ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Պ․Զեյթունցյան․ «Ամենատխուր մարդը»
14:00 07.07.2019

Պ․Զեյթունցյան․ «Ամենատխուր մարդը»

Ինչպե՞ս կարող է կյանքի իմաստի մասին մտածել ցմահ ազատազրկման, այսինքն՝ անգործության դատապարտված կալանավորը։ Պարզվում է, որ կարող է։ «Ամենատխուր մարդը» վիպակը կառուցված է իրական փաստի վրա։ Ժամանակակից հայ արձակի նշանավոր դեմքերից մեկին՝ Պերճ Զեյթունցյանին, այդ փաստը հնարավորություն է տվել խոսելու մարդու մտավոր և հոգևոր անսահման կարողությունների մասին։

Հերոսը՝ Ռոբերտ Ստրաուդը, սիրահարվել է իրենից տարիքով մեծ մի կնոջ և մտադիր է ամուսնանալ։ Բայց մինչ այդ նա պետք է վերականգնի ծեծի ենթարկված կնոջ՝ Գեայի պատիվը և վերադարձնի նրա փողերը։ Ուժերն անհավասար են։ Կնոջը նվաստացրած Տղամարդ ծեծողը արդեն խեղդում էր պատանուն։ Ստրաուդը, սակայն, ատրճանակով վերջ է տալիս նրա կյանքին։

Ստրաուդին դատապարտում են մահապատժի, սակայն թագավորը ներում է շնորհում։ Մահապատիժը փոխարինվում է ցմահ մենավոր բանտարկությամբ։ Նույնիսկ մեծահոգաբար վերջին ցանկությունն են հարցնում։ ««Գիրք եմ ուզում կարդալ», - հանկարծ ասաց Ստրաուդը»։ Ցանկությունը բավարարվում է։ Բանտի գրադարանից կալանավորը առանց ընտրության գրքեր է վերցնում։ Միաժամանակ նա հացի փշրանքներով կերակրում ու բուժում է իր խցում հայտնված թռչուններին։ Հերթը հասնում է գյուտերին։

Շուտով բանտապետը հասկանում է, որ գործ ունի ոչ սովորական կալանավորի հետ․ «Նա գիտնական է դառնալու։ Այս անգրագետ, թշվառ մարդը։ Տեսե՛ք, թե բանտը ինչ հրաշքներ կարող է գործել»։ Բայց բանտապետը մտադիր չէր հանձնվել։ Իր մասնագիտությունը արդարացնելու համար նա նոր ճնշումներ պիտի բանեցներ ու կաղապարների մեջ դներ կալանավորին․ «Մեկ է, ես չեմ խոնարհվի քո առաջ։ Թող աշխարհը խոնարհվի, բայց դու իմ առաջ կխոնարհվես»։

Իսկ Ստրաուդի թևավոր ընտանիքը հետզհետե մեծանում էր։ Ցմահ անգործության մատնված կալանավորն այլևս ազատ ժամանակ չուներ։ Կերակրում էր, բուժում, նույնիսկ զանազան հնարքներ սովորեցնում․ «Ի վերջո կատարվեց հրաշք․ արհեստական պայմաններում, բանտում, թռչուններն սկսեցին բազմանալ ու սերունդ տալ»։ Կալանավորը ուսումնասիրում է կենդանական աշխարհը, կատարելագործում գիտելիքները․ «Բանտի գրադարանավարը զարմանքով է նշել, որ այդ տարիների ընթացքում կալանավոր Ստրաուդը կարդացել և «անգիր» է արել մոտ տասը հազար գիրք»։ Շուտով Ստրաուդը գտնում է նաև չարորակ տենդի բուժման միջոցը, որի վրա աշխարհի գիտնականները տասնյակ տարիներ գլուխ էին կոտրում։ Հայտնագործությունը հիացնում է աշխարհի թռչնագետներին, երկրի տնտեսությանը հսկայական գումարների օգուտ բերում։

