ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ինքնանկար՝ ծաղիկների տեսքով
13:00 23.06.2019

Ինքնանկար՝ ծաղիկների տեսքով

Գեղանկարիչ Հրանտ Դանիելյանը ծնվել է 1960թ․ Կապանում, հասակ առել նկարչի ընտանիքում։ Ավարտել է գեղարվեստի դպրոցը, ապա Մոսկվայի ժողովրդական արվեստի համալսարանը։ Կիևի պետական գեղարվեստի ինստիտուտի ազատ ունկնդիր է եղել։ Ունի տարաբնույթ թեմաներով հարյուրավոր կտավներ, տասնյակ ցուցահանդեսներ է ունեցել երկրում ու արտերկրում։ Նրա կտավներում, ինչպես ինքն է ասում, իր հանդարտ էությունն է։ Գեղանկարչի համար նկարելու արվեստը կենսական պահանջ է, ապրելու կերպ, որի հիմքում սերն է։

Արվեստանոցում ամենահետաքրքիր կտավներից մեկը նկարչի «դիմանկարն» է, որը կարծես բոլոր ձևաչափերից դուրս է։ Հրանտ Դանիելյանը վրձնել է ծաղիկներ՝ ծաղկամանում, ասում է՝ այնտեղ իր էությունն է։

«Սկզբնական շրջանում նատյուրմորտներ էի վրձնում՝ որտեղ ազգային, ավանդական իրեր էին՝ կարպետներ, կուժ, ժենգլյալով հաց, նաև փողոցային պատկերներ՝ «Մեր հին փողոցը», «Հիշողություն»։ Տարիներն անցան, փոխեցի գունային գամման, ստեղծեցի ծաղիկների շարք և՛ ռեալիստական չափանիշներով, և՛ ազատ ոճի մեջ»։

Հրանտ Դանիելյանն ասում է՝ ծաղիկների միջոցով կարելի է նուրբ ու հաճելի զգացողություններ արթնացնել, վեհություն պարգևել։ Գեղանկարչի կտավներն աչքի են ընկնում մեղեդայնությամբ, արվեստանոցում նկարների շարք կա, օրինակ «Անդորրը», «Մեր փողոցը», «Նանեն», «Բիբլիական Արարատը», որոնք յուրահատուկ կապույտ երանգ են ստացել։ Երազում հաճախ էր տեսնում իրենց հին փողոցը, ծուռ ու մուռ շենքերը՝ հնամաշ ու կիսաքանդ, դրա համար կապույտով է արել։

Հարցին, թե արդյո՞ք չի ցանկանում վաճառել այս կտավները, որոնք, օրինակ, մի քանի հարյուր հազար դրամ արժեն, գեղանկարիչն ասում է, որ ափսոսում է։ «Գործեր կան, որ չեն կարող կրկնվել, որոնք արվել են 20, 30, 40  տարի առաջ, և որոնցից ընդամենը մի քանի նմուշ է մնացել»։

Գեղանկարչի արվեստանոցը երկհարկանի է, առաջին հարկում նկարում է, իսկ երկրորդում՝ հավաքում ու պահպանում Դանիելյանների հին իրերը։ Պատվավոր տեղ է հատկացված Գուրգեն Մահարու նամակին՝ ուղղված հորը՝ Արամայիս Դանիելյանին։ Նամակում Մահարու հուշերն են աքսորավայրից։ Հորեղբոր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Պարգև Դանիելյանի գերմանական սաղավարտն է այստեղ, հին ատրճանակ, հեռախոսներ, արդուկ, շաքարջարդիչ, ժամացույց, թեյնիկներ, լուսանկարներ և այլն։ Հին իրերն էլ ժամանակ առ ժամանակ դառնում են կտավ, իսկ առհասարակ, նկարելիս կարևորը ընդամենը կամքի ուժ է պետք, քանի որ դու ես ու սպիտակ կտավը, ինչպես մենամարտում՝ կամ պետք է պարտվես, կամ հաղթես։

Անուշ Միրզոյան

13:00 23.06.2019

Ամենաշատ ընթերցվածները