ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հեղափոխական, քաղաքական կիքսեր
20:00 08.07.2019

Հեղափոխական, քաղաքական կիքսեր

Վերջին շրջանում ջրի երես ելան հեղափոխականների կուսակցության ճգնաժամային երևույթներ: Ճգնաժամ է այնքանով, որ այն, ինչ մենք տեսանք, հարիր է միջին վիճակագրական կուսակցության գործունեությանը, որը դժբախտաբար 28 տարի թամաշա ենք անում: Սկզբից իշխող կուսակցությունը տապալեց Աբովյանի ընտրությունները, հետո Կոտայքի մարզպետի և Սասուն Միքայելյանի փոխհրաձգությունը տեսանք, որտեղ Ռոմանոս Պետրոսյանը մեղադրեց Սասուն Միքայելյանին ընտրություններին չօգնելու համար, իսկ վերջինս լրագրողներին անեկդոտ պատմեց, որից պարզ դարձավ, որ ակնհայտ ներկուսակցական հակասություն կա, որը և բերեց պարտության: Դրանից որոշ ժամանակ անց իշխող մեծամասնությունը առաջադրում է ԲԴԽ անդամի թեկնածու և տապալում նրա ընտրությունը, քանի որ նույնիսկ հավես չեն արել հաշվարկել, որ խմբակցության մի մասը գործուղման մեջ է, և իրավաբանական գիտությունների դոկտոր Աննա Մարգարյանը կտապալվի բոլորիս աչքի առաջ: Ի դեպ, նա արդեն հարցազրույցում նշել է, որ այլևս երբեք իշխող կուսակցության անունից երկրորդ անգամ չի գնա այս քայլին: Ակնհայտ է, որ մի քանի տարի փաստաբան աշխատած 28 տարեկան երիտասարդի՝ վայրկենապես Արդարադատության նախարար դառնալու ֆոնին դոկտոր մարդը կարող է և վիրավորվել իր ընտրության գործընթացին շփերթ վերաբերվելու պատճառով: Կարելի է ափսոսալ ՔՊ-ի խնդիրների համար, կարելի է չարախնդալ, բայց այն, որ այս ուղտը կարող է ցանկացած քաղաքական ուժի դռանը չոքել, փաստ է: Եվ ուրեմն, եկեք հասկանանք՝ ինչու ստացվեց այն, ինչ ստացվեց:

Քաղաքական մեծամտություն

Հայաստանի բոլոր ներկա և անցյալ քաղաքական ուժերը ապրում են քաղաքական մեծամտության շրջան: Հենց այդ պահին է վրա հասնում պատիժը, երբ դուք մտածում եք, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, վերահսկվում է, և ժողովուրդն էլ ձեզ սիրում է: Ներկա իշխանավորներին հիշեցնեմ, որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը 90%-ից ավելի ձայն ուներ, իսկ ինչ եղավ հետո, բոլորս տեսանք: Այնպես որ՝ լավ հիշողություն ունեցող միջին վիճակագրական հայաստանցուն 70% ժողովրդի սիրով դժվար է զարմացնել: Թե՛ առաջին նախագահի օրոք, թե՛ վերջին ընտրությունների արդարության վերաբերյալ, կարծում եմ, ոչ մեկս չենք վիճելու: Քաղաքական մեծամտությունը ծնվում է քաղաքական տգիտության հիման վրա: Գյոթեն ասում էր, որ մարդիկ կխաչեն Հիսուսին նաև երկրորդ անգամ, եթե նա հանկարծ հայտնվի Երկիր մոլորակի վրա: Թող որ ոչ մի քաղաքական կուսակցություն չկարծի, թե իր ունեցած համաժողովրդական սերը հավերժ է: Հայաստանում քաղաքացիական և քաղաքական գիտակցությունները գտնվում են նվազագույն մակարդակի վրա, և դրանք են չար խաղ խաղում ցանկացած իշխող ուժի պարագայում: Քաղաքական առումով սիրուց ատելությանը անցնելու փուլն է շատ արագ, իսկ քաղաքացիական առումով մարդիկ բավականաչափ գիտակից չեն, որպեսզի իրենց դժբախտությունները չչափեն միայն իշխանությունների վարվելակերպով:

