրին կարող են հանգեցնել նաև օգտատերերի կողմից կատարվող որոշ բարի գործեր, որոնք իրականում կարող են լինել չափազանց վտանգավոր. այստեղ ունենք մեդիագրագիտության ու իրավագիտակցման պակասի խնդիրներ: Օրինակ, բաց խմբերում տեղադրվում են մարդկանց կորած անձնագրերը, վարորդական վկայականները, նույնականացման քարտերը, հորդորելով տարածել, որպեսզի գտնվի տերը: Այս փոքրիկ օրինակը ևս գալիս է ապացուցելու, որ հասարակության ստվար զանգվածը, չնայած այն բանին, որ ակտիվ համացանցային սպառող է, ունի մեդիագրագիտություն ստանալու շատ լուրջ խնդիր: Մարդուն մեդիագրագետ պետք է դարձնել դեռ դպրոցական հասակից: Դպրոցականները ունենում են դասարանային էլ.հասցեներ կամ այլ էջեր, իսկ դրանցից ճիշտ օգտվելու կանոնների մասին կարծես թե ոչ մեկը հիշել չի ցանկանում: Իսկ որպեսզի նրանք համացանցում լինեն պաշտպանված, հարկավոր է, որ լինեն մեդիագրագետ», - ասում է փորձագետը՝ հավելելով՝ ֆեյսբուքը ամենահզոր «հայելին» է, որ երբևէ հայտնագործվել է: Այն մարդկանց հնարավորություն է տալիս դրվագ առ դրվագ դիտել իրենց կյանքը։

Օգտատերերի մեծ մասը ֆեյսբուքին վստահում է գուցեև չափից ավելի: Այդ հայելին ցանկացած երրորդ կողմին պատմում է ամեն օգտատիրոջ նախասիրությունների մասին: Այն էջերին, մարդկանց ու իրադարձություններին, որոնց օգտատերերը հետևում են ու հավանում, այն տեղեկատվությունը, որը օգտատերերը ներկայացնում են իրենց մասին պատմող դաշտում, օգնում են ֆեյսբուքին դառնալ օգտակար ու արդյունավետ հարթակ գովազդատուների համար:

Ֆեյսբուքը իր թարմացումներով գրավում է ավելի շատ ու մեծ լսարան: Այն միանձնյա առաջատար է աշխարհի գրեթե բոլոր երկրներում և նահանջելու միտք էլ անգամ չունի: Մարդկանց համար հետաքրքիր է, ու այդպիսին դառնալու համար ֆեյսբուքը շատ ջանք է թափել: Ունի նաև գրավիչ գործիքներ, որոնք իրականում անձնական տվյալներ որսացող ծուղակներ են: Այդպիսիք են՝ մեծ տարածում ունեցող թեստ-խաղերը: Ինչ եք եղել նախորդ կյանքում, ինչպիսին կլինեք գլամուրային ամսագրի շապիկին, ով է ձեզ ամենից շատ սիրում, ինչ տեսք կունենաք 50 տարի անց… Ցանցային անվտանգության մասնագետներն անընդհատ բարձրաձայնում են դրանց վտանգների մասին, սակայն նրանց հորդորներին հետևում են ոչ բոլորը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ֆեյսբուքի օգտատերերի թվի աճին նպաստել է նաև նման խաղերի ի հայտ գալը:

Մարդը իր էությամբ միշտ կարծում է, որ այդ վտանգը իրեն չի սպառնում: Բայց իրականում սոցցանցերում հայտնվող յուրաքանչյուր կոնտենտ արդեն իսկ նշանառության տակ հայտնվելու հավանականություն ունի:

Սոնա Օհանջանյան

17:00 15.06.2019