ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ա․դը Սենտ-Էքզյուպերի․ «Փոքրիկ իշխանը»
20:00 22.06.2019

Ա․դը Սենտ-Էքզյուպերի․ «Փոքրիկ իշխանը»

Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ միլիոնավոր մարդիկ էին զոհվում, օդաչու և գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ստեղծեց այս վիպակը կամ հեքիաթը։ Ժանրը այս դեպքում կարևոր չէ։ Ֆրանսիացի գրողը խոսում էր հոգևոր արժեքների մասին՝ այդ կերպ հակադրվելով «լուրջ» մեծահասակների հոգու դատարկությանը։ «Փոքրիկ իշխանը» այսօր էլ շարունակում է փնտրված զրուցակից մնալ մեծահասակների ու փոքրերի համար։

Փոքրիկ իշխանը ապրում է իրենից մի քիչ մեծ մոլորակում։ Արթնանալուց հետո սովորաբար կարգի է բերում ոչ միայն իրեն, այլև իր մոլորակը։ Առօրյա կարևոր հոգսերից մեկն էլ բաոբաբի ու վարդի ծիլերը միմյանցից զատելն էր։ Եթե արմատահան չարվեն բոլոր  բաոբաբները, ապա դրանցով կպատվի ամբողջ մոլորակը։

Անապատում հարկադիր վայրէջք կատարած օդաչուին փոքրիկ իշխանը իր կյանքի պատմությունն է անում և շեշտում․ «Ես մի ծաղիկ գիտեմ, մի եզակի ծաղիկ, որն աճում է միայն իմ մոլորակում, և եթե հանկարծ մի առավոտ գառնուկի խելքին փչի ուտել տիեզերքի այդ միակ ծաղիկը առանց իրեն հաշիվ տալու, թե այդ ինչ է անում, մի՞թե դա կարևոր չէ, հը՞»։ Հենց այդ եզակի ծաղիկը՝ վարդն է պատճառ դառնում, որ փոքրիկ իշխանը որոշում է հեռանալ իր մոլորակից։ Հիմա մեղադրում է իրեն, թե ինչու նրա մասին կարծիք կազմեց՝ միայն խոսքերին, ավելի ճիշտ՝ մանր խորամանկություններին նայելով։ Իսկ գործերը մոռացավ․ «Նա բուրմունք էր տարածում իմ շուրջը, նա լուսավորում էր իմ կյանքը։ Ես իրավունք չունեի փախչելու»։

Ճանապարհորդության  ընթացքում տարբեր մոլորակներում տարօրինակ մարդկանց է հանդիպում։ Առաջինը թագավորն էր, որ բոլորին իր հպատակներն էր համարում։ Ճիշտ է, նա բարի թագավոր էր և ձգտում էր միայն խելացի հրամաններ արձակել․«Եթե ես մի գեներալի հրամայեմ ճայ դառնալ, և եթե գեներալը ինձ չենթարկվի, ապա մեղավորը գեներալը չի լինի։ Մեղավորը ես կլինեմ»։ Այնուամենայնիվ, փոքրիկ իշխանը չէր հասկանում, թե այդ շատ փոքր մոլորակում ինչի վրա էր թագավորում միապետը։

Գործարարն էլ, որ իրեն լուրջ մարդ է համարում, շարունակ աստղերն է հաշվում։ Աստղերին նայելու ու երազելու ժամանակ չունի։ Դա ծույլերի գործն է։ Նա հաշվում է և աստղերը իրենն է համարում․ «Որովհետև ինձնից առաջ ոչ մեկի մտքով չի անցել աստղեր ունենալ»։ Մինչդեռ լուրջ բաների մասին փոքրիկ իշխանը բոլորովին այլ պատկերացում ունի։ Նա ամեն օր ջրում է իր միակ ծաղիկը և մաքրում իր հրաբուխների ծխնելույզները։ «Իմ հրաբուխներն ու իմ ծաղիկը գոհ են, որ ինձ են պատկանում։ Իսկ դու ոչ մի օգուտ չես տալիս քո աստղերով», - ասում է փոքրիկ իշխանը գործարարին։