Սեփական ուժերը քիչ են

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերոնշյալ կիքսերը կամ բացթողումները հիմնականում բացատրվում են չափից ավելի սեփական ուժերին հավատալու հանգամանքով: Ցանկացած գործ միայն սեփական ուժերի հաշվին իրականացնելը չափազանց դժվար գործընթաց է: Մեր ոլորտի՝ լրագրության մեջ էլ է այդպես. դու կարող ես լավ սցենար գրել, ամեն ինչ ճիշտ պլանավորել, շքեղ նկարահանող խմբի հետ հասնել դեպքի վայր, բայց հիմնական դերակատարները անհավես խոսեն, խուսափեն, և ամեն ինչ տապալվի: Մի անգամ 350 կմ ճանապարհ էի կտրել հասել գլխավոր հերոսուհու տուն, որը ասաց, որ հանկարծակի գլխացավ ունի և ի վիճակի չէ հանգամանալից ներկայացնել խնդիրը: Փոշման վերադարձա տուն: Ամբողջ ճանապարհին մտածում էի, թե որքան փխրուն կարող է լինել սեփական ուժերի վրա վստահ լինելու հանգամանքը: Ժողովրդի կողմից սիրված և ընտրված քաղաքական ուժ լինելը նույնպես հօդս կցնդի, եթե ժողովրդի գլուխը պահի տակ ցավի լրիվ այլ հանգամանքների բերումով: Կադրային նշանակումների մասով հարցականները շատ են, եթե 28 տարեկան նորանշանակ Արդարադատության նախարարը դեռ որոշ ժամանակ ունի մեզ զարմացնելու և ապացուցելու, որ անփորձությունը և երիտասարդ տարիքը դեռ ոչինչ չեն նշանակում, ապա ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի՝ գեներալ-մայորի կոչում ստանալը իսկապես անհասկանալի է: Ոստիկանությունը ոչ մի ռեֆորմ չի իրականացնում, իսկ ԱԱԾ տնօրենը նկատողության կարիք ուներ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի առումով, այլ ոչ՝ կոչման բարձրացման: Բայց, ինչպես ասում է դասականը, մենք ով ենք, այսօր իրենք են իշխանությունը, և իրենք են որոշում ինչն է լավ, իսկ ինչը՝ վատ:

Խնամի, ծանոթ, բարեկամ երևույթը

Իհարկե, հասկանալի է, որ մեր երկիրը փոքր է, և նշանակումներ անելիս դժվար է 100 տոկոսով քեզ հետ կապ չունեցող մարդկանց աշխատանքի ընդունել: Ուղղակի անհասկանալի է, թե մինչև երբ է շարունակվելու այն հայկական արատավոր երևույթը, երբ պաշտոն զբաղեցնում են մարդիկ, որոնց առավելությունների շարքում դրված չեն հմտությունները, կարողությունները և փորձը, այլ միայն տվյալ նշանակողի հետ ունեցած խնամի, ծանոթ, բարեկամ կապը: Այս երևույթը խաթարում է մեր արժեհամակարգը՝ որպես ազգ: Հիշում եմ, դեռևս 6-րդ գումարման Ազգային ժողովի օրոք տղաս ինձ ասել էր, որ ես չստիպեմ նրան լավ սովորել, քանզի բարձրաստիճան պաշտոնյա դառնալու համար խելք պետք չէ: Փոխվեց ԱԺ կազմը, սակայն ես դեռ ապրում եմ այն վախով, որ իմ որդին կարող է կրկնել այս արտահայտությունը, իսկ որ ամենաողբերգականն է, ես չունեմ նրան հակադարձելու պատասխան նույնիսկ հեղափոխությունից հետո:

Վերջաբան

Այս հոդվածով ես չեմ չարախնդում, ուղղակի իսկապես ուզում եմ, որ մենք բոլորս մի պահ կանգ առնենք ու հասկանանք՝ ինչն ենք անում սխալ, որ միշտ ընտրում ենք փրկիչների, որոնք հետևում են հին ավանդական կառավարման մեթոդներին, դրանք են՝

  • Ես ամեն ինչ գիտեմ, դուք բոլորդ հիմար եք
  • Եթե այսպես եմ արել կամ նշանակել եմ ինչ-որ մեկին, ուրեմն մի բան գիտեմ
  • Խնդիրներ կան, բայց դա ձեր խնդիրը չէ, մի բան կանենք
  • Հիմա ի՞նչ է ձեր ասածը, ինձնից շա՞տ եք մտածում այս երկրի ու ժողովրդի մասին:

Ցուցակը, իհարկե, կարող եմ լրացնել, բայց դա ինքնանպատակ չէ, ինչպես որ շատ ու շատ մարդկանց իշխանության հասնելը: Հաճախ ընկերներով մտածում ենք, որ օգնել է պետք իշխանությանը, բայց, ինչպես կասեր Նժդեհը, «Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը»:

Նժդեհի բարոյական ՉԻ ԿԱՐԵԼԻ եզրույթը ես անձամբ կփոխեմ ՀՆԱՐԱՎՈՐ Չէ եզրույթով:

Արման Սուլեյմանյան

20:00 08.07.2019

Ամենաշատ ընթերցվածները