ԱՎԵԼԻՆ

Մամուլ

2020-ին Կապանը նոր մանկապարտեզ կունենա
17:00 21.06.2019

2020-ին Կապանը նոր մանկապարտեզ կունենա

Հունիսի 6-ին Կապանի համայնքապետարանի և «Չաարատ Կապան» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվեց սոցիալ-տնտեսական համագործակցության հուշագիր։  Ըստ հուշագրի ընկերությունը պարտավորվեց 100 միլիոն դրամ հատկացնել համայնքին՝ Լեռնագործների 16 հասցեում կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքների համար։ Նախատեսված գումարից 2019-ին կտրամադրվի 70 միլիոնը, իսկ 2020-ին՝ 30 միլիոնը։ Հիշեցնեք, որ Լեռնագործների 16 հասցեում կառուցվող մանկապարտեզի շենքը տեղակայված է Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի Դ մասնաշենքում։ 

Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը մեզ հետ զրույցում ևս մեկ անգամ շեշտեց, որ այսօր Կապանը խիստ կարիք ունի նոր մանկապարտեզի։ Գրեթե բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում կան հերթագրված երեխաներ, բայց հարց այն է, թե արդյոք հնարավոր կլինի եկող ուսումնական տարվանից բոլորին ընդունել։ Ըստ Փարսյանի՝ մանկահասակ երեխաների թիվը համայնքում տարեցտարի աճում է։ Գործող մանկապարտեզների մեծ մասն էլ գերծբեռնված խմբերով է աշխատում:

Կառուցվելիք մանկապարտեզը կթեթևացնի Ռաֆայել Մինասյան, Աշոտավան, Արփիկ, Լենհանքեր, Դավիթ-Բեկ թաղամասերի այն բնակիչների հոգսը, որոնցից շատերը այս տարիների ընթացքում ստիպված են եղել իրենց երեխաներին տանը պահել կամ այլ տարբերակ որոնել:

Դեռևս 2014թ․ ՀՀ կառավարությունը 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման նպատակով նշված դպրոցական մասնաշենքը տրամադրեց համայնքին՝ նոր նախակրթարանի համար։ Համայնքապետարանը նախատեսում էր մանկապարտեզը վերջնական տեսքի բերել 5 տարվա ընթացքում, սակայն ժամկետները երկու տարով ձգվեցին։ Քանի որ զգալի ֆինանսական միջոցների ներդրման անհրաժեշտություն կար, փուլ առ փուլ են իրականացվել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, շինության մասնակի քանդման աշխատանքները, անցյալ տարի էլ շինարարները վերակառուցման աշխատանքների ընթացքում շենքի սեյսմակայունությունն են ավելացրել։  Առաջին հարկում գտնվող հիմնական սյուները 10 սմ լայնացվել են, հիմքերի ուժեղացում է կատարվել։ 80-ական թվականներին կառուցված շենքը այժմ 9 բալ սեյսմակայություն է ապահովում, որն իրականացրել է «ԱՎԱ-Բիլդինգ» ՍՊ ընկերությունը։

Նելլի Միրզախանյան

17:00 21.06.2019