ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ճամփորդություն փոքրիկի հետ
14:00 07.07.2019

Ճամփորդություն փոքրիկի հետ

Ամառային հանգստի լավագույն տարբերակը շատերի համար ծովափնյա հանգիստն է։ Արև, ջուր  և  արևայրուք։ Այս ամենի մասին երազում ենք ամբողջ տարին։ Իսկ ճամփորդությունը ամբողջ ընտանիքով հիասքանչ հնարավորություն է միասին ժամանակ անցկացնելու, կտրվելու առօրյա հոգսերից։ Արդյունքում մենք կստանանք դրական հույզեր, նոր զգացողություններ և հետաքրքիր արկածներ։ Իսկ, արդյո՞ք, դուք կարող եք ձեզ հետ հանգստի տանել ձեր երեխաներին։ Իհարկե այո՛, բայց երեխայի հետ ցանկացած ուղևորություն պետք է լավ պլանավորված և նախապես պատրաստված լինի։ Հատկապես ծովափ մեկնելիս պետք է շատ լավ մտածել, թե ինչ է անհրաժեշտ փոքրիկին ձեզ հետ ուղևորության տանելու համար։ Հակառակ դեպքում հանգստանալու հույսերով հնարավոր է այլ արդյունք գրանցել։

Միշտ պետք է հիշել, որ բնակության վայրի փոփոխությունը (ծովի մակարդակից բարձրությունը, մթնոլորտային ճնշումը, խոնավությունը և օդի ջերմաստիճանը) հաճախ հանգեցնում է այսպես կոչված «կլիմատիզացիայի սինդրոմի»։ Սա էլ իր հերթին մարդու մեջ առաջացնում է ընդհանուր թուլություն և հակվածություն մի շարք հիվանդությունների՝ կլիմայական պայմանների փոփոխությամբ պայմանավորված։ Եթե ձեր երեխան ունի թույլ իմունային համակարգ և ցածր դիմադրողականություն, անհրաժեշտ է նախ և առաջ լուծել այս խնդիրները, ապա մեկնել հանգստի։ Կամ այս դեպքում հանգիստը կազմակերպել ոչ թե հեռու ծովափնյա երկրում, այլ ձեր բնակության վայրին ավելի մոտ, թեկուզ քաղաքից դուրս՝ բնության գրկում։

Եթե ամեն դեպքում որոշեք երեխայի հետ ծովափին հանգստանալ, ապա ձեզ համար լավագույն տարբերակը կլինի նվազագույնը մեկ ամիս ժամկետով մեկնելը: Առաջին տասը օրը անհրաժեշտ կլինի միայն կլիմատիզացիայի կարգավորման և օրգանիզմի հարմարման համար, իսկ մնացած քսան օրը կարող եք տրամադրել հանգստին:

Օդանավակայանում կամ կայարանում, անվտանգության նկատառումներից ելնելով, անհրաժեշտ է ճանապարհին երեխային հագցնել վառ գույներով հագուստ, որպեսզի նրան տեսադաշտից կորցնելու դեպքում գտնելը հեշտ լինի։ Եթե մարդաշատ վայրում եք գտնվում, միշտ նախապես պայմանավորվեք ձեր երեխայի հետ, թե որտեղ պետք է հանդիպեք իրար կորցնելու դեպքում։ 

Ուղևորության մեկնելիս երեխայի համար գնեք սեփական ճամպրուկ, որի մեջ նա կարող է դնել իր խաղալիքները կամ գրքերը։ Երեխայի մեջ, անձնական ուղեբեռ ունենալու դեպքում, որի պատասխանատվությունը պետք է կրի ինքը, փոքր տարիքից կձևավորվի պատասխանատվության զգացում, ինչպես նաև մեծերին օգնելու կարողություն։ 

Երեխան, ինչու չէ նաև մեծահասակները, ավելի հեշտ են ճանապարհ գնում, եթե ընթացքի մեծ մասը քնում են։ Հետևաբար, հնարավորության դեպքում ցանկալի կլինի պլանավորել թռիչքի ժամը երեկոյան։ Գիշերը կարծես ժամանակը ավելի արագ է անցնում, իսկ եղանակային առումով ավելի հով է լինում։

Եթե երեխային քնել չհաջողվի, անհրաժեշտ է նրան զբաղեցնել ողջ թռիչքի ընթացքում։ Երեխայի հետաքրքրությունը շարժելու համար անհրաժեշտ է ճամփորդությունից առաջ ձեռք բերել նոր իրեր՝ խաղալիքներ, գրքեր, զարգացնող խաղեր։ Սրանք կօգնեն որոշ ժամանակ գրավել երեխայի ուշադրությունը։ Նոր իրեր վերցնելուց բացի, անհրաժեշտ է երեխայի համար վերցնել իր հին իրերից մի քանիսը։ Քանի որ նոր պայմաններում և անծանոթ միջավայրում հայտնվելով՝ նա պետք է հարազատ իրերով շրջապատված լինի։ 

Լիարժեք հանգստի համար առաջին հերթին ընտրեք հարմար լողազգեստ, ցանկալի է՝ երկու հատ։ Մեկ լողազգեստի դեպքում հնարավոր է որոշ ժամանակ ստիպված լինեք զրկվել ջուրը մտնելու հաճույքից՝ կամ թաց է, կամ կարող է պատռվել։

Արևային ակնոցը և գլխարկը պարտադիր պայման են աչքերը և դեմքի զգայուն մաշկը արևի ճառագայթներից պաշտպանելու համար։ Կարևոր է նաև արևապաշտպան քսուք վերցնելը։ Իհարկե, մեզանից քչերն են դրան կարևորություն տալիս, դե, գոնե մինչև մաշկն այրելը։

Մեծ պայուսակը նույնպես անհրաժեշտություն է։ Այնտեղ դուք կարող եք տեղավորել լողափում ձեզ անհրաժեշտ պարագաները, ինչպես նաև տեխնիկան՝ բջջայինը, ֆոտոապարատը, պլանշետը։

Չենք մոռանում սրբիչների մասին, որոնք նույնպես ցանկալի է, որ մի քանի հատ լինեն, մեկը՝ ափին փռելու, մյուսն ամենօրյա օգտագործման համար։

Անհրաժեշտ է նաև վերցնել փոքրիկ դեղատուփ՝ առաջին անհրաժեշտության դեղորայքով։ 

Պլանավորեք յուրաքանչյուր դետալ նախապես՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։

Սոնա Օհանջանյան

14:00 07.07.2019

Ամենաշատ ընթերցվածները