ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ճաշակին ընկեր չկա
15:00 16.06.2019

Ճաշակին ընկեր չկա

Եթե ավելի վաղ ինտերնետ-միջավայրում բավական մենաշնորհային դիրքեր ունեին որոնողական համակարգերը, ապա այժմ մեծացել է սոցիալական ցանցերի կշիռը։ Այցելուների հսկայական թվաքանակ հրատապ տեղեկատվություն որոնում է անմիջապես սոցիալական ցանցում։

Ֆեյսբուքը ձգում է և․․․ վանում

Ապրել առանց սոցցանցի՞, մուտք գործել, երբ պե՞տք է, թե՞ այն դարձնել առօրյայի մի մաս և մնալ այնտեղ, որքան ուզում ենք։ Դժվար է կողմնորոշվել, քանի որ սոցցանցերը ոչ միայն հաղորդակցության միջոց են դարձել, այլև հասարակական-քաղաքական և այլ թեմաներով տեղեկատվություն ստանալու աղբյուր։

Մեր օգտատերերի մեծ մասը ֆեյսբուքի շահառու է դարձել տեղեկատվություն ստանալու և մարդկանց հետ հաղորդակցվելու համար։ Կապանցի Ալիսայի համար այս հարթակը, որպես բազմաֆունկցիոնալ, գերադասելի է․ «Բացի նկարներից և տեսանյութերից՝ հնարավորություն ունեմ գրառումներ կատարել և քննարկել ընկերներիս հետ։ Այստեղ հնարավորություն ունեմ հետևել բազմաբնույթ լուրերի»։

Այս հարթակում հաճախ կեղծ լուրեր են տարածվում, ստեղծվում ֆեյք էջեր, իսկ օգտատերերը պարզապես ընկերներից hետ չմնալու համար հաճախակի գրառումներ են անում, լուսանկարներ տեղադրում, գրավիչ վերնագրերի տակ կարդում ոչինչ չտվող նյութեր։ Շատերը առանց գիտակցելու են ընկնում այդ թակարդը։

Հարցվածներից շատերը նշեցին, որ հատկապես վերջին շրջանում հաճախ են հանդիպում նման երևույթների, աշխատում են խուսափել, սակայն միշտ չէ, որ ստացվում է: «Ֆեյսբուքից չօգտվել չեմ կարող, եթե մի օր որոշեմ չմտնել, կարող եմ, այնպես որ կախվածություն չունեմ, բայց դե մեկ կամ երկու օր հազիվ դիմանամ, քանի որ այդ հարթակում ընկերներ ունեմ, աշխատանքս էլ դրա հետ է կապված։ Ճիշտ է, երբ մուտք եմ գործում, դժվարությամբ եմ դուրս գալիս, բայց գայթակղիչ վերնագրի կամ անպարկեշտ լուսանկարի հանդիպելիս անմիջապես անջատում եմ», - ասաց Էմման։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ ֆեյսբուքի օգտատերերի թիվը օր օրի աճում է․ «Պետք է պարզապես խուսափել այնպիսի կայքերից, ինչպիսիք են, օրինակ, aznivlur.am, fantastiklurer.com և այլն, կայքէջի անունն արդեն հուշում է, որ ինչ-որ մի բան այն չէ»։

Շարժ դեպի Instagram

Օգտատերերի թվով երկրորդ տեղում է Ինստագրամը, որը հիմնականում ծառայում է հանրային մարդկանց հետևելու և, իհարկե, լուսանկարներ տեղադրելու համար։ Ս․Մարտիրոսյանի հաշվարկով հայաստանյան օգտատերերի թիվը այս ցանցում կազմում է շուրջ 570 հազար, մեծամասնությունը երիտասարդներն են․ «Այս օրերին Հայաստանում առավել ակտիվ աճ է գրանցում Ինստագրամը, որի օգտատերերի թիվը վերջին ժամանակներում աճել է 2․5 անգամ»։  Այլ ցանցերից օգտատերերի արտագաղթի նման միտումները մեդիափորձագետը բացատրում է հետաքրքրությունների փոփոխությամբ։

Ռոզան նախապատվությունը տալիս է Ինստագրամին․ «Ի տարբերություն Ֆեյսբուքի՝ այստեղ քաղաքականությունը չի խեղդում։ Ինձ ավելի շատ հետաքրքրում են լուսանկարներն ու տեսանյութերը, սեփական առօրյաս ներկայացնելու հնարավորությունը»։

Մեդիափորձագետի կարծիքով՝ Ինստագրամի ակտիվությունը և այդ ցանցի ներսում շփման աճը հնարավորություն են տալիս այնտեղ տեղափոխել գովազդի շուկան։ «Հիմնականում օգտվում եմ Ինստագրամից, քանի որ իմ բիզնեսը իրականացնում եմ այս ցանցում, որովհետև ունեմ շատ հետևորդներ և գովազդ եմ տեղադրում», - ասաց Արտյոմը։

Մեզանում պասիվ ցանցեր

Պարզեցինք, որ ՎԿոնտակեից օգտվողները այդքան էլ շատ չեն։ Հիմնականում այս ցանցից օգտվում են երաժշտություն լսելու և ֆիլմեր դիտելու համար։

Կապանում Թվիթերից օգտվողներ քիչ կան․ «Խոստովանում եմ, որ թվիթերը ինձ դուր չի գալիս, որոնողական համակարգը, ինչպես նաև հեշթեգների հնարավորությունը անսովոր են։ Էջ ունեմ, բայց պարզապես ունենալու համար», - ասաց Ժենյան։ Մեդիափորձագետի խոսքով՝ այս ցանցը գլխավորապես շփման հարթակ է և հիմնականում բարձր ինտելեկտուալ զանգվածի համար։

Աշխարհում կատարվող իրադարձություններին տեղյակ լինելը լավ է, ցանցերում ակտիվություն ցուցաբերելը՝ նույնպես, պարզապես հարկավոր է աշխատել այնպես, որ կախվածություն չառաջանա, և զերծ մնանք ապատեղեկատվությունից։

Նարե Խաչատրյան

15:00 16.06.2019