ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հայ մամաների մեղավորությունը
14:00 20.06.2019

Հայ մամաների մեղավորությունը

Երբևիցե մտածե՞լ եք, որ մենք չենք կարողանում կուռ պետություն դառնալ, քանի որ մեր հայ մամաները մեր տղա երեխաներին սխալ են դաստիարակում: Ինչո՞ւ եմ այդքան համոզված, կհարցնեք դուք: Շատ պարզ պատասխան․ որովհետև միայն մամաների չափից դուրս մեծ հոգատարության պատճառով է, որ մեր երկրի ղեկավարները երբեք իրենց սխալները չեն խոստովանում: Չկա սեփական սխալի խոստովանություն, չկա դրա անհապաղ շտկում և չկա, ըստ էության, զարգացում: Խոստանում եմ, եթե դուք հայ մամա եք, ապա այս հոդվածում, վստահ եմ, կճանաչեք ձեր գործողությունները: Գնացինք…

Սկսվում է մանկապարտեզից

Եթե դուք երբևիցե եղել եք հայկական մանկապարտեզի փոքրիկների հանդեսին, ապա միանշանակ տեսած կլինեք հետևյալ պատկերը: Ոչ ամենալավ ասմունքող և պարող երեխաները ստանում են կենտրոնական դերեր: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Միջին վիճակագրական հայ մաման, 100% համոզված լինելով, որ իր փոքրիկը Մոցարտի, Շեքսպիրի և Մայա Պլիսեցկայայի ուղղակի գեներ կրողն է, ամեն ինչ անում է, որ դաստիարակը հենց իր սիրելի բալիկին վստահի այդ կենտրոնական դերը: Ամենևին կարևոր չէ, թե դրա հետևանքով հանդեսի օրը երեխան դուրս կգա բեմի կենտրոն և կլալկվի, թե ոչ: Կարևոր չէ, որ դաստիարակները վարագույրի հետևից հուշելու են սուպեր հայ մամայի մռութ բալիկին, իսկ այդ երեխան ուղղակի բացելու ու փակելու է բերանը, և դուք, միևնույն է, չեք լսելու նրանից ոչ մի նորմալ բառ: Դա խնդիր է այնքանով, որ բոլոր ներկաները տեսնում են տապալված հանդես-ներկայացում, իսկ երեխան մեծանում է՝ մտածելով, որ այդպես էլ պետք է լինի, ծնողները պետք է միշտ իր համար շահեկան դիրք կորզեն, իսկ ինքը պետք է դա ուղղակի վայելի: Լավ կվայելի, թե վատ, կարևոր չէ, ինչպես կարևոր չէ, թե տուժածներ կլինեն, թե ոչ: Ակնհայտ տաղանդավոր երեխաները հաճախ են երկրորդ պլան մղվում: Մի խոսքով, երեխաների, հատկապես տղա երեխաների, այլասերումը այն իմաստով, որ իրենք արժանի չեն փոքրիկ, աննշան դերի, սկսվում է մանկապարտեզից: Մենք հոգատար ազգ ենք, մեր կանայք ավելի շատ են սիրում իրենց երեխաներին, քան այլ ազգերի կանայք: Հասկանում եք, չէ՞, որ դա կատարյալ հիմարություն է, բայց մենք հավատում ենք դրան սրբորեն և վստահորեն մանկուց դաստիարակում ենք երեխաներին ոչ իրենց խելքին, հմտություններին և կարողություններին համապատասխան:

Բակ-դպրոց-համալսարան

Միայն այն փաստը, որ 90 տոկոս դպրոցականներն ու ուսանողները սովորում են միայն նրա համար, որ գոհացնեն իրենց ծնողներին, արդեն կարելի է կոչել համազգային ողբերգություն: Ես հաճախ եմ փոքրիկ հարցումներ անում բարձր դասարանցիների և ուսանողների շրջանում: Նրանք, հիմնականում, ուղղակի հնազանդ կերպով նստած են իրենց ծնողների պատրաստած նավակում, իսկ ծնողների՝ հիմնականում մամաների, ցանկությունների հոսանքը քշում է նրանց այնքան ժամանակ, քանի դեռ նավակը չի բախվել կյանքի ստորջրյա խութերին:

