ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կապանի պետթատրոնը Թբիլիսիում
20:00 25.06.2019

Կապանի պետթատրոնը Թբիլիսիում

«Ես հասկացա, որ ոչ մի սուրբ արվեստ չկա, որ ամեն ինչ զառանցանք է, խաբեություն, որ ես խեղկատակ եմ, ուրիշի պարապ ժամանակի խաղալիքը. ստրուկ եմ...»

Հունիսի 23-ին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնին հյուրախաղերը հասցրել էին հարևան Վրաստան: Թիֆլիսահայերի համար թատրոնն ընտրել էր Անտոն Չեխովի «Կարապի երգը» մոնոներկայացումը: Դա էպիկական ժանրից դրամայի անցման օրինակ է, պիես-մենախոսության  ձև, որտեղ հերոսը՝ Սվետլավիդովը, իր էպիկական սկիզբը ցույց է տալիս իր դրամատիկական դրսևորման միջոցով:

Թբիլիսիում հյուրախաղով հանդես գալու գաղափարն առաջացել էր Կապանի թատրոնի ղեկավարության և անձամբ դերակատար Արամ Հայրապետյանի մոտ, ովքեր, կապ հաստատելով տեղի ՀՀ դեսպանության հետ, իրականություն դարձրին այս ամենը:

Բեմը դերասանին սպասում էր «Հայարտուն» կրթական և մշակութային կենտրոնում: Այն ստեղծվել է   2011թ․՝  միտված  լինելով պահպանել և  ամրապնդել   հայ-վրացական մշակութային կապը:

«Ամեն մի մենախոսությունից հետո հնչող ծափահարությունները փաստում էին, որ ներկայացումն արժանացել է հանդիսատեսի հավանությանը, կարծես թե դերասան-հանդիսատես փոխադարձ էներգետիկ դաշտ էր ստեղծվել: Հանդիսատեսը ինձ հավանեց, կարծում եմ՝ նաև սիրեց, և այդ ամենը  փոխադարձ է», - ներկայացումից հետո իր տպավորությունները հաղորդեց Արամը:

Ծնունդով կապանցի, Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանն ասում է, որ մեծ սիրով է  կազմակերպել  Կապանի թատրոնի արտագնա հյուրախաղը արվեստի ու արհեստի քաղաք Թբիլիսիում։ «Թբիլիսին դարեր շարունակ եղել է ողջ Կովկասի մշակութային կենտրոնը, և այնտեղ է գործել և իր արվեստով հանդիսատեսին հմայել հայ հռչակավոր դերասանների մի ողջ աստղաբույլ, ուստի ցանկացած թատրոնի և դերասանի համար, ըստ իս՝ պարտադիր է ներկայանալ թբիլիսյան հանդիսատեսին՝ այս արվեստաշատ քաղաքի բնակիչների մկրտությունը ստանալու համար», - նշեց նա:

Դեսպանությունը  թիֆլիսահայ համայնքի մշակութային կյանքն  ակտիվ պահելու  և հայրենիքի շունչը նրանց փոխանցելու համար կազմակերպում է նմանօրինակ թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ, համերգներ և այլն։

Խոսելով ապագա անելիքների մասին՝ Հարություն Հայրապետյանը նշեց, որ շարունակվելու են տարատեսակ միջոցառումները, որպեսզի նպաստեն հայկական մշակույթի տարածմանը, համայնքի մշակութային ակտիվ կյանքի պահպանմանը։

Այժմ դեսպանությունը աշխատում է Վրաստանում հայկական մշակույթի շաբաթ կազմակերպելու ուղղությամբ, որը նույնպես նշանակալի իրադարձություն կդառնա։

«Նմանատիպ միջոցառումներն  անպայմանորեն շարունակական կլինեն: Ներկայացումն այնքան դրական արձագանքների արժանացավ, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մոտ պագայում Կապանի թատրոնը թբիլիսահայ հանդիսատեսին ներկայանա նաև մանկական ներկայացմամբ», - տեղեկացրեց Հարություն Հայրապետյանը:

Թագուհի Մաթևոսյան

20:00 25.06.2019