ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Բյուջե բոլորի համար»
19:00 26.06.2019

«Բյուջե բոլորի համար»

2018թ․-ից  «Վիննեթ Հայաստան»  կոալիցիան իրականացնում է «Բյուջե բոլորի համար (Budget4All)» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Սյունիքի, Վայոց ձորի ու Տավուշի մարզերի 10 խոշորացված համայնքի տեղական բյուջեներում և տեղական մակարդակում իրականացվող ծրագրերում  երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման արդյունավետ մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը, ինչպես նաև բարելավել ՔՀԿ-ների մասնակցության մեխանիզմները ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ քննարկումների և հանրայնացման գործընթացներում՝  բարձրացնելով  նրանց մասնակցությունը այդ մեխանիզմների  բարելավման, մշտադիտարկման, ջատագովության գործընթացներում: Ինչպիսի քաղաքականություն է փոխվելու ծրագրի արդյունքում, WomenNet.am-ը այս և այլ հարցերի շուրջ զրուցել է Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն»  հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանի հետ:

- Տիկին Տոռոզյան, ո՞րն է «Բյուջե բոլորի համար» ծրագրի նպատակը: Ի՞նչ խնդիր է փորձ արվում լուծել:

- Ծրագրի շրջանակում մենք փորձել ենք առաջ քաշել կարևորագույն խնդիրներ՝ նպաստելով բյուջեները կազմելու գործընթացում հանրային մասնակցության, հրապարակայնության և թափանցիկության ապահովման արդյունավետ գործիքակազմի մշակմանը: Հիմնականում աշխատել ենք երկու մակարդակներում: Նախ փորձել ենք գործնականում հստակ մեխանիզմներով ապահովել ոլորտային ՔՀԿ-ների առավել մեծ ներգարավվածությունը ազգային մակարդում բյուջետավորման գործընթացում: Փորձ է արվում հկ-ներին ներգրավել պետության կողմից բյուջետային գործընթացի նախնական փուլում, երբ նախարարություններն ու բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչները հայտեր են ձևավորում, ֆինանսների նախարարությանն իրենց ոլորտային ծրագրերն են ներկայացնում: Այս գործընթացը  հնարավորություն կտա առավել որակյալ, նպատակային, ֆինանսական փաստաթուղթ մշակել՝ ապահովելով բազմակարծությունը և թիրախային առաջարկները:

Նմանօրինակ քաղաքականություն է առաջարկվում ոչ միայն ազգային, նաև տեղական մակարդակում, որպեսզի մասնագիտացված ՔՀԿ-ները ակտիվորեն ներգրավվեն ֆինանսական փաստաթղթի մշակման գործընթացում: Ճիշտ է, օրենքով նախատեսվում են հանրային քննարկումներ, սակայն դրանք միշտ չեն նպատակային իրականացվում, հաճախ ձևական բնույթ են կրում, սակայն եթե համայնքային իշխանությունները խրախուսում են մասնագիտական մոտեցումը, թիմային աշխատանքը, արդյունքում ստանում են մի փաստաթուղթ, որն ուղղված է հավասարապես հասարակության բոլոր շերտերի կարիքների և խնդիրների լուծմանը:

-Արդյոք նախապես գնահատվել է ծրագրի կարիքը, այսինքն՝ անհրաժեշտությունից ելնելով է գործիքակազմը ներդրվում:

- Բնականաբար, այո: Մինչ ծրագրի մեկնարկը, նաև ծրագրի ամբողջ ընթացքում մենք խոշորացված 10 համայնքում իրականացրել ենք հետազոտություններ: Մեր փորձագետները տարբեր հանդիպումներ, ֆոկուս խմբային քննարկումներ են իրականացրել ՏԻՄ-երի ներկայացուցիչների, համայնքների բնակիչների հետ: Շուրջ 2000 մարդ է մասնակցել քննարկումներին և հարցումներին: Հանդիպումների միջոցով մի քանի կարևոր դիտարկումներ են ընդգծվել: Հատկապես խոշորացված համայնքներում բնակավայրերի բնակիչները գրեթե տեղեկացված չեն, թե ինչպես է համայնքի բյուջեն կազմվում, համայնքի կողմից իրականացվող ծրագրերի տնտեսական հիմնավորումներին, առաջնահերթություններին ծանոթ չեն: Սակայն երբ իրազեկվում են, կարողանում են գնահատել համայնքի կողմից իրականացվող ծրագրերի հիմնավորումները, արդյունավետությունը կամ կարիքը: Մյուս կողմից, եթե դրանք նպատակային չեն կամ արդյունավետություն չեն ապահովում, հանրությունը կարողանում է հանդես գալ տեսակետներով ու առաջարկներով:

