ԱՎԵԼԻՆ

Հասարակական

2015-18-ին ՀՀ-ում 10,737 ՃՏՊ է եղել. 1234 մարդ է զոհվել
16:00 09.07.2019

2015-18-ին ՀՀ-ում 10,737 ՃՏՊ է եղել. 1234 մարդ է զոհվել

2015-2018-ին Հայաստանում տեղի է ունեցել 10,737 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1234 քաղաքի, տուժել է 20,319 քաղաքացի։ Այս վիճակագրությունը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը «Հանրային տրանսպորտի պայթյուն, մարդկային զոհեր․ ովքե՞ր են ողբերգական ավտովթարի մեղավորներն ու պատասխանատուները» թեմայով քննարկմանը:

«Հսկայականթիվ է Հայաստանի նման փոքրիկ երկրի համար»,-ասել է Վրեժ Գաբրիելյանը՝ հավելելով, որ երթևեկության բոլոր մասնակիցները պետք է հետևեն ու պահպանեն երթևեկության կանոնները, այդ մշակույթը բոլորի կողմից պետք է հարգված լինի և ընդունվի, հայտնում է Panorama.am-ը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանն իր հերթին նշել է, որ անկախ մեքենայի մակնիշից ու ինչ վառելիքով է շահագործվում, եթե ճանապարհային երթևեկության կանոններին մենք չենք հետևում, վթարները անխուսափելի կլինեն:

2018 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 1711 ՃՏՊ, 2019-ի առաջին կիսամյակում՝ 2108 ՃՏՊ, համապատասխանաբար զոհվել է 139 քաղաքացի և 152 քաղաքացի, 2018-ի առաջին կիսամյակում տուժել է 2516, 2019-ի առաջին կիսամյակում՝ 2996 քաղաքացի։

«Սա խոսում է այն մասին, որ մեր երկրում այս ուղղությամբ բավականին լուրջ անելիք կա՝ սկսած Հայաստան ներկրվող տրանսպորտային միջոցներից, որոնց որոշակի ռեսուրսներ արդեն սպառված են լինում, չարիք են դառնում մեր երկրում, տեխնիկական սպասարկման կայաններում տրանսպորտային միջոցների վիճակի ճշգրիտ ստուգումից, ավտոճանապարհների վիճակից և երթևեկության կանոններից օգտվելու մշակույթից»,- ասել է Գաբրիելյանը։

Նա կարևորել է նաև գազաբալոններով շահագործվող մեքենաների դեպքում հենց գազաբալոնների փորձաքննությունը, որի վերաբերյալ որոշում կա, սակայն չի արվում, վերահսկող մարմին էլ չկա։ «Այդ որոշումը ճշգրտումների կարիք ունի, որով արդեն պարզ կլինի, թե ովքեր են պատասխանատուները, ովքեր են հետամուտ լինելու, ինչպես է իրականացվելու։ Որոշման փոփոխությունը պատրաստ է, ներկայացվել է կառավարությանը, սակայն դեռ չի հաստատվել»,- ասել է նա։

«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը նշել է, որ մեքենաների յուրաքանչյուր գազաբալոն պետք է ունենա իր փականը, որն ունի իր արտահոսքային կապույրը, այսինքն՝ երբ որ չափից ավելի գազ է դուրս գալիս բալոնից, ընդամենը փակում է գազաբալոնը, դրանով իսկ բացառվում է մնացած բոլոր հրդեհները։

«Սա տեխնիկական ճիշտ լուծում է, կիրառվում է ամբողջ աշխարհում, միջազգային ստանդարտ է։ Մենք առաջարկում ենք այդ ստանդարտը կիրառել Հայաստանում գազաբալոնային սարքավորումներով մեքենաների վրա»,- նշել է նա։

Մկրտիչ Տիգրանյանն ասել է որ 2015 թվականից տարբեր նախարարությունների հետ քննարկումների արդյունքում մշակել են նախագիծ, 2018-ի գարնանը ուղարկվել է կառավարություն, բայց հիմա չգիտի, թե ում դարակում է մնացել։

«Զանգել եմ, հետաքրքրվել եմ տարբեր նախարարություններից, թե ուր է հասել։ Նախարարն ասել է՝ դրա ժամանակը չէ։ Իսկ ե՞րբ է գալու դրա ժամանակը։ Տարիներ շարունակ անընդհատ պայթյուն, զոհ։ Քննարկենք, թե ինչպես ենք լուծելու։ Լուծումը կա, ընդամենը պետք է քայլ արվի։ Եթե պետք է, նորից դնենք այդ նախագիծն ու մասնագետներով քննարկենք, գուցե ավելի մատչելի դարձնենք ու բարելավենք»,- ասել է նա։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն ասել է, որ վարորդների 50 տոկոսից ավելի վարորդական իրավունքները հենց այնպես են գնել, չգիտեն երևեկության կանոններ, ինչը խնիդիր է, բերում է պատահարների։ Նա կողմնակից է, որ ամեն 100 մետրը մեկ արագաչափեր լինեն։ Արարատի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի ավագ մասնագետ Արմենակ Հակոբյանը, խոսելով Արարատի ճանապարհին տեղի ունեցած վթարի մասին, ասել է, որ ներմարզային երթուղում շահագործվող մեքենան շահագործվում էր 2019 թ. ապրիլից, ներկայացվել էր համապատասխան հանձնաժողովին, որը գնահատել էր մեքենայի վիճակ և մարզպետի որոշմամբ թույլատրվել էր մեքենան շահագործվել, վարորդի փաստաթղթերը համապասախանել են օրենսդրությամբ պահանջվող պայմաններին։

«Սպասենք փորձաքննության եզրակացությանը, թե ինչից է առաջացել հրդեհը, իսկ մեքենան շահագործման է հանձնվել նորմալ վիճակում, վարորոդը լավագույններից է եղել»,- ասել է նա։

Աղբյուրը՝ PanARMENIAN Network

16:00 09.07.2019