ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սիրված ֆիզղեկը
12:00 23.06.2019

Սիրված ֆիզղեկը

Պողպատյա մարդ․ այդպես են նկարագրել ժամանակակիցները նրան, ում համար խոչընդոտ գոյություն չի ունեցել …

Սամվել Հայրապետյանը ծնվել է 1942թ․ Լեռնաձորում (ներկայումս՝ Քաջարան խոշորացված համայնքի կազմում), կոլտնտեսականի ընտանիքում: Ծննդավայրում սովորել է երկու ուսումնական տարի: 1951թ․ ընտանիքը տեղափոխվել է Ողջի բանավան (1953թ.-ից ներառված է Քաջարան քաղաքատիպ ավանի կազմում):

Միջնակարգն ավարտելուց հետո աշխատել է պղնձամոլիբդենային կոմբինատում, ապա ծառայել խորհրդային բանակում, իսկ զորացրվելուց հետո՝ 1966թ․, ընդունվել Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական մանկավարժական ինստիտուտ, ավարտել 1972թ․:

Մանկավարժական գործունեությունը սկսել է 1970թ. Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, աշխատել նաև տեղի թիվ 2 դպրոցում, արհեստագործական ուսումնարանում, ամառային արձակուրդին՝ պիոներական ճամբարում: Վերոնշյալ կրթօջախներում էլ վաստակել է հմուտ մանկավարժի համարում:

1973թ․ նշանակվել է Քաջարանի մարզադպրոցի տնօրեն և աշխատել մինչև կյանքի վերջը: Մանկավարժական առաքելության հաջողությունն է վկայում կադրերի ստվար խումբը՝ լեռնագործներ, զինվորականներ, մանկավարժներ, մարզիկներ և այլն:

Ժամանակին այն տարածաշրջանում գործող «Գանձասար» պիոներական ճամբարը ամառային արձակուրդներին համախմբել է շատերին:

Այստեղ աշխատած մարդիկ և հանգստացած դպրոցականները այժմ հիշելու և պատմելու շատ բան ունեն: Սամվել Հայրապետյանը եղել է ճամբարի ֆիզղեկը:

Ճամբարում Սամվել Հայրապետյանի հերթապահության օրն է, իսկ երբ նա է հերթապահում, ուրախ են բոլորը …

Ինչու՞․ որովհետև հոգատար էր անչափ, հրաշալի գիտեր տարածքը, լցնում էր առօրյան հետաքրքրություններով, նրան գնահատում, սիրում էին …

«Քչախոս էր, հայացքն ու դիմախաղը շատ բան էին արտահայտում…, - զրուցակիցս Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Հասմիկ Գալստյանն է՝ անվանի մանկավարժ, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, քաղաքի թիվ 1 դպրոցի երկարամյա տնօրեն, Քաջարան քաղաքի պատվավոր քաղաքացի Վանյա Գալստյանի (ով նաև ղեկավարել է վերոնշյալ ճամբարը) դուստրը, - աշխատել ենք միասին, լավ ու հիշվող օրեր անցկացրել…

Գիտե՞ք, հետաքրքիր էր նման մարդու հետ, ում մեծությունը, մտքի խորությունը սահմաններ չեն ունեցել… Սամվելն անհանգստանում էր բոլորիս համար, և երբ արշավներ էր կազմակերպում մոտակա լեռնագագաթները՝ արևածագ դիտելու, նախօրոք հոգում էր երթուղու, արշավականների անվտանգության, խարույկի նախապատրաստության, տաք հագուստի ու սննդի հարցերը: Այլ էին մտածելակերպն ու երեխաներին դաստիարակելու մեթոդը. անտառային զբոսանքների ժամանակ հայրենի բնաշխարհի առանձնահատկություններին էր ծանոթացնում, վայրի բնությունում գոյատևելուն, իր կենսախնդությամբ վարակում բոլորին: Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել են բազում մարզական միջոցառումներ, մասնավորապես՝ շրջանային «Փայլակ» սպորտային խաղ- մրցույթը, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 40-ամյակին նվիրված միջոցառման մարզական մասը Քաջարանում և այդպես շարունակ…»։

Սամվելին գիտեին շատ լավ նաև Քաջարանից դուրս:

«Ընկերասեր, ազնիվ, պարտաճանաչ, գործի գիտակ, պատասխանատու և հետաքրքրասեր մարդ, ում նաև գնահատում էր ժողկրթության բաժնի այն տարիների վարիչ Կիմ Խաչատրյանը», - ընկերոջն ամիսներ առաջ այսպես բնութագրեց Բենիկ Անդրեասյանը (շրջանային ժողկրթության բաժնի նախկին գլխավոր հաշվապահ):

Կինը՝ Քաջարանի համայնքապետարանի գրադարանների միավորման նախկին տնօրեն Սինարա Համբարձումյանն է, երկու երեխաները՝ Ներսեսն ու Սաթենը, արդեն թոռներ են պարգևել նրանց:

«Հենց գրադարանում էլ ծանոթացել ենք, - պատմեց կինը՝ ցույց տալով մարզիկ-մանկավարժի առօրյան ու գործունեությունը լուսաբանող բազմաթիվ լուսանկարները… - Նա լուսանկարներում էլ այդպիսինն է. միշտ շրջապատված ընկերներով, աշակերտներով, լեռնագնացությամբ զբաղվելիս կամ՝ ուղղակի բնության գրկում…»։

Մեկը, ով քաղաքը ներկայացնողներից էր, նրա պատմությունը կերտողներից…

Լիլիթ Իսրայելյան

12:00 23.06.2019

Ամենաշատ ընթերցվածները