ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանի բնակչությունը կնվազի, մինչդեռ Թուրքիայում ու Ադրբեջանում աճ կգրանցվի
15:00 10.07.2019

Հայաստանի բնակչությունը կնվազի, մինչդեռ Թուրքիայում ու Ադրբեջանում աճ կգրանցվի

Ներկայումս ՀՀ  բնակչությունը կազմում է 2 միլիոն  962 հազար 100 մարդ: Կանխատեսումների համաձայն, մինչև 2025 թվականը Հայաստանի բնակչությունը կավելանա 15.000-ով, այնուհետև շարունակաբար կնվազի՝ հասնելով 2 միլիոն 816 հազարի, այսինքն` մոտ 150 հազարով բնակչության թվաքանակը կնվազի։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Աշխարհի բնակչության հեռանկարները» ուսումնասիրության արդյունքները։

Հայաստանում ներկայումս ծնելիության գումարային գործակիցը 1,6 է, այսինքն մեկ կինն իր  ամբողջ վերարտադրողական  կյանքի ընթացքում ունենում է 1,6 երեխա։ Մինչև 2050 թվականն այն կշարունակի աճել՝ կազմելով 1,77 երեխա։

Հայաստանում մայրանալու միջին տարիքը 25 տարեկան է, կինն առաջին անգամ երեխա է ունենում 25 տարեկանում, սակայն, Ա. Հովհաննիսյանի խոսքով, ամբողջ աշխարհին համընթաց, Հայաստանում մայրանալու միջին տարիքը գնալով բարձրանալու է՝ հասնելով մոտ  30 տարեկանի, ինչը  բավականին բարձր թիվ է։

«Եթե կինն իր վերարտադրողական տարիք ուշ է մտնում, իսկ կանանց մոտ վերատադրողական տարիքը սկսվում է 15 տարեկանից, ավարտվում 49 տարեկանով,  այնքան քիչ երեխաներ կկարողանա ունենալ»,- ասաց նա։

Հայաստանում մոտակա 30 տարվա ընացքում նորածնային մահացության գործակիցը  շարունակաբար նվազելու է  գրեթե 2 անգամ, ինչը, նրա խոսքով, լուրջ նվաճում է, հասնելու են  գրեթե  եվրոական միջին մակարդակին։

Ներկայումս Հայաստանում 100 աղջկա հաշվով ծնվում է 111 տղա երեխա, բայց մինչև 2050 թվականբ այն գնալով կնվազի, կհասնի բնական թվին՝  տղաները մի փոքր ավելի շատ են ծնվում, քան աղջիկները։

Եթե ծնելիության գումարային գործակիցը աճում է, ապա ինչո՞ւ է բնակչության թվաքանակը նվազում հարցին ի պատասխան Ա. Հովհաննիսյանն ասաց, որ հիմնական պատճառն արտագաղթն է, որը կար անցյալ տարիներին, շարունակելու է մնալ հիմնական պատճառը։ Միգրացիայի գործակիցը շարունակելու է աճել, սակայն ոչ արագ տեմպերով, քան մնացած գործակիցները։

«Բայց ինչպես հիմա, այնպես էլ 30 տարի անց, Հայաստանում ունենալու ենք միգրացիոն բացասական սալդո»,- ընդգծեց նա։

Հայաստանի բնակչությունը շարունակում է ծերանալ, ինչի հիմնական պատճառը կյանքի սպասվելիք միջին տևողությունն է, որը ներկայումս կազմում է 75,3 տարի, սակայն մինչև 2050 թվականը հայաստանաբնակ քաղաքացիների կյանքի միջին տևողությունը կհասնի  80 տարեկանի։ Ինչպես աշխարհում, Հայաստանում էլ տղամարդիկ ապրում են 7 տարով ավելի պակաս, քան կանայք։ Արդեն 2050 թվականին կլինեն այնպիսի երկրներ, որտեղ տարեցների թիվը կկրնապատկավի, դրանց թվին է պատկանում նաև Հայաստանը։ Հիմա Հայաստանում 11,6 է կազմում տարեցների տեսակարար կշիռը, 2050 թվականին հասնելու է գրեթե 22 տոկոսին։ Սա նշանակում է, որ ՀՀ  բնակչության 5-ից 1-ը լինելու է 65 և  բարձր տարիքի։ Այժմ կախյալության գործակիցը կազմում է՝ 5 աշխատող տարիքի բնակիչ հոգ է տանում 1 տարեցի մասին, հետագայում այդ թիվը կրկնակի նվազելու է՝ 2,9 աշխատունակ տարիք բնակիչ հոգ է տանելու 1 տարեցի մասին։

Ա. Հովհաննիսյանն ասաց, որ սա իր հետ բերելու է լուրջ սոցիալական բեռ պետության և աշխատունակ տարիքի բնակչության վրա։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցչի պաշտոնակատար Ծովինար Հարությունյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը սերտ համագործակցում է  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ, վերջերս վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային կոմիտե, մի քանի նիստ գումարվել է։

«Այս տվյալները ներկայացվելու են, վստահ եմ, որ կքննարկվեն։ Այսօր խնդիրն ընդունվում է  ամենաբարձր մակարդակով որպես ամենաառաջանային և լրջագույն խնդիրներից մեկը, մշակվում են նոր քաղաքականություններ, ծրