ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Տրակտորով դատարանի որոշման դեմ
16:00 26.06.2019

Տրակտորով դատարանի որոշման դեմ

Հունիսի 9-ին Գորայք խոշորացված համայնքում տեղի ունեցան ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ Դրանք ընթացան քվեարկության կարգի խախտումներով, 59 ծրար հանձնաժողովի անդամը կնքել էր, դրանք էլ հայտնվել էին քվեատուփում և հաշվարկվել։

Թեկնածու Արտյոմ Գրիգորյանն այդ խնդրով բողոքարկել էր թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողով, սակայն բողոքը մերժվել էր, որից հետո նա դիմել էր ՀՀ վարչական դատարան։ Հունիսի 24-ին դատարանը, նախագահությամբ Աղասի Դարբինյանի, անվավեր ճանաչեց հունիսի 9-ին Գորայքում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքները համայնքի ղեկավարի մասով։ Արտյոմ Գրիգորյանի խոսքով՝ դատական նիստերը երեք փուլով ընթացան։ «Առաջին դատական նիստը տեղի ունեցավ հունիսի 19-ին և հետաձգվեց մինչև հունիսի 21-ը։ Պատճառն այն էր, որ դատարանը ցանկանում էր լսել գործով վկա Մանվել Սարգսյանին՝ իմ վստահված անձին։ Հիշյալ օրը՝ երկրորդ նիստի ժամանակ, իմ վստահված անձը հարցաքննվեց։ Վերջին նիստը 24-ին էր, որի ժամանակ հայցադիմումս բավարարվեց»։

Ի՞նչ հիմքերով դատարանն անվավեր ճանաչեց ընտրությունը, այս առթիվ Արտյոմ Գրիգորյանի փաստաբան Գևորգ Մկրտչյանը նշեց․ «Ըստ դատարանի որոշման՝ կնքված ծրարները ենթակա էին մարման, իսկ համապատասխան հանձնաժողովը անուշադրության է մատնել այդ փաստը, ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել իրավական խախտում»։

Ի՞նչ դիրքորոշում ունի դատարանի վճռի վերաբերյալ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը։ Նախագահ Սլավիկ Դադաշյանն ասում է՝ դատարանի որոշման դեմ բողոքներ չկան, բոլորը պարտավոր են ենթարկվելու այդ որոշմանը։ «Դատարանը գործեց օրենքի ամբողջ խստությամբ։ Ի տարբերություն դատարանի՝  Ա․Գրիգորյանի բողոքարկումը քննող հանձնաժողովը համարեց, որ այդ խախտումները էական նշանակություն չեն կարող ունենալ ընտրության արդյունքների վրա, իսկ դատարանը որոշեց, որ դրանք կարող էին ազդեցություն ունենալ»։  

Կապ հաստատեցինք նաև նախորդ ընտրությունում հաղթած, միաժամանակ դատարանում պատասխանող կողմ Աշոտ Աղաջանյանի հետ՝ իմանալու նրա դիրքորոշումը դատարանի վճռի վերաբերյալ։

Առաջին զանգի ժամանակ՝ հունիսի 25-ի ժամը 11։30-ի սահմաններում, նա մեզ տեղեկացրեց, որ այժմ մի խումբ մարդկանց հետ փակել է ճանապարհը, հարմար չէ հիմա խոսելը, խոստացավ հետո զանգահարել։ Ժամերն անցնում էին, բայց հեռախոսազանգ այդպես էլ չստացանք, ստիպված էինք կրկին զանգահարել։ Սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Հավելենք նաև, որ փակվել էր ոչ միայն ճանապարհը։ Աշոտ Աղաջանյանը տրակտորով փակել էր նաև Գորայքի համայնքապետարանի մուտքը։

Տեղեկացնենք, որ հունիսի 30-ին համայնքում նշանակվել է ղեկավարի ընտրության վերաքվեարկություն։

Հունիսի 25-ի օրվա երկրորդ կեսին մարզպետ Հունան Պողոսյանը Գորայքում էր՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և կրքերը մեղմելու նպատակով։

Անուշ Միրզոյան

16:00 26.06.2019

Ամենաշատ ընթերցվածները