Միայն լապտերավառն է զբաղված օգտակար գործով։ Նրա մոլորակը այնքան է արագացնում պտույտները, որ հանգստի ժամանակ չի մնում․ մեկ րոպեի ընթացքում ստիպված է լինում և՛ հանգցնել, և՛ վառել լապտերը․ «Երբ նա վառում է իր լապտերը, կարծես մի նոր աստղ կամ ծաղիկ է ծնվում։ Երբ լապտերը հանգցնում է, կարծես աստղը կամ ծաղիկը քնում է։ Շատ գեղեցիկ զբաղմունք է։ Եվ դա իսկապես օգտակար է, որովհետև գեղեցիկ է»։ Լապտերավառը ծիծաղելի կամ տարօրինակ չէ, քանի որ զբաղված է միայն իր գործով։

Երկիր մոլորակում փոքրիկ իշխանը անչափ շատ գեղեցիկ վարդեր է տեսնում և հասկանում, որ նրանք դատարկ են, ոչ ոք չի զոհի իր կյանքը հանուն նրանց։ Իսկ իր ծաղիկը միակը և ամենաթանկն է․ «Որովհետև ես միայն նրան եմ ջրել»։ Ինքն այսուհետ պատասխանատու է իր վարդի համար․ «Եթե դու մի ծաղիկ ես սիրում, որը գտնվում է ինչ-որ աստղի վրա, գիշերները, երբ նայում ես երկնքին, դու քեզ լավ ես զգում։ Քեզ թվում է, թե բոլոր աստղերը ծաղկել են»։

Իսկ օդաչուն հասկանում է, թե փոքրիկ իշխանի մեջ ինչն է իրեն հուզում․ «Դա նրա հավատարմությունն է իր ծաղկի հանդեպ, դա այն վարդի պատկերն է, որը կանթեղի պես լուսավորում է նրա հոգին նույնիսկ այն ժամանակ, երբ նա քնած է»։ Հրաժեշտից առաջ փոքրիկ իշխանը օդաչուին ասում է, որ բոլոր մարդիկ էլ աստղեր ունեն։ Դրանք տարբեր աստղեր են։ Ճանապարհորդների համար ուղեցույցներ են, գիտնականների համար՝ չլուծված խնդիրներ, գործարարի համար՝ ոսկի, մյուսների համար՝ պարզապես փոքրիկ լույսեր։ Նա օդաչուին խոստանում է բոլորովին ուրիշ աստղեր և հորդորում գիշերները երկնքին նայել․ «Քեզ կթվա, թե բոլոր աստղերը ծիծաղում են, որովհետև ես արդեն կլինեմ այդ աստղերից մեկի վրա և կծիծաղեմ այդ աստղերից մեկի վրա։ Դու կունենաս աստղեր, որոնք ծիծաղել գիտեն․․․»։

Իր հերթին օդաչուն ընթերցողներին, որ թերևս հասցրել են սիրել փոքրիկ իշխանին, հորդորում է նայել երկնքին և չմոռանալ ինքն իրեն հարցնել․ ««Ոչխարը կերա՞վ, թե՞ չկերավ ծաղիկը»։ Եվ դուք կտեսնեք, թե ինչպես է ամեն ինչ փոխվում»։

Պատերազմները սկսվում են, ավարտվում, նորից սկսվում։ Դրանք սովորաբար նյութի համար են մղվում։ Իսկ Սենտ-Էքզյուպերին պատերազմ է մղում այլ արժեքների համար՝ մարդկանց ու կյանքի հանդեպ անսահման սեր, պատասխանատվություն, հավատարմություն, բարություն, ընկերություն․․․ Հավերժական պատերազմ հավերժական արժեքների համար։

Արթուր Իսրայելյան

20:00 22.06.2019

Ամենաշատ ընթերցվածները