ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գնահատական չտալու արվեստը
18:00 17.06.2019

Գնահատական չտալու արվեստը

Եվրոպական երկրներում գոյություն ունի accountability բառ-հասկացությունը, որը նշանակում է կամ պարզապես թարգմանվում է հաշվետվողականություն: Ցանկացած պաշտոնատար անձի ազնվության, պարկեշտության, խելամտության, արդյունավետության մասին խոսելիս առաջ է քաշվում հաշվետվողականության հանգամանքը: Միայն հաշվետու պաշտոնյայի մասին կարելի է կազմել պատկերացում, միայն հաշվետվողականությունն է մարդկանց տալիս համոզմունք, որ իրենք ընտրել կամ վստահել են ճիշտ մարդու: Անկեղծորեն սպասել եմ մեկ շաբաթ, որպեսզի հասկանամ, միգուցե ինչ-որ մեկը հաշվետու կլինի իշխանությունների կողմից վստահորեն նշանակված Արդարադատության նախարարի հրաժարականի կապակցությամբ: Կայացավ հարցազրույց լրագրող Արամ Աբրահամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, որտեղ հարցը հնչեց, իսկ պատասխանը՝ ոչ: Վարչապետը շատ ու շատ հարցերով գերադասեց չխոսել՝ կամ փոխել խոսակցությունը, կամ իրեն իրավունք վերապահել հաշվետու չլինել քաղաքացիների առջև: Իսկ հիմա հերթով, կարգով, գնացինք…

Պոպուլիզմը հաղթում է պրագմատիզմին

«Այն ուժերը, որոնք ֆեյքերին ֆինանսավորում են, բոմժ կդառնան», - ասաց վարչապետը հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովում, որտեղ որոշում էին վարչության կազմը: Մեկ տարի է՝ մարդիկ սպասում են կոնկրետ զարգացման ծրագրերի և ռեֆորմների, ճանապարհային քարտեզների, իսկ դրա փոխարեն լսում են ֆեյքերի, օլիգարխների և բոմժերի մասին: Եթե առկա է այդպիսի խնդիր, ապա այն կարևորագուն խնդիրների տասնյակում չէ, ի վերջո, մենք ապրում ենք իրական կյանքում, այլ ոչ վիրտուալ, հետևաբար նույնիսկ եթե չար մարդիկ այնտեղ՝ համացանցում, ձեզ, հարգելի՛ իշխանություններ, «կակաշներ» են գրում, ապա ջնջվեք համացանցից և ապրեք հանգիստ: Հավատացեք, բազմազավակ միայնակ մայրը չի հետաքրքրվում ձեր համացանցային ռեյտինգներով, գործազուրկը չի հետևում յութուբի դիսլայքերին, իսկ անհասկանալի հիվանդության պատճառով խոշոր անասնաքանակ կորցրած մարդը չի փարատվի ձեր հասցեին համացանցում ուղարկված սրտիկներով: Ինչ վերաբերում է այդ չարերի բոմժ դառնալուն, ապա ասեմ, որ համաձայն չեմ դրա հետ: Ես ուզում եմ, որ իրենց ապօրինի ձեռքբերած գույքը վերադարձվի բյուջե և ուղղվի կապիտալ վերանորոգման կարիք ունեցող 450 դպրոցներին: Մեզ ինչ, որ իրենք ֆեյքերին (կեղծ օգտատերեր) պետք է այնքան աննպատակ գումար տան, մինչև սնանկանան: Եթե վարչապետը դա չի հասկանում, ապա դա ողբերգություն է, եթե հասկանալով է ասում, ուրեմն կրկնակի ողբերգություն է: Իսկ ամենամեծ ողբերգությունը այն է, որ վարչապետի կողքին չկա մեկը, որ սթափ գնահատի իրավիճակը, հանդիպի չար մարդկանց հետ և ասի մոտավոր բանը. «Հարգելինե՛րս, դուք տարեկան ծախսում եք 45 մլրդ դրամ (թիվը պայմանական է, բայց լավ կլիներ, որ հստակ լիներ) համացանցում մեզ նսեմացնելու համար: Առաջարկում եմ այդ գումարով վերականգնել դպրոցները, որպեսզի մենք ձեզ բոլորիդ բանտեր չուղարկենք ձեր ապօրինի պահվածքի և գործած մեղքերի համար: Ի վերջո, մեր բոլորիս երեխաները ապրելու են այս երկրում, և մենք անելիք ունենք իրենց համար»:

Լավ, ոնց որ էլի ֆանտաստիկայի ժանրի մեջ եմ, չարժե այսպիսի բան անել, ավելի լավ է վերացական մեղադրանքներ հնչեցնել և հաթաթաներ տալ վերացական կերպով:

Նախախարը մե՞զ է ծառայում, թե՞ վարչապետին

Արդարադատության նախարարի հրաժարականից մեկ շաբաթ անց մենք՝ հասարակությունս, չիմացանք՝ ով ում ինչ էր խոստացել և ինչ չարեց: Նախ չհասկացանք՝ ինչ առաջադրանք էր դրել վարչապետը Արտակ Զեյնալյանի առջև և դրե՞լ էր առհասարակ, թե՞ ոչ: Մեկ տարի անց չհասկացանք՝ ինչու այդ մարդուն խնդրեցին աշխատանքից ազատման դիմում գրել սովետմիության ոգով: Վարչապետին ծանոթացնել է պետք հաշվետվողականություն բառի հետ, միևնույն ժամանակ հիշեցնել է պետք, որ և՛ ինքը, և՛ Արտակ Զեյնալյանը մեր հարկերով են մեզ ծառայում ու կառավարում մյուսներին: Վարչապետը նախարարի 1 տարվա գործունեության վերաբերյալ ասաց բառացիորեն հետևյալը. «Զեյնալյանի պարագայում կան աշխատելաոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա: Դրանց գնահատման արդյունքում եկել ենք հրաժարականի եզրակացության»:

Ի՞նչ է տալիս այս նախադասությունը: Փաստացի ոչինչ, իսկ ընդհանուր առմամբ այն, որ վարչապետը չգիտես ինչու վստահեց Արտակ Զեյնալյանին, հետո չգիտես հստակ ինչու պարզվեց, որ աշխատելաոճը ու ընկալումները այլ էին:

Եվս մեկ անգամ փորձեմ ֆանտաստիկայի ժանրում պատկերացնել, թե ինչպիսի մեկնաբանություն-պատասխան պետք է հնչեր հաշվետու վարչապետի կողմից Արդարադատության նախարարի հրաժարականի դիմումի վերաբերյալ. «Մեկ տարի առաջ առաջարկել եմ այդ պաշտոնը Արտակ Զեյնալյանին՝ հստակ գծելով դատաիրավական համակարգի ռեֆորմների ձևաչափը և ժամկետները: Կես տարի անց արդեն նկատվում էին ժամկետների ուշացման հետքեր: Մեր կառավարությունում չի կարող աշխատել ռեֆորմներից խույս տվող և ժամկետներում չտեղավորվող նախարարը»: Իսկ հիմա, խնդրում եմ, վերադարձեք և նորից կարդացեք, թե ինչ է ասել վարչապետը փաստացի: Մեկնաբանությունները և եզրակացությունները թողնում եմ ձեզ:

Վերջաբան

Ես խուսափում եմ գնահատական չտվող մարդկանցից: Ինքս գրեթե ամենօրյա ռեժիմով գնահատում եմ ընտանիքիս անդամներին, ընկերներիս, գործընկերներիս: Տղաս հացի չի գնում, գնահատում եմ այդ արարքը, ընկերս իրեն փոքրիկ նեղություն չի ուզում տալ ինձ համար կարևորագույն հարցում, կրկին գնահատում եմ այդ արարքը: Չեմ պատժում իրենց, ներում են, բայց երբեք չեմ մոռանում ու երբեք չեմ դադարում գնահատել: Եթե չգնահատել մարդկանց և երևույթները, ապա ո՞րն է մեր տարբերությունը անշունչ առարկաներից: Առանց գնահատականի մարդն ու աթոռը պարզապես կվատնեն իրենց հատկացված կյանքի ժամանակը և կդադարեն գոյություն ունենալ: Մինչդեռ կարծում եմ՝ մարդը ավելի մեծ առաքելությամբ է լույս աշխարհ գալիս, քան աթոռը: Իսկ վարչապետի մասին էլ չասեմ: Մեր երկրի ղեկավարները ցեղական կոմսեր չեն, որ մտածեն, թե պաշտոն տալն ու խլելը իրենց ցեղակրոն իրավունքն է: Իրենք պարզապես մենեջերներ են, որոնք պետք է գնահատականներ տան ամեն ինչին, արվածին ու չարվածին, իսկ որոշ ժամանակ անց հաշվետու լինեն ժողովրդին, քանզի ոչ մի երաշխիք չկա, որ այդ ժողովուրդը մի օր չի պահանջի խաչել ոչ հաշվետու իշխանությանը, ինչպես Հիսուսին: Ոչ հաշվետու ղեկավարի կոռուպցիոներ դառնալը ժամանակի հարց է, եթե նույնիսկ չգողանա պետական միջոցները, ապա հաստատ կչարաշահի իր պաշտոնեական դիրքը, որը նույնպես կոռուպցիա է։ Ինչպես ասում է դասականը, կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում, հենց սենց, ոչ հաշվետու ձևաչափով է լինում։

Արման Սուլեյմանյան

18:00 17.06.2019

Ամենաշատ ընթերցվածները