ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ուզում ես ապրե՞լ, թե՞ մեռնել
17:00 04.07.2019

Ուզում ես ապրե՞լ, թե՞ մեռնել

Օրերս Սյունիքի մարզում կատարված նշանակալի իրադարձությունը պայմանավորված էր ոչ թե քաղաքական, մշակութային իրադարձությամբ կամ արտակարգ իրավիճակով, այլ առողջապահական ոլորտում կատարված նորարարությամբ։ Մարսելից ժամանած ինվազիվ և պերիֆերիկ անոթների սրտաբան Պիեր Բարնեն փակ եղանակով ոտքի պերիֆերիկ անոթների լայնացում կատարեց Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնում, որը պարբերական կամ մշտական դառնալու միտում ունի, իհարկե, պայմանով, որ ֆրանսիացի մասնագետների փորձը փոխանցվի տեղի մասնագետներին։ Համենայն դեպս դա է փաստում կենտրոնի հիմնադրամի նախագահ Ավետիս Մատիկյանը։

Բայց այս հոդվածում ոչ թե նորարարության հարցը կքննարկենք, այլ առհասարակ կփորձենք պարզել հայերիս վերաբերմունքը սեփական առողջության նկատմամբ։

Ոչ թե ուռուցքներն են առաջին տեղում, այլ սրտանոթային հիվանդությունները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները տարիներ շարունակ չեն փոխվում՝ վիճակագրությունը շարունակում է գրանցել սրտանոթային հիվանդացության ու դրանից մահացության ամենաբարձր ցուցանիշը: Ավելին, այս հիվանդությունները երիտասարդանում են՝ ներգրավելով նորանոր սոցիալական ու տարիքային խմբեր, դրանք առավել ակտիվ են «զարգացող» երկրներում։ Ի դեպ, այս վիճակագրական տվյալները չեն վերաբերում միայն Աֆրիկային։

Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80%, ընդ որում մահացության բուրգում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը` 48%, որոնց հաջորդում են չարորակ նորագոյացությունները՝ 20.6%, շաքարային դիաբետը` 4.8%, վնասվածքները, թունավորումները և արտաքին պատճառները` 4.7%, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (բրոնխիտ, ասթմա, քրոնիկական այլ թոքային և բրոնխոէկտատիկ հիվանդություններ)` 3.6%: Հայաստանում, մասնագետների պնդմամբ, հիվանդությունը երիտասարդանում է՝ 40-45 տարեկան, մինչդեռ Եվրոպայում այդ շեմը 60-65-ն է։

Սրտանոթային հիվանդությունների առաջացման գործոնները տարբեր են՝ կարող են պայմանավորված լինել բարձր զարկերակային ճնշմամբծխախոտի օգտագործմամբ, շաքարային դիաբետով, թերշարժունությամբ, գիրությամբ, արյան մեջ խոլեստերոլի բարձր պարունակությամբ, սխալ սննդակարգովալկոհոլի չարաշահմամբ, սթրեսով, օդի աղտոտվածությամբ։ Ըստ որոշ հետազոտությունների՝ սրտանոթային հիվանդություններից մահվան պատճառ են գերճնշումային հիվանդությունը՝ 13%, ծխախոտի օգտագործումը՝ 9%, շաքարային դիաբետը՝ 6%, թերշարժունությունը՝ 6%, իսկ գիրությունը՝ 5% դեպքերում։

Օրական երկու տուփ ծխելը՝ հպարտությու՞ն

Ֆրանսահայ սրտաբան Ավետիս Մատիկյանը, համեմատականներ տանելով ֆրանսիացիների ու հայերի միջև, նշում է․ «Եթե ֆրանսիացուն ասես, որ չպետք է ծխի, տասը հիվանդից առնվազն ութը կդադարեցնի ծխելը, Հայաստանում հակառակն է, եթե գոնե երկուսը դադարի ծխել, ուրախալի կլինի։ Զարմանում եմ, որ մի քանի անգամ սիրտը ստենտավորած հիվանդը գալիս է և հպարտությամբ ասում, որ դեռ ծխում է»։