- Տիկին Տոռոզյան, իսկ որքանո՞վ են բնակիչները արդյունավետ համարել բյուջեների ծախսումների գործընթացը: Արդյո՞ք ունեք որոշակի պատկերացումներ, հանրությունը հետաքրքրվա՞ծ է, թե՞ ոչ :

Տարբեր համայնքներում պատկերը շատ տարբեր է: Որոշ համայնքներ կան, որ իրենց ծրագրերը բավականին լուրջ հիմնավորումներով են կազմում՝ սկսած երկարաժամկետ տնտեսական արդյունքներից, մինչև անգամ աշխատատեղերի ստեղծման հստակ ցուցանիշ: Սոցիալական աջակցությունները տրամադրելու գործընթացում հաշվի են առնում բոլոր շերտերը՝ երեխաներ, կանայք, տղամարդիկ, տարեցներ, հաշմանդամներ: Սակայն համայնքներ կան, իսկ դրանք քիչ չեն, որ որևէ հիմնավորում չես կարող գտնել ծրագրերում: Կարևոր է ՔՀԿ-ների մասնակցությամբ աջակցել ՏԻՄ-երին, որպեսզի համատեղ ուժերով և մասնագիտական ճիշտ մոտեցմամբ կարողանան արդյունավետ գնահատել հանրության կարիքները, ներքևից եկող խնդիրները վեր հանեն և փորձեն համայնքի գլխավոր փաստաթուղթը մշակելու գործընթացում հաշվի առնել հասարակության բոլոր շերտերը:

- Իսկ որքանո՞վ են ազգային և տեղական մակարդում խրախուսում հանրային մասնակցությունը բյուջեները կազմելու գործընթացում: Արդյո՞ք պատրաստակամ են այդ հարցում:

- Ազգային մակարդակում դժվարություններ չկան, քանի որ աշխատում ենք ֆինանսների նախարության հետ, պետք է ասեմ, որ առաջին իսկ պահից դրական է եղել արձագանքը: ՔՀԿ-ները ոչ թե վերահսկում, այլ մասնակցում են գործընթացին և պետական մակարդակում մենք ունենք պատրաստակամությունը: Իսկ համայնքներում միանշանակ չեն տեսակետները, մենք դեռևս ունենք համայնքների ղեկավարներ, ովքեր կարևորություն չեն տալիս մասնակցային գործընթացին, կամ էլ գուցե վստահության պակաս կա տեղական հկ-ների նկատմամբ, և միշտ չէ, որ մենք տեսնում ենք այդ ոգևորությունը: Բայց նաև պետք է նշեմ, որ փորձում ենք բացատրել արդյունավետությունը և հիմնականում մեզ հաջողվում է տեղական մակարդակում ևս հանրային մասնակցության ապահովման գործում դրական տեղաշարժ արձանագրել:   

- Իսկ ինչպե՞ս էք ապահովելու ծրագրի կայունությունը: Սովորաբար շատ ծրագրեր մեկնարկում են, սակայն երկարաժամկետ արդյունք չի ապահովվում: Այս դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը։

- Մեր գլխավոր նպատակը հանրային մանսկցության գործում քաղաքականություն փոխելն էր: Մեզ դա հաջողվում է:   Երբ արդյունավետությունն ակնհայտ է, բոլոր կողմերն իրենք են ցանկանում կիրառել ներդրված մեխանիզմները: «Բյուջե  բոլորի համար» ծրագիրն իրականացվում է «Վիննեթ Հայաստան»  կոալիցիայի կողմից՝  «Իրավաբանների հայկական ասոցիացիա»  հասարակական կազմակերպության  ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող  «Կառուցողական  երկխոսության  հանձնառություն»  ծրագրով  տրամադրված  ենթադրամաշնորհի  շրջանակում: «Կառուցողական երկխոսության  հանձնառություն»  ծրագիրը  ֆինանսավորում է  Եվրոպական Միությունը:

Ծրագրի թիրախային համայնքներն են ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի խոշորացված 10 համայնքները (Մեղրի, Կապան, Գորիս, Տաթև, Տեղ, Սիսիան, Գորայք, Արենի, Գլաձոր, Բերդ):

 Փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է միայն «Վիննեթ Հայաստան» կոալիցիան, և այն որևէ կերպ  չի  արտահայտում  Եվրոպական Միության  պաշտոնական տեսակետները:

WomenNet.am

19:00 26.06.2019

Ամենաշատ ընթերցվածները