ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հ․Հեսսե․ «Տափաստանի գայլը»
17:00 16.06.2019

Հ․Հեսսե․ «Տափաստանի գայլը»

Սա պատմություն է հիվանդ հասարակության և հիվանդ մարդու մասին։ Քանի որ հասարակությունը ոտնատակ է տալիս անցյալի արժեքները՝ արվեստ, կրոն, բանականություն, և սփռում չարություն ու պատերազմ, մարդը մերժում է այդ հասարակությունը։ Այսպիսի կերպարները քիչ չեն համաշխարհային գրականության մեջ։ Սակայն Հերման Հեսսեն չէր կարող գնալ տրորված ճանապարհով։ Գերմանացի մեծագույն գրողը «Տափաստանի գայլը» վեպի հերոսին չի թողնում փակուղում։

Հեսսեն իր վեպով արձագանքում է նաև քսաներորդ դարասկզբին տեղի ունեցած պատերազմներին ու հեղափոխություններին։ Հերոսը՝ հիսնամյա մենակյաց գրող Հարրի Հալլերը, այս աշխարհի նպատակներից ու ուրախություններից ոչ մեկը իրենը չի համարում․ «Եթե աշխարհը ճշմարիտ է, եթե սրճարանների այդ երաժշտությունը, զանգվածային այդ զվարճանքները, այդքան ամերիկանացված, այդքան չնչին բաներով բավարարվող մարդիկ ճշմարիտ են, ուրեմն ես եմ անճիշտ, ուրեմն ես խելագար եմ»։ Ակնհայտ է, որ քննադատության թիրախում միայն հասարակությունը չէ․ «Անողոք ու ոչնչացնող շեշտով խոսելով կարգերի ու մարդկանց մասին՝ նա երբեք իրեն դուրս չէր թողնում, մշտապես առաջինն ինքն էր, ում դեմ ուղղում էր իր նետերը, իր անձն առաջինն էր, ում նա ատում էր ու ժխտում»։

Հարրին իրեն անվանում է Տափաստանի գայլ, որ պատեպատ է զարկվում, օդ չունի շնչելու, իր մենությունը հանձնում է նաև գիշերային պանդոկներին, ձեղնահարկի իր սենյակում փակված՝ զրուցում Նիցշեի, Գյոթեի, Մոցարտի ու մյուսների հետ, որոնց անվանում է անմահներ։ Հարրին տառապում է երկվությամբ։ Նրա մեջ միաժամանակ ապրում են մարդը և գայլը։ Ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնում մերթ մեկը, մերթ մյուսը։ Գայլը՝ բանականության, անկեղծության և ուժեղ կամքի խորհրդանիշը, պատրաստ է դիմադրելու իրականության բարոյական անկումներին։ Միաժամանակ նա վայրենության կրողն է։

Միմյանց շարունակ տանջանք պատճառող մարդու և գայլի վեճն ու կռիվը չէին կարող անվերջ շարունակվել։ Եվ վճիռը կայացվում է․ գայլը պետք է ոչնչանա։ Հարրիի ձեռքն արդեն մղվում էր դեպի ածելին․ ինքնասպանություն գործելը դժվար է, բայց առավել դժվար է այդպես ապրելը։ Սակայն Տափաստանի գայլը պատահաբար հանդիպում է կուրտիզանուհի Հերմինեին և հասկանում․ «Հանկարծ բացվել էր մի դուռ, որի միջով կյանքն էր գալիս դեպի ինձ։ Հավանաբար ես նորից կարող եմ ապրել, հավանաբար նորից կարող եմ մարդ լինել»։

Հերմինեն, Մարիան, Պաբլոն, դիմակահանդեսը, մոգական թատրոնը, Գյոթեն ու Մոցարտը Հարրիի ինքնաճանաչման փուլերն են։ Պաբլոն բացատրում է, որ մոգական թատրոնի նպատակը նրան ապրել ու ծիծաղել սովորեցնելն է։ Հենց մոգական թատրոնում էլ Հարրին տրվում է իր ցանկություններին ու կրքերին։ Հայելին ինքնաճանաչման խորհրդանիշներից մեկն է։ Հարրին այդտեղ տեսնում է ոչ միայն գայլին ու մարդուն․ «Այդ վիթխարի հայելին լցվեց միայն Հարրիով կամ Հարրիի կերպարանքներով, անթիվ Հարրիներով, որոնցից յուրաքանչյուրին ես տեսնում և ճանաչում էի միայն վայրկյանի մի կարճ՝ կայծակնային ակնթարթում»։

Խորհրդանիշներով հարուստ այս վեպում (հայելի, կարիճ, ծիծաղ) յուրահատուկ դեր է վերապահված երաժշտությանը, որը դառնում է առհասարակ մարդկային ոգին ճանաչելու միջոց։ Ամբողջականության ձգտող Հարրիի համար Մոցարտի «Կախարդական սրինգը» կարող է մարդուն հուշել դեպի ներդաշնակ կեցություն տանող ճանապարհը, ոչնչացնել ոչ միայն մարդու և գայլի, այլև բազմաթիվ «ես»-երի հակամարտությունը։

Հաշտեցումը թերևս անհնար է առանց կորուստների։ Վեպի սկզբում աշխարհի հետ անհաշտ և անհուսորեն տառապող Հարրին անհատականացված է, իսկ հետագայում, անցնելով ինքնաճանաչման փուլերով, կերպարանափոխվում է, հաշտվելու հետ մեկտեղ կորցնում անհատականության գծերը։ Նա այլևս հանճարեղ գրող չէ, այլ մեկը, որն արդեն սովորել է ապրել և պատրաստ է երջանիկ լինելու։ Մոցարտը Հարրիին ասում է․ «Դուք պարտավոր եք ապրել և պարտավոր եք ծիծաղել սովորել։ Դուք պարտավոր եք կյանքի ռադիոերաժշտության ունկնդիր լինելուն սովորել, պարտավոր եք փառաբանել նրա հետևում թաքնված ոգին, պարտավոր եք ծիծաղել սովորել նրա թոհուբոհի վրա։ Ընդամենը սա է, Ձեզանից այլ բան չեն պահանջում»։

Ի վերջո, Հարրին հաշտվում է իրականության անհաղթահարելիության հետ, հասկանում, որ իրեն հմայում է ծիծաղով նորից ապրելու տեսիլքը․ «Պաբլոն սպասում էր ինձ։ Ինձ սպասում էր Մոցարտը»։

Կյանքն ընկալվում է որպես մեծ խաղ․ այս գաղափարն է ընկած վեպի հիմքում։ Կաֆկայի հերոսը՝ Յոզեֆ Կ-ն, հայտնվում է ինտելեկտուալ փակուղում և ոչնչանում։ Հարրին փակուղում չի մնում, համակվում է միջավայրի հետ ներդաշնակ ապրելու գաղափարով, մի գաղափար, որ բնորոշ է Հեսսեի գրվածքներին։

Արթուր Իսրայելյան      

17:00 16.06.2019