ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կոխ ըմբշամարտի առաջնությունը՝ Քաջարանում
19:00 09.07.2019

Կոխ ըմբշամարտի առաջնությունը՝ Քաջարանում

Հուլիսի 5-7-ը Քաջարանում կայացավ «Հայկական կոխ» ըմբշամարտի ՀՀ մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում էր 9 հավաքական թիմ հանրապետությունից և Արցախից։

Կոխը հայկական ազգային մենամարտի տեսակ է, հնում եղել է տոների, ծիսակատարությունների, արարողակարգերի անբաժանելի մասը: Այն հաճախ դարձել է հայ գրողների համար ստեղծագործական ոգեշնչման աղբյուր, այս մասին հիշատակում կա նաև մեծ լոռեցու՝ Հ. Թումանյանի «Անուշ» անմահ պոեմում:

Սկզբում մարզիկները ավանդական պար են պարել, հետո նոր՝ մենամարտել: Պարտադիր սպորտային հագուստի մաս են կազմել փափուկ կիսաճտքավոր կոշիկները, նաև մարզաչուխաները:

Մարտի տևողությունը ուղիղ 5 րոպե է:

Երկար ժամանակ մարզաձևը մոռացության էր մատնվել՝ պահպանվելով միայն ՀՀ Լոռու, Շիրակի մարզերում և Ջավախքում:

Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նպատակն է՝ պահպանել մեր ազգային սպորտային մարզաձևն ու տարածել: Վերջինս վերակազմավորվել է 2015 թվականին:

Ֆեդերացիայի նախագահ, հունահռոմեական ըմբշամարտի 2001 թվականի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը (ով ղեկավարում է ֆեդերացիան 2015 թվականից) պատմեց, որ կոխը ոչ միայն սպորտաձև է, այլ նաև՝ մշակույթ, և որ անչափ կարևորում է՝ մարզաձևի մասայականացումը՝ հանրապետության տարբեր մարզերում:

«Այժմ աշխարհում, մասնավորապես ԱՊՀ անդամ երկրներում, մարդիկ անում են հնարավորը՝ ազգային ավանդական մարզաձևերի պահպանման ու տարածման համար: Հայաստանը ևս բացառություն չէ, և հենց այս գործընթացը մենք փորձում ենք իրականություն դարձնել, այն մեր հիմնական նպատակներից է: Մրցաշարի անցկացման վայր ընտրվեց Քաջարանը՝ մի քանի հանգամանքով պայմանավորված. համայնքի ղեկավարության ու մարդկանց՝ շահագրգիռ լինելու, ինչպես նաև մարզադպրոցի՝ նման միջոցառումներ անցկացնելու համար անհրաժեշտ պայմաններով», - նշեց Վ. Գալուստյանը:

Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ սա ազգային կոխի երրորդ առաջնությունն էր: Առաջինը կայացել էր Վանաձորում, երկրորդը՝ Սպիտակում: Ի դեպ, նշենք, որ փոքր քաղաքի համար ապորտային մեծ իրադարձություն էր, այն դիտելու, մարզիկներին քաջալերելու էին եկել սպորտի բազմաթիվ սիրահարներ, պարզապես քաղաքացիներ, ակտիվ էին Քաջարանում արդեն մի քանի տարի գործող ամառային բակային ճամբարի սաները:

Սկզբում ցուցադրական ելույթներով հանդես եկան Քաջարանի մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզության սաները, քաղաքի «Զանգեզուր» պարային համույթը և վոկալ խումբը:

ՀՀ դրոշը բարձրացնելու պատիվը տրվել էր Մինսկի եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր  Դավիթ Գրիգորյանին (Արցախ), ով էլ 90 կգ քաշային կարգում զբաղեցրեց առաջին պատվավոր տեղը: 

Նույն քաշային կարգում երկրորդը Հայաստանի ձյուդոյի չեմպիոն Կարեն Ստեփանյանն էր՝ Վանաձորից:
Քաջարանցի մարզիկներից լավագույն արդյունք գրանցեց 90 կգ քաշային Հովհաննես Գրիգորյանը (մարզիչ՝ Քաջարանի մարզադպրոցի տնօրեն, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Մերուժան Աթայան), ով նվաճեց բրոնզե մեդալ։

Մրցաշարի կայացման աջակիցներն էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Քաջարանի համայնքապետարանը:

Առաջնության ընթացքին հետևում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Կապան և Մեղրի համայնքների ղեկավարներ Գևորգ Փարսյանն ու Մխիթար Զաքարյանը:

Պատվավոր հյուրերի թվում էր սամբո ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Աշոտ Դանիելյանը:

Ֆեդերացիայի նախագահը, օգտվելով առիթից, շնորհակալական խոսք հայտնեց Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին, կոմբինատի ղեկավարությանը՝ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի և պատշաճ մակարդակով կազմակերպած աշխատանքի համար:

Լիլիթ Իսրայելյան

19:00 09.07.2019

Ամենաշատ ընթերցվածները