ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վերաքվեարկություն Գորայքում
20:00 02.07.2019

Վերաքվեարկություն Գորայքում

Վերաքննիչ դատարանը հունիսի 24-ին անվավեր ճանաչեց Գորայքում հունիսի 9-ին տեղի ունեցած համայնքապետի ընտրության արդյունքները։ Հունիսի 30-ին կայացավ համայնքապետի ընտրության վերաքվեարկություն։

Առավոտյան ժամը 8-ին բացվեցին ընտրական տեղամասերի դռները։ Գորայք բնակավայրում առաջին ընտրողը Սամվել Առուստամյանն էր, ով ընտրության է եկել մեծ ոգևորությամբ ու սպասումով, որ համայնքում այսուհետ հանգիստ մթնոլորտ կտիրի։ Ընտրող Անահիտ Պետրոսյանն ասում է․ «Ով ընտրվի, կարևորը այն է, որ համայնքի զարգացման գործում հաջողության հասնի։ Թող մթնոլորտը խաղաղվի»։ Հանդիպեցինք նաև Մարտիկ Թադևոսյանին, ով ձանձրացել էր հաջորդական ընտրությունների շարքից, իսկ մայրաքաղաքից ժամանած ուսանողները ոգևորությամբ էին եկել քվեարկության։ Նրանցից մեկը Կիմա Անտոնյանն էր։ «Ես չեմ կարծում, որ նախորդ անգամ ինչ-որ խախտում էր եղել, կարող էինք պահպանել արդյունքները», - ասաց նա, իսկ մեր այն հարցին, թե ծրարների նախնական կնքումը մի՞թե իրավական  խախտում չէ, ասաց, որ մանրամասները չգիտի։ Հարցրինք նաև, թե ինչ ակնկալիքներով է եկել ընտրության, արդյո՞ք պատրաստվում է ավարտելուց հետո վերադառնալ համայնք։ Պատասխանեց․ «Ինչքան էլ այստեղ զարգանա, մեկ է՝ քաղաքի պես չէ, սկսած աշխատանք գտնելու լայն հնարավորությունից»։ Իսկ թե ինչով է կարևոր իր ձայնը այս պարագայում, ասաց, որ ուզում է հետագայում բնակիչները ապրեն ավելի բարեկեցիկ կյանքով։

34/1 ընտրական տեղամասում ընտրողներից մեկի հեռախոսը զանգեց, հանձնաժողովի քարտուղարը հորդորեց անջատել ու քվեարկել, փորձեցինք հասկանալ՝ արդյո՞ք ուղղորդող զանգ էր, սակայն տղամարդը շատ ագրեսիվ էր։ Վահե Հարությունյանը մեր ներկայությամբ զանգեց ոմն Դարբինյանի՝ մեզ ապացուցելու համար, որ անձնական հարցերով են զանգել։

Գորայքից շարժվեցինք Ծղուկ, որտեղ ընտրատեղամասում նախորդ անգամ տեղի էր ունեցել խախտում․ 59 ծրար հանձնաժողովի անդամը նախապես կնքել էր։ Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արշավիր Խալափյանն ասում է՝ այս անգամ մասնակցության աստիճանը բավարար է, պասիվ էր միայն առավոտյան՝ հավանաբար պայմանավորված մարդկանց զբաղվածությամբ, հետո որոշակիորեն ակտիվացան, ամեն ինչ ընթանում էր բնականոն հունով։

Սպանդարյանում էլ զրուցեցինք թեկնածուների վստահված անձանց հետ։ Մխիթար Առուստամյանը, ով Արտյոմ Գրիգորյանի վստահված անձն էր, ասաց, որ խախտումներ չի նկատել։ Նույնը նշեց Աշոտ Աղաջանյանի վստահված անձ Անդրանիկ Պողոսյանը։ Սառնակունքի տեղամասի  գրանցամատյանում խախտումներ չեն արձանագրվել, բայց թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Ստեփանյանը ասաց․ «Մասնակիցների պասիվություն է նկատվել, նախորդին նաև ավագանի էր ընտրվում, երևի այդ պատճառով ակտիվությունը ավելի մեծ էր»։

Ժամը 20-ին փակվեցին դռները, ու սկսվեց քվեաթերթիկների հաշվարկը։ Գորայք խոշորացված համայնքում ընտրելու իրավունք ունի 1408 մարդ, սակայն քվեարկությանը մասնակցեց 1069-ը։ Գրանցվել են հետևյալ արդյունքները․ Աշոտ Աղաջանյան՝ 557, Արտյոմ Գրիգորյան՝ 506, Մանուչար Մկրտչյան՝ 1 քվե։ Առաջին և երկրորդ թեկնածուների միջև նախորդ քվեարկության ժամանակ ձայների տարբերությունը 16 էր։

Անուշ Միրզոյան

20:00 02.07.2019

Ամենաշատ ընթերցվածները