ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գետաձի հայեր
17:00 09.07.2019

Գետաձի հայեր

Կա հայի այդպիսի տեսակ, որին ես կոչում եմ գետաձի: Շաբաթ օրը գերեզմանատուն որոշեցինք գնալ: Առաջին փորձից չհաջողվեց մոտենալ մեր հարազատի շիրիմին, քանզի մի քանի հայ գետաձի որոշել էր մի քանի մեքենայի անկանոն կանգառով արգելափակել ճանապարհը: Որոշեցի չնյարդայնանալ և վերևի ճանապարհով գնացի: Այնտեղ նույնպես մեկ այլ վարորդ թողել էր մեքենան ճանապարհի ուղիղ մեջտեղին: Ընդամենը կես մետր աջ կամ ձախ, և ես կանցնեի, բայց գետաձին պետք է իր տարածքը արգելափակած պահի, ինչի մասին է խոսքը: Ձայնային ազդանշան տվեցի և գոռացի, որ գան քաշեն մեքենան: Երևի ուժեղ գոռացի, որովհետև նույնիսկ լացող կանայք ձայները կտրեցին:

Որքան շատ էր իմ զարմանքը, երբ գերեզմանատնից դուրս գալու ճանապարհին հանդիպեցի երրորդ գետաձիուն, ով կարողացել էր տվյալ գերեզմանատան միջին ճանապարհից երկու անգամ լայն ճանապարհը արգելափակել այնպես, որ ես արդեն դուրս եկա մեքենայից ու հայտնեցի գետաձիուն իր կենդանական պատկանելիության մասին: Երիտասարդը խառնվեց ու սկսեց ինձ վրա գոռալով համոզել, որ ինքը տիրապետում է կանոններին:

Այդ կենդանու վարքին հարիր դրսևորումներ կարելի է տեսնել ոչ միայն Երևանում ու Արարատյան դաշտավայրում, այլև մարզերում։ Նկատած կլինեք, որ հուղարկավորությունների ժամանակ առանձին խմբեր քիչ հեռանում են արարողության վայրից ու, մոռանալով, թե ուր են եկել, սկսում են քահ-քահ ծիծաղել։ Ու եթե հանգուցյալի հարազատներից մեկի հայացքը դա նկատի, ապա նախապես հայտնած ցավակցությունը ի չիք կդառնա, քանի որ դա գետաձի տեսակի մարդու խոսք էր։

Այո՛, գետաձին էլ կարող է որոշ կանոնների տիրապետել կրկեսում, բայց դա իր կենդանի էությունը դժվար թե փոխի: Խնդրում եմ, աղաչում եմ, մարդի՛կ, մի՛ եղեք գետաձի, մա՛րդ եղեք և մտածե՛ք, որ միայն դուք չեք այցելում ձեր հանգուցյալներին: 

Ցավակցում եմ Արարատի մարզում և այլուր գետաձիության պատճառով տուժածների հարազատներին:

«Զանգեզուր պրես»

17:00 09.07.2019

Ամենաշատ ընթերցվածները