ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ստոմատոլոգների վերապատրաստում մարզում
20:00 03.07.2019

Ստոմատոլոգների վերապատրաստում մարզում

«Յուրաքանչյուր ստոմատոլոգ 5 տարին մեկ պետք է անցնի վերապատրաստում, ինչը նոր լիցենզավորում ստանալու համար է, որով բժիշկը կշարունակի աշխատել», - ասում է ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձով ստոմատոլոգ Նարինե Պետրոսյանը։ Վերապատրաստումը 7 շաբաթյա է, մասնագետները այն սովորաբար անցնում էին  մայրաքաղաքում։ Սակայն այս տարի Կապանի մի խումբ ստոմատոլոգներ համախմբվեցին և որոշեցին վերապատրաստման համար մասնագետներին հրավիրել Կապան։ Գաղափարը իրականություն դարձնելու համար դիմել են մարզպետարանի առողջապահության վարչություն, որպեսզի վերջինս առաջարկով հանդես գա, և Երևանի պետական բժշկական համալսարանից մասնագետները գան ու տեղում իրականացնեն դասընթացները։ «Մենք առաջարկին դրական արձագանք տվեցինք, շաբաթական երեք օր ժամանում ենք Կապան, խիտ գրաֆիկով, մի քանի ժամով՝ մինչև 6-8 ժամ, անցկացնում ենք դասախոսություններ, քննարկումներ։ Մասնագետները նաև անցկացրել են կոնսուլտացիաներ տարբեր կլինիկաներում», -ասում է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Լազր Եսայանը։ 

Ասոցիացան 34 տարի է՝ ոլորտում գործունեություն է ծավալում, անդամակցում է ստոմատոլոգների համաշխարհային, ինչպես նաև եվրոպական կազմակերպություններին։

Գրիգորի Ավետիսյանի խոսքով՝ վերապատրաստումը, իհարկե, վճարովի է, բայց մի քանի անգամ ավելի ձեռնտու է։ «Նույն 175 հազար դրամը, որը սահմանված վճար է, դարձյալ վճարել են, բայց այս դեպքում կարողանում են աշխատանքը համատեղել վերապատրաստման հետ։ Նախկինում մեկ ամիս բացակայում էինք, հիվանդներ չէինք կարողանում ընդունել, ֆինանսական խնդիրներ էին առաջանում, ժամանակի կորուստ էինք ունենում։ Արտոնագրի համար բժիշկները պետք է ունենան, այսպես ասած, կրեդիտներ, որոնք ձեռք են բերում ինչպես վերապատրաստումների, այնպես էլ կոնֆերանսների մասնակցելով»։

Մասնագիտական կարողությունները զարգացնելու հետ մեկտեղ այս դասընթացների մասնակիցները նաև  փորձի փոխանակում են անում, քննարկում աշխատանքին վերաբերող տարատեսակ հարցեր։ Չշրջանցեցին նաև արտոնագրային վճարի չափի խնդիրը։ «Մանկական ստոմատոլոգների շրջանառությունը, օրինակ, քիչ է, բայց նրանք մյուսների նման, ովքեր ամսական 10-15 միլիոն դրամի շրջանառություն ունեն, հավասար վճարում են սահմանված 80 հազարը դրամը, իսկ 2020 թվականի հունվարից հնարավոր է փոփոխություն տեղի ունենա և ներդրվի շրջանառության հարկ, ով շատ աշխատի, թող շատ վճարի պետությանը, ով քիչ՝ քիչ», - ասում է ասոցիացիայի նախագահը։ Որոշումը դեռ չկա, բայց խոսակցություններ այս մասին ընթանում են։

Նելլի Միրզախանյան

20:00 03.07.2019

Ամենաշատ ընթերցվածները