ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Իրանի ՓՊ նախագահը հայկական կողմի հետ քննարկել է իրանցի 14 դատապարտյալների էքստրադիցիայի հարցը
16:00 22.06.2019

Իրանի ՓՊ նախագահը հայկական կողմի հետ քննարկել է իրանցի 14 դատապարտյալների էքստրադիցիայի հարցը

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ներկայումս պահվում է շուրջ 100 իրանցի դատապարտյալ: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության  Փաստաբանների  պալատների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Իրանի ՓՊ նախագահ Իսա Ամինին:

Նա տեղեկացրեց, որ հանդիպել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հետ և քննարկել իրանցի ազատազրկված անձանց պահման պայմանների, դատապարտյալների զբաղվածության ապահովման, ինչպես նաև արտահանձնման հետ կապված հարցեր:

«Հասկացանք, որ իրոք մարդկային վերաբերմունք է ցուցաբերվում այդ անձանց նկատմամբ, մենք այդ անձանցից մի քանիսի հետ հանդիպել ենք: Խոսեցինք նաև իրանցի դատապարտյալների արտահանձնման հարցի շուրջ: Ներկայումս ցանկանում ենք Իրան տեղափոխել 14 դատապարտյալի, և եթե համաձայնություն լինի, նրանք կարող են իրենց պատիժը կրել Իրանում, սակայն դեռ որոշումը չկա»,- ասաց Իրանի ՓՊ նախագահը:

 Ըստ Իսա Ամինիի` իրանցի դատապարտյալների արտահանձման հարցի շուրջ քննարկում եղել է նաև Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի հետ:

«Մենք այդ հանդիպման ընթացքում քննարկեցինք այդ 14 դատապարտյալների հարցը, և այն իրավաբանական տվյալները, որոնք ներկայացրեցինք այդ հարցի հետ կապված, շատ դրական արձագանք ստացան հայկական կողմից: Նախարարի հետ կքննարկեն հարցը: Հուսով եմ, դատապարտյալների տեղափոխման խնդիրը կլուծվի, ինչպես նաև այլ իրավական հարցերում կկարողանանք դրական արդյունքների հասնել»,- ընդգծեց Իրանի ՓՊ նախագահը:

Նա նաև բարձր գնահատեց ՀՀ փաստաբանական պալատի անձնակազմի աշխատանքը՝ շեշտելով, որ պալատը ունի երիտասարդ, դինամիկ և եռանդուն թիմ:

«Մենք ստորագրել ենք մի համաձայնագիր, որպեսզի կարողանանք միմյանց ցուցաբերել իրավական փոխօգնություն և հանրային պաշտպանի ոլորտում ունենալ համատեղ համագործակցություն: Երկրորդ հանգամանքը հետևյալն է, որ կարողանանք փորձի փոխանակում իրականացնել և հասկանալ, թե ինչ խնդիրներ ունենք: Հետագայում կկազմակերպենք համատեղ սեմինարներ, որոնք կօգնեն երկու երկրների փաստաբաններին  ավելի արդյունավետ պաշտպանել քաղաքացիների իրավունքները»,- եզրափակեց Իսա Ամինին:

Կարեն Խաչատրյան

Աղբյուր՝ Արմենպրես

16:00 22.06.2019

Ամենաշատ ընթերցվածները