ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հեգնանքով հաթաթա
16:00 25.06.2019

Հեգնանքով հաթաթա

Վեց ամիս անց նույնիսկ Ազգային ժողովի ամբիոնից պատգամավորները դեռ հարաբերություններ են պարզում միմյանց հետ: Ոմանք ատելության մթնոլորտից են խոսում, մյուսները հեգնելու-չհեգնելու ձևաչափից, սա կարելի է, սա չի կարելի, այսպես չարժե, այնպես արժե խոսել, արտահայտվել, ինքնադրսևորվել: Կես տարի է՝ չենք կարողանում հասնել պատգամավորների բովանդակային աշխատանքին, քանի որ հիմնականում հարաբերություններ են պարզում ու դեղին մամուլին ուրախացնում: Կոռուպցիայի դեմ պայքար չկա, դատական տեսանելի ռեֆորմ չկա, հարկային փոփոխություններ չկան, ու էլի շատ բան չկա, որոնց ճանապարհային քարտեզը գոնե պետք է լիներ:

Ընդդիմությունը պետք է հեգնի, ձեռք առնի, կծի, մրի իշխանություններին միշտ ու ամենուրեք: Իշխանությունն էլ պետք է գործ անի, որ գալիք ընտրություններին ցույց տա արվածը ու խնդրի ևս մեկ ժամկետ ընտրողներից: Հավատացնում եմ, ոչ մեկս հաշվի չենք առնելու այն հանգամանքը, թե ներկա իշխանությունները քանի անգամ են Լուսավորի ու Բարգավաճի «պորտը տեղը դրել»: Հետաքրքիր չէ, անկեղծ։ Իշխանությանը միշտ էլ պետք է բզեն թե՛ ընդդիմադիրները, թե՛ լրագրողները, թե՛ քաղաքացիները: Ոչ մի իշխանություն, հատկապես ոչ մի հայկական իշխանություն, կամավոր իրեն չի կոտորում, որ քաղաքացիների բարեկեցության համար մի բան ավելի անի: Սովորաբար անում է այնքան, ինչքան բավարար է, որ իրենց չանիծեն: Դե գիտեք, պաշտոնը մարդկանց լճացնելու ունակություն ունի: Կառավարական դաչա է, անվտանգություն է, կարևոր գործուղումներ, բավարար պատճառ կա միշտ արդարանալու ինչ-որ բանով ու կիսատ թողնել կոնկրետ անելիքները:

Ասում են, իմաստությունը խելացիությունից տարբերվում է նրանով, որ խելացի մարդը միշտ տեղյակ է՝ ինչպես կարգավորել խնդիրը, իսկ իմաստունը ուղղակի չի հայտնվում խնդրի մեջ: Այնպես որ, հասուն քաղաքական մարդիկ պետք է ամեն ինչ գնահատեն ու չնեղանան, այլ՝ հետևություններ անեն:

«Զանգեզուր պրես»

16:00 25.06.2019

Ամենաշատ ընթերցվածները