Իրականության խութերը բազմաթիվ են: Օրինակ, տղամարդու լիարժեք կայացման մեջ դեր է խաղում նաև բակային կյանքի փորձը: Նկատել եմ, որ տանը նստած, համակարգչային խաղերով տարված տղա երեխաները ավելի մեծ խնդիրներ են ունենում հետագայում, քան բակում ունք ջարդած, աչք կապտեցրած, հեծանիվից ընկած տղաները: Այդ ամենը ակնհայտ է դառնում նախևառաջ բանակում:

Երեխա-բանակ

«Իմ էրեխեն չի ծառայելու, լույս աշխարհ եմ բերել, որ տանեն առաջնագիծ, սպանե՞ն բալիս: Փող եմ հավաքելու, որ չծառայի»: Քանի՞ անգամ եք անձամբ դուք լսել այսպիսի արտահայտություն: Ես զբաղված մարդ եմ ու հաճախակի չեմ մասնակցում հայ մամաների սրճային հանդիպումներին, սակայն իմ վիճակագրությունը նշում է ավելի քան 20 թիվը: 20 տարի առաջ եմ ծառայել բանակում, մայրս խիստ դաստիարակության կողմնակից է և ինձ ոչինչ չէր ուղարկում զորամաս: Երբ նայում եմ այսօրվա ծառայողներին ուղարկվող հանձնուքները, ապա տպավորություն է, թե նրանք բանտում են, այլ ոչ բանակում: Ի դեպ, հայ մամայի համար բանակում իր որդու ծառայելը ավելի շատ բանտային կալանքի պես մի պատիժ է, քան հնարավորություն խոսելու նրա հետ ինքնուրույնության մասին, նրա մասին, որ միայն ինքնուրույն տղամարդը կարող է հաջողակ ընտանիք կազմել և լավ մարդ դառնալ առհասարակ, այլ ոչ մամայի բալա մինչ խոր ծերություն:

Երեխա-աշխատաշուկա

Հայաստանում իսպառ բացակայում է կամավորության ինստիտուտը: Միևնույն ժամանակ զարգացած երկրներում դրան մեծ նշանակություն են տալիս: Եկեք պատկերացնենք, որ մեր սիրելի հայ մամաների բալիկները մի 6 ամիս ծերանոցում կամավոր կաշխատեն: «Է՜դ էր պակաս, խալխի պառավի արտաթորանքը էրեխես մաքրի»:

Կամ, օրինակ, մանկապարտեզի բակը աղբից մաքրի: «Է՜դ էր պակաս, փող ենք տալիս, թող մարդ վարձեն, մաքրեն»: Օրինակներ շատ կարող եմ բերել, վստահ եմ, դուք հասկացաք, որ խոսքս հայ երեխաների էգոիզմի աստիճանի մասին է, որը սերմանում ու զարգացնում են հենց հայ մամաները: Ինչո՞վ է վտանգավոր երեխայի էգոիզմը: Օ՜, հավատացնում եմ, դրա պտուղները բոլորս ենք զգացել մեր մաշկի վրա: Էն, որ մի բանը 10 անգամ ես ասում զավակիդ, որ վերջապես տեղից շարժվի, անի: Էն, որ դասերը սովորում է՝ ձեզ «ադալժենի» անելով, իբր դա առաջին հերթին իրեն պետք չի: էն, որ ձեզ բանկոմատ են դիտարկում՝ անընդհատ իրենց համար ինչ-որ բաներ գնելու համար: Այստեղ դաստիարակությու՛նը մեղք ունի, որ մեր հայ մամաները մեր երեխաներին էգոիստ են մեծացնում: Վերջին 10 տարում չեմ հանդիպել հայ երիտասարդի, որը կգա աշխատանքի ընդունվելու և կասի, որ պատրաստ է կամավոր որոշ շրջան աշխատել, քանի որ մեր բուհերը չեն տվել իրեն համապատասխան կրթություն, որպեսզի ինքը անմիջապես որակյալ աշխատանքի անցնի: Իսկ որ բուհերը իրականության հետ աղերս չունեցող կրթություն են տալիս, բոլորս գիտենք:

