ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գորայքում կրքերը չեն հանդարտվում
16:00 19.06.2019

Գորայքում կրքերը չեն հանդարտվում

2019թ․ մարտի 1-ին Գորայք խոշորացված համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը ներկայացրեց հրաժարականը։ Ինչի արդյունքում էլ հունիսի 9-ին համայնքում տեղի ունեցան ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ Առաջադրվել էր երեք թեկնածու՝ նախկին համայնքապետի տեղակալ Արտյոմ Գրիգորյանը, նախկին ավագանու անդամ Աշոտ Աղաջանյանը, Սռանակունքի նախկին գյուղապետ Մանուչար Մկրտչյանը։ Ընտրվեց Աշոտ Աղաջանյանը։

Բնակչությունը՝ երկու հակառակ թևերում

Գորայքում ընտրելու իրավունք ունեցող 1408 հոգուց ընտրությանը մասնակցեց 1071-ը՝ մոտ 76%։ 16 ձայնի առավելությամբ ընտրվեց Աշոտ Աղաջանյանը՝ 531 քվեով։ Համայնքի մեջ ներառված չորս բնակավայրում՝ Գորայքում, Ծղուկում, Սպանդարյանում, Սառնակունքում արդյունքների վերաբերյալ հնչեցին տարբեր կարծիքներ։

Մարտուն Թադևոսյանի խոսքով՝ ընտրությունները համայնքում անցան խաղաղ, և յուրաքանչյուր ընտրող կարողացավ իր կամքն արտահայտել։ «Մեր սպասումներն այս 30 տարվա մեջ առաջին անգամ արդարացան։ Ես հասկացա, որ մեր երկրում արդարություն է տիրում», - նշեց Արմեն Մարգարյանը։ Իսկ Նաիրա Բայաթյանը մայրաքաղաքից հատուկ եկել էր, որ մասնակցի ընտրություններին, ասաց, որ ձայնը տվել է Աշոտ Աղաջանյանին, վստահ է, որ համայնքի համար շատ գործեր կանի։ Անահիտ Համբարձումյանն էլ ասաց, որ ոչ ոքի չէր ճանաչում թեկնածուներից։ Հարցին, թե այդ դեպքում ինչպես է ընտրություն կատարել, պատասխանում է՝ չգիտի։

«Ընտրությունը դժվար էր այնքանով, որ երկուսն էլ արժանի մարդիկ են, որ կարող են աշխատել։ Մի տարվա ընթացքում, հուսանք, որոշ գործեր արված կլինեն համայնքի համար», - ասում է 23-ամյա Զախար Իսկանդարյանը։ Իսկ Մուրադ Մասումյանի խոսքով՝ իր համար տարբերություն չկար, թե ով կանցներ, կամ ով ընտրվեց․ «Չպետք է հրաժարական տար Առուստամ Առուստամյանը, որ մնար՝ բոլորից լավ կաշխատեր»։ Մուշեղ Գրիգորյանն էլ ասում է․ «Ընտրությունները իմ սրտով չեն, խախտումներով արդյունք է ստացվել, որին համաձայն չեմ»։

Այն մարդիկ, ովքեր նշել են, որ եղել է ամենաարդար ընտրություններից մեկը, բացահայտ Աշոտ Աղաջանյանի կողմից են, զգացվում էր, որ դեռ հեղափոխական հոսանքի ազդեցության տակ են։ Նրանց բավական է միայն այն, որ հաղթեց «Իմ քայլի» ներկայացուցիչը, և այնքան էլ էական չէ, թե համայնքի համար դրական տեղաշարժ կարո՞ղ է ապահովել, թե՞ ոչ։ Իսկ ում համար ընտրությունը դժվար էր կամ տարբերություն չկար, թե ով կհաղթեր, նախապատվությունը տալիս էր նախկին տեղակալ Արտյոմ Գրիգորյանին, անգամ Առուստամ Առուստամյանին։ Նաև կային մարդիկ, ովքեր այս ընտրությունների անհրաժեշտությունը չէին տեսնում։

Սկզբում շանս չկար, հետո խախտումներ եղան, բայց ընտրվեց

Երրորդ թեկնածու Մանուչար Մկրտչյանը մինչ համայնքների խոշորացումը Սառնակունքի գյուղապետն էր։ Առաջադրվեց, չնայած գիտակցում էր, որ չի հաղթի։ «Աշոտ Աղաջանյանի հետ նախապես պայմանավորվածություն ունեինք հանդես գալ որպես մեկ թեկնածու, քանի որ առանձին-առանձին շանսեր չունեինք անցնելու։ Եվ ես իմ 13 քվեն իրեն տվեցի»։ Արտյոմ Գրիգորյանը նշում է, որ ընտրությունների ժամանակ ուղղորդումներ են եղել և լուրջ խախտումներ։ «Որոշ ծրարների վրա կնիք կար, ինչը անօրինական է»։ Հավելենք, որ Արտյոմ Գրիգորյանը բողոքարկել է թիվ 34 ՏԸՀ, բայց մերժել են՝ հիմնավորելով, որ այդ խախտումները չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Արտյոմ Գրիգորյանը պատրաստվում է դիմել դատարան։

Զանգեցինք Աշոտ Աղաջանյանին, բայց վերջինս ագրեսիվ տոնով հայտնեց, որ չի ցանկանում մեզ հարցազրույց տալ, քանի որ իր մասին սխալ տեղեկություններ ենք հրապարակել, և անջատեց հեռախոսը։ Երկրորդ անգամ զանգեցինք, ասաց, թե ժամանակ չունի, և կրկին անջատեց։

Երիտասարդ Աշոտը նկատի ուներ «Զանգեզուր պրես» շաբաթաթերթի 2019թ․ ապրիլի 18-ի համարում զետեղված «Հիմա ի՞նչ, հանդիպե՞նք դատարանում» վերտառությամբ հոդվածը, որտեղ ընդգծել էինք, որ Աշոտը «աթոռ է ուզում»։ Մի՞թե սխալվում էինք, փաստացի այդ նույն Աշոտը համայնքապետի աթոռին է։ Բացի դրանից՝ ապրիլի 11-ին  «Զանգեզուր թիվի»  հեռուստատեսությամբ ցուցադրված տեսանյութում տեղեկացրել էինք, որ ավագանու նույն անդամը խաբեությամբ ստորագրահավաք է կազմակերպել նախկին համայնքապետ Առուստամ Առուստամյանի դեմ, որի վառ ապացույցը նույն տեսանյութում Սառնակունքի բնակիչ Արտակ Դավթյանի խոսքն է․ «Մեզ ասել են, որ ստորագրում ենք օգնություն ստանալու համար»։

Ստացվում է, որ մեկ անգամ եղել է խաբեություն․ կեղծվել են համայնքի բնակիչների մի մասի ստորագրությունները։ Իսկ եթե մեկ անգամ եղել է և մնացել անպատիժ, ինչո՞ւ չպետք է լինի երկրորդ անգամ։ Միայն թե այս անգամ էլ անիվը չջարդվի նույն փոսում։

Անուշ Միրզոյան

16:00 19.06.2019

Ամենաշատ ընթերցվածները