ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Անապահով ընտանիքները վաճառել են հատկացված անասուններին՝ Փարոսից կրկին օգտվելու համար. համայնքապետ
12:30 03.07.2019

Անապահով ընտանիքները վաճառել են հատկացված անասուններին՝ Փարոսից կրկին օգտվելու համար. համայնքապետ

Արագածոտնի մարզի Զովասար համայնքում մոտ 530 բնակիչ կա, որոնցից շատ քչերն են մեկնում Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատանք փնտրելու։ Բնակիչներն ասում են՝ հոգնել են ՌԴ-ում աշխատելուց ու աշխատավարձ չստանալուց։

Համայնքի ղեկավար Կիրակոս Պողոսյանը, ով 2005 թվականից պաշտոնավարում է, ասում է.

«Գյուղի տղամարդիկ աշխատանքի համար այլևս Ռուսաստան չեն գնում, հիմնական մասը Երեւան է գնում, այնտեղ շինարարական աշխատանքների մասնակցում»։

Գյուղում 2018 թվականի ընթացքում  ընդամենը 2 նոր ընտանիք է կազմվել։

Ըստ համայնքապետի՝ ցուցանիշն այսպիսին է, որովհետև գյուղում չկա աշխատատեղ։

Ասում է. «Գյուղի տղաների մոտ 60 տոկոսը չի ամուսնացել, արդեն նրանց տարիքը մոտենում է 30-ին, իսկ աղջիկների 90 տոկոսը գյուղից դուրս է ամուսնանում»։

Գյուղի բնակչուհի Շուշանիկ Մկրտչյանը հակառակն է արել՝ հարս է բերել հեռավոր Սիսիանից։

«Երեք տղաներիցս միայն մեծն է ամուսնացած, ու արդեն 2 տղա թոռնիկ ունեմ»,- ասում է տիկին Շուշանիկը։

Զովասարում մարդիկ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Գյուղի արտադրանքը դրսում քիչ քանակությամբ են վաճառում։ Արտադրանքով գյուղն ինքն է ապրում։

Ղեկավարն ասում է, որ համայնքը չի դիմել՝ խոշոր եղջերավոր անասուններ տրամադրելու պետության ծրագրին մասնակցելու համար, քանի որ իրենց համայնքում արդեն ունեցել են նման փորձ։ Գյուղացիներից մեկը փորձել է պահել նոր՝ ավելի կաթնատու տեսակի խոշոր եղջերավորներ, սակայն պահման եւ  բնակլիմայական պայմանները չեն բավարարել։

Կիրակոս Պողոսյանն ասում է, որ փորձել են աշխատատեղ ստեղծել, դիմել են տարբեր գործարարների՝ գործարան հիմնելու համար, սակայն ոչ մի դրական պատասխան։ Ասում է՝ աշխատատեղ չկա, իսկ գյուղացին էլ սովորել է չաշխատելուն․

«Մի քանի տարի առաջ «Վորլդ Վիժն Հայաստան»-ը գյուղում ծրագիր անում։ Ծրագրով անապահով ընտանիքներին խոշոր եղջերավոր անասուններ էին հատկացրել, սակայն ստանալուց հետո այդ ընտանիքները վաճառել են անասուններին, որպեսզի նորից կարողանան օգտվել Փարոսի ծրագրից»,- ասում է համայնքի ղեկավարը։

Գյուղացիները պատճառաբանել են, որ կենդանիները սատկել են կամ հիվանդացել են՝ մորթել են։

Տիկին Շուշանիկի ընտանիքն այն ընտանիքներից է, որ ստացել է այդ օգնությունից։ Պատմում է, որ երկու տարի անց վաճառել են կենդանիներին, կաթնատվությունը ցածր էր՝ դրանք ծեր էին։

«Օրվա մեջ 7-8 լիտր կաթ էինք ստանում, իսկ հիմա մեր ունեցած կովերից ստանում ենք մոտ 10 լիտր»,-ասում է տիկին Շուշանիկը։ 

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Աղբյուր՝ a1plus.am

12:30 03.07.2019

Ամենաշատ ընթերցվածները