Երեխա-պաշտոնյա

Բնականաբար, մի օր մեր սիրելի հայ մամայի սիրելի, էգոիստ, երես առած, բանակից փողով ազատված, ծանոթով գործի ընդունված երեխան դառնում է պաշտոնյա:

Միանգամից անցնենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց: Երբևիցե լսե՞լ եք, որ նախագահը, վարչապետը, նախարարը խոստովանեն իրենց գործած սխալները կամ, ասենք, ներողություն խնդրեն կամ հրաժարական տան այդ պատճառով: Երբեք այդպիսի բան չի եղել, քանի որ մեր բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց դաստիարակել են․․․ ովքե՞ր, ճիշտաաաաաա, մեր շատ սիրելի մամաները, որոնք իրենց, մանկապարտեզից սկսած, հուշել են, որ իրենք ամենատաղանդավորն են, որ իրենք անսխալական են, որ բոլորը մեղավոր են, բացի իրենցից, որ ժողովուրդը, ինչպես ծնողները մանկապարտեզի հանդեսին, պետք է շնորհակալ լինի իրենց՝ անկախ այն հանգամանքից, թե որքան «անսլուխ» են իրենք երգում, պարում, կառավարում: Հայ մամաներին մեղադրում եմ, քանի որ պապաները անընդհատ դուրսն են և անմիջական մեծ դեր չեն խաղում երեխաների կյանքի այդ փուլերում։ Պապաները մամաների ճնշման տակ պարզապես հանցակից են այն ամենի, ինչ նկարագրվեց այս հոդվածում: Պապաներն են հանձնուք տանում բանակ, քանի որ հայ մաման ուղեղը սղոցել է իրենց բալիկի սոված լինելու փաստարկով: Ախր գիտե՛ք, որ ճիշտ եմ ասում: Եթե հայ մամա եք և ունեք ասելիք, մուննաթ, ցասում, որը ուզում եք արտահայտել իմ հասցեին, ապա սիրով կսպասեմ [email protected] էլեկտրոնային հասցեով:

Կարծում եմ՝ հիմա արդեն պարզ է, չէ՞, որ ո՛չ Նիկոլը, ո՛չ Սերժը, ո՛չ էլ եսիմ ով չի փրկի մեր պետությունը, քանի դեռ հայ մամաները չեն փոխել իրենց վերաբերմունքը մեր երեխաների նկատմամբ: Մեզ պետք է սպանել մեր ծնողներին մեր մեջ, հրաժարվել իրենց մոտեցումներից, մեր երեխաներին թողնել հանգիստ և ինքնուրույն, քանի որ հենց դրանից է կախված պետության զարգացումը:

Բոնուս պատմություն

Ընկերներիցս մեկի երեխան 3 տարեկան էր ու չէր խոսում: Տանում են բժշկի մոտ, բժիշկը ասում է՝ չխոսելու պատճառը ուշադրությունն է: Բարեկամները ընկալում են անուշադրություն ու սկսում են լեզվակռիվ բժշկի հետ, թե՝ այ բժիշկ ջան, ձեռը տնգումա թե չէ՝ 2 մորքուր, 3 քեռի, պապա, մամա, տատի, պապի, բոլորով, ամենքը մի առարկա ձեռքը, առաջարկում ենք բալիկին: Բժիշկը ծիծաղում է և շարունակում՝ բա տեսնու՞մ եք, երեխան կարիք չունի խոսելու, քանի որ ամեն ինչ սկուտեղի վրա մատուցում եք: Անտեսեք նրան, և նա ստիպված կլինի անվանել առարկաները, խոսել ձեզ հետ:

Արման Սուլեյմանյան

14:00 20.06.2019

Ամենաշատ ընթերցվածները