ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Սատանի կամուրջ» մուտքը արգելվում է
20:00 18.06.2019

«Սատանի կամուրջ» մուտքը արգելվում է

Օրերս ԱԻՆ լրատվական ծառայությունը տարածեց հաղորդագրություն, որտեղ նշված էր, որ Հալիձոր գյուղին հարակից մոտ 1 հա տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորել է բնակիչներին հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի:

«Սողանքային գոտուց մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն», - հայտնել էր ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Հունիսի 17-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության և Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներից ստեղծված աշխատանքային խումբը։ Տեղում ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ սողանքը ակտիվ է, գրունտը հագեցած է ընդերքային ջրերով։ Հողազանգվածի սողքի պատճառով վնաս է հասցվել երկու այգետիրոջ։ Սողանքային գոտու հարևանությամբ գտնվող այգետերերին մասնագետները հորդորել են այս ընթացքում խուսափել այգիները ջրելուց։

Տաթևի համայնքապետարանում կայացած նիստում աշխատանքային խումբը որոշեց դիմել Արտակարգ իրավիճակների նախարարություն, որպեսզի ուղարկվեն համապատասխան մասնագետներ, երկրաբաններ, որոնք տեղանքում ավելի լուրջ ուսումնասիրություն կիրականացնեն, քանի որ, եթե նույնիսկ այս պահին սողքը կանգնի, ապա աշնանն ու գարնանը կարող է ավելի մեծ խնդիրներ առաջացնել։

Նշենք, որ «Սատանի կամուրջ» մուտքը շարունակում է փակ մնալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Սեփ․ լրատվ․

20:00 18.06.2019

Ամենաշատ ընթերցվածները