Հրավերներն այնքան շատ էին, որ պալատը ստիպված է լինում գոնե մի անգամ ընդառաջել և ներկայացում սարքել։ Այդ ժամանակ խորհրդավոր գաղտնիքը դեռ չէր բացահայտվել, և Ստրաուդն ու բանտապետը, թանկարժեք կոստյումներ հագած, մասնակցում են թռչնագետների տեղական ընկերության կազմակերպած երեկոյին։ Հենց այդտեղ էլ ծպտյալ կալանավորը սիրահարվում է Հերային։

Ստրաուդը խախտել էր բոլորի անդորրը։ Հանգիստը կորցրել էր նաև թագավորը։ Նա ցանկանում էր կալանավորին տեղափոխել ուրիշ բանտ և խլել թռչունները։ Բայց Ստրաուդին օգնության են գալիս կարդացած գրքերը։ Նա արդեն գիտեր անելիքը։ Շուտով ամուսնանում է Հերայի հետ։ Այդ դեպքում, ըստ օրենքի, կալանավորին չէր կարելի տեղափոխել։ Հերայի շնորհիվ աշխարհը իմանում է, որ աշխարհահռչակ թռչնագետը ընդամենը երրորդ դասարանի կրթություն ունի և տասնյակ տարիներ տառապում է բանտում։ Բացի գիտական գրքերից՝ Ստրաուդը հեգնանքով ու դառն անկեղծությամբ հեղինակում է մի աշխատություն՝ ներկայացնելով այնպիսի փաստեր, որոնց մասին գիտեին միայն կալանավորներն ու բանտի վարչակազմը։ Նրա օգտին աշխարհի տարբեր անկյուններից բողոքի ձայներ են լսվում, կազմակերպվում են ցույցեր՝ պահանջելով ազատել կալանավորին։ Բայց Ստրաուդի վիճակը դրանից չէր թեթևանում։ Նա շարունակում էր պայքարել անհաղթահարելի և անհավասար ուժերի դեմ։

Թագավորը ելք էր որոնում և տարիներ շարունակ կրկնում էր նույն խնդիրը․ «Եթե ստեղծագործում է բանտում, ուրեմն ազատ է։ Եթե ազատ է, ուրեմն պետք է ոչնչացնել։ Եթե անհնար է ոչնչացնել, եթե աշխարհն էլ գիտե նրա մասին, ուրեմն ազգային հպարտություն է, պետք է ազատել։ Եթե անհնար է ազատել․․․»։ Ի վերջո, միապետը ելքը գտնում է։ Ստրաուդին պատասխանում է նրա իսկ զենքով։ Փնտրում է գրքերում ու գտնում մի աներևակայելի սխալ, որ թույլ էր տրվել հիսուն տարի առաջ․ «Ստրաուդին իրավունք չունեին մենավոր խցում բանտարկել։ Նա այդ կասի Ստրաուդի երեսին։ Ստրաուդը չի դիմանա ու կմեռնի»։

Կալանավորը հասկանում է, որ դրանով ուզում են զինաթափ անել իրեն։ Ի վերջո, ո՞վ հաղթեց։ Թագավո՞րը։ Կալանավո՞րը։ Իսկ գուցե խաղն ավարտվեց ոչ-ոքի։ Ստրաուդը մի բան լավ գիտեր․ իր դեմ մի ամբողջ մեքենա էր գործում։ Բայց ինչպե՞ս դիմացավ։ Այս հարցը տալիս է նաև պատանի Ստրաուդը, երբ այցի է գալիս կալանավորի մտապատկերներում․ «Մարդը մահկանացու է, - հանգիստ և արձանի պես անշարժ պատասխանեց Ստրաուդը։ - Բայց նա երբեք ստրուկ չի դառնա։ Այդ բառի ոչ մի իմաստով։ Եթե ինքը կամավոր չընդունի ստրկությունը»։ Նա նվաճել էր ազատությունը։

Այս դեպքը կատարվել է մի երկրում, որը հեղինակը պայմանականորեն անվանել է Ալկատրաս։ Դա նշանակում է, որ այս ամենը կարող է կատարվել ցանկացած երկրում։

Արթուր Իսրայելյան

14:00 07.07.2019

Ամենաշատ ընթերցվածները