ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սահմանադրական բոլոլա
18:00 25.06.2019

Սահմանադրական բոլոլա

Մի շաբաթ է, ինչ Սահմանադրական դատարանի վերաբերյալ բոլոլա է սկսվել: Բավական էր, որ իշխող կուսակցությունը Վահե Գրիգորյանի թեկնածությունը առաջադրեր Ազգային ժողովին, հայտնի իրավաբանը մոտեցավ ամբիոնին ու ոչ ավելի, ոչ պակաս, հայտարարեց, որ ինքը պատրաստ է զբաղեցնել Սահմանադրական դատարանի նախագահի տեղը, քանի որ 2015թ. փոփոխություններից հետո ՍԴ անդամները լեգիտիմ չեն, և պետք է լինեն դատավորներ, այլ ոչ անդամներ: Ժողովուրդը ոչ մի բան չհասկացավ, այսինքն հասկացավ այն, որ ՔՊ թեկնածուն գործուղվում է ՍԴ-ն ներսից կազմաքանդելու և վերջ դնելու այն խարդավանքներին, որոնք առաջացան Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի ՍԴ դիմելուց հետո: Ու մինչ իրավաբանները փորձում են մեկնաբանել այս իրարանցումը իրավական տեսանկյունից, մեջբերելով տարբեր հոդվածներ և իրավական բացատրություններ, մենք ավանդական կերպով կխորանանք իրադարձությունների բովանդակության մեջ, այլ ոչ երբեք մանիպուլյատիվ մեկնաբանություններում:

Կամակատար դատարան

Հայաստանի դատական իշխանության ողբերգությունն է, որ դատավորները կամ նրանց զգալի մասը սպասարկել են նախկին իշխանությունների շահը: Կարծես հիմա էլ, երբ Վահե Գրիգորյանը յուրովի մեկնաբանում է սահմանադրությունը և հայտարարում, որ ինքն է որ կա Սահմանադրական դատարանի նախագահ, փորձ է կատարվում հոգեբանական ճնշման ենթարկել ներկայիս դատավորներին: Ակնհայտ է, որ իշխող ուժը սատարում է Վահե Գրիգորյանին, բայց դա չի նշանակում, որ բոլոր դատավորները բոլոր դատարաններում պետք է սպասարկեն կամ մտերիմ լինեն օրվա իշխանությունների հետ: Գրագետ կլիներ, եթե ազատ, արդար վերջին ընտրությունների միջոցով ընտրված քաղաքական ուժերը նույն համամասնությամբ փորձեին դատավորների թեկնածուներ առաջադրել և լոբբինգ անել: Միևնույն ժամանակ դատական իշխանությունում պետք են մարդիկ, ովքեր ոչ մի կերպ չեն ասոցացվում որևիցե իշխանության հետ՝ նախկին, թե ներկա: Իսկ եթե այդպիսիք չկան, ապա պետք է մտածել՝ ինչ անել, որ այդպիսիք ի հայտ գան: Կարծում եմ, ժամանակավոր լուծում կարող էր լինել դատական օրենսգրքի փոփոխությունը, որը հնարավորություն կընձեռեր դրսից մասնագետների ներգրավմանը: Ի վերջո, նախկին իշխանություններին սպասարկած դատավորները ավելի լավը չեն դառնա, եթե սկսեն սպասարկել ներկա իշխանություններին: Սա հստակ պետք է գիտակցել:

Սինգապուրի ցցուն օրինակը

Սինգապուրի նախկին առաջնորդ Լի Կուան Յուն տարիներ շարունակ չէր կարողանում լուծել գերագույն դատարանի նախագահի թեկնածուի խնդիրը: Հանկարծ նրա ուշադրության տիրույթում է հայտնվում մի միջազգային բանկի գլխավոր իրավաբան, ով տարեկան 30 մլն դոլար էր վաստակում: Իսկ գերագույն դատավորի աշխատավարձը 2.5 մլն դոլար էր: Առաջարկելով անվանի իրավաբանին գերագույն դատարանի նախագահի պաշտոնը՝ Լի Կուան Յուն մերժում ստացավ: Բայց նա համառ մարդ էր և երկար պնդումներով, միևնույն է, կարողացավ նրան համոզել: Հետագայում այս պաշտոնի հետ կապված խնդիրները կրկին ծագել են: Այնպես որ դա լուրջ թնջուկ է բոլոր երկրների համար: Հայկական իրականության մեջ անհնար է պատկերացնել, որ մեր ազգի տաղանդավոր ներկայացուցիչը կհամաձայնի 10 անգամ նվազ աշխատավարձով աշխատել ի բարօրություն երկրի:

Բովանդակության բացակայություն

Սահմանադրական դատարանը իսկապես շատ կարևոր ինստիտուտ է, քանի որ մարդկանց փոխհարաբերությունները խարսխված են սահմանադրական իրավունքների վրա, որոնք գործում են անմիջապես: Բոլոր մյուս օրենքներն ու իրավական ակտերը ստեղծվել են պարզապես սահմանադրության մեջ գրվածը իրականացնելու նպատակով: Սահմանադրության մեջ ներկայացվող հիմնական իրավունքները պարտադիր են օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների համար որպես անմիջականորեն գործող իրավունք: Ես խորհուրդ եմ տալիս ձեզ, եթե դուք հեռու եք իրավաբանությունից, բայց կարծում եք, որ պետք է դիմեք դատարան՝ արդարությունը վերականգնելու համար, ապա վերցրեք սահմանադրությունը, գտեք ձեզ վերաբերող կետը և դրա հիման վրա լրացրեք ձեր բողոքը դատարանին: Օրինակ, ձեր սեփականությունը խլել են: Հենվում եք սեփականություն ունենալու ձեր սահմանադրական իրավունքի վրա և դիմում եք դատարան: Իմ ծանոթներից մեկը բանկի երախից փրկեց իր բնակարանը՝ ապացուցելով, որ իր բնակարանը իր միակ կացարանն է, և իրենից իրավունք չունեն խլել, նույնիսկ եթե նա պարտք է մնացել բանկին ինչ-որ գումար:

Այս իմաստով վերջին 28 տարիները կորսված են մեր հասարակության համար, քանզի իրավական գիտակցությունը գրեթե զրոյական մակարդակի վրա է: Ինչու են նախկինները այն պահել զրոյական մակարդակի վրա, գիտենք, ինչու չեն ներկաները փորձում օր առաջ իրավիճակ փոխել, չգիտենք:

Դատավորը ավելի կարևոր է, քան ուսուցիչը

Այս շրջանում, երբ շատերը խոսում են դատական իշխանության վիրահատական փոփոխություններից, համացանցում և առհասարակ շատերը վրդովվում են այն հանգամանքից, որ վարչապետը և մասնագետները նշում են 5-6 անգամ դատավորների աշխատավարձի բարձրացման անհրաժեշտությունը: Առաջին հայացքից տրամաբանություն կա, որ եթե 5-6 անգամ բարձրացնենք ուսուցիչների կամ բուժաշխատողների աշխատավարձը, ապա այդ ոլորտներում նույնպես կգրանցենք հաջողություններ: Միգուցե, բայց, գիտե՞ք ինչ, մարդիկ հաճախ լքում են երկիրը ոչ միայն սննդի պակասի պատճառով: Ինձ հայտնի չեն Հայաստանում սովից մահացության դեպքեր: Մարդիկ լքում են երկիրը, որովհետև կրթական ու բժշկական ոլորտներում արդարություն չկա, իսկ այդ արդարության վերականգնողը հաճախ և մասնավորապես դատական իշխանությունն է, որը կաղում է երկու ոտքով: Եթե ուսուցիչը 5-6 անգամ ավելի գումար վաստակի, բայց անարդարացի դատարանը նրա երեխային անարդարացի վճռով խլի իրենից և տա նախկին ամուսնու ծնողներին՝ խնամելու նպատակով, ապա այդ բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչը կթքի ամեն ինչի վրա ու էլի կհեռանա մեր երկրից: Մարտի 1-ի զոհվածների բարեկամներից զգալի թվով մարդիկ հեռացել են Հայաստանից ո՛չ ցածր աշխատավարձի, ո՛չ էլ սովի պատճառով, այլ արդարադատության բացակայության: 11 տարի անց, երբ օնլայն դիտում են՝ ինչպես է գործընթացը խրվել անժամկետ արդարադատության ճիրաններում, նրանք հասկանում են, որ 800 վկա հարցաքննելու համար դատական իշխանությունից առնվազն 5 տարի կպահանջվի, որպեսզի գործընթացը հասցնեն ավարտին: Ինչպես կասեր դասականը, էտ վախտ էլ՝ ով սաղ, ով մեռած:

Արման Սուլեյմանյան

18:00 25.06.2019