Բժշկի խոսքով՝ Հայաստանում հիվանդության «կայունությունը» պայմանավորված է առաջին հերթին մարդկանց սթրեսով, անառողջ ապրելակերպով, յուղոտ, աղի ուտելիքով, ծխելով․․․ Այն հարցին, թե աշխարհագրական, բնակլիմայական պայմանները, օդը ինչքանով են դերակատարություն ունենում, նա պատասխանեց, որ դրանց փաստը ժխտել չի կարելի, բայց ավելի շատ ազդող գործոնները ծխելը, սթրեսը, անառողջ սնունդն են։ Ի դեպ, կովկասյան տարածաշրջանում հայերն ու վրացիները ավելի շատ հակվածություն ունեն դեպի սրտանոթային հիվանդությունները, քան ադրբեջանցիները։

Ֆրանսիայում բժիշկը հիվանդի հետ փողային հարցեր չի քննարկում

Կարծում եմ, հայտնագործություն չեմ անի, եթե ասեմ, որ բնակչության շրջանում վստահությունը բժիշկների հանդեպ պակասում է։ Հատկապես մարզի բնակիչները ավելի շատ վստահում են մայրաքաղաքային բժիշկներին, կապ չունի՝ նա ինչ գիտելիքներ կունենա,  բայց եթե երևանյան որևէ կլինիկայում է աշխատում, ուրեմն ավելի խելացի է, քանի մարզինը։ Մեր պետական կառավարման համակարգի առաջնահերթություններից մեկն էլ պետք է լինի այդ առումով նույնպես մարզերի համաչափ զարգացումը ապահովելը, իսկ դրա համար անհրաժեշտ է, նախևառաջ, տեխնիկական հագեցվածություն, ինչը հնարավորություն կտա մասնագետին տեղում անհրաժեշտ ախտորոշում անել, և երկրորդ՝ բժշկի ֆինանսական ապահովությունը։ Գաղտնիք չէ, որ Երևանում բժիշկները ավելի շատ են վաստակում, քան մարզերում։ Եվ վերջապես, կարծում եմ, արդեն ժամանակն է՝ բժշկական համալսարանի շրջանավարտներին, նախապես կնքված պայմանագրով, գործուղել մարզեր։    

Սրտի ստենտավորման, զոնդավորման, առհասարակ տարատեսակ բժշկական միջամտությունների հանդեպ վստահությունը շատ հաճախ պակասում է։ Շատերի խոսքով՝ բժիշկները նաև իրենց փողի համար են նմանատիպ միջամտություններ անում։ Ավետիս Մատիկյանը այս գործոնը պայմանավորեց հայ բժշկի հանդեպ անվստահությամբ․ «Օրինակ՝ Ֆրանսիայում բժիշկը երբեք հիվանդի հետ ֆինանսական հարցեր չի կարգավորում, այդ ամենը արվում է պետական ապահովագրության միջոցով, ինչը նույնպես նպաստում է մասնագետի հանդեպ վստահության բարձրացմանը»։

Կանխարգելումը՝ լավագույն բուժում

Հայերիս թերությունների շարքում առանձնանում է սեփական առողջության հանդեպ անուշադիր վերաբերմունքը։ Մենք հիվանդանոց ենք հասնում ծայրահեղ վիճակում, հետո դժգոհում բուժօգնությունից՝ ինչու՞ ստենտավորեցին, վիրահատեցին․․․ Բայց երբ ծխում ենք, ալկոհոլ օգտագործում, յուղոտ չալաղաջներ վայելում, չենք մտածում հիվանդության մասին։ Եվ այստեղ բժշկին մնում է մեկ հարց տալ հիվանդին՝ ուզում ես ապրե՞լ, թե՞ մեռնել։

Արմինե Հարությունյան

17:00 04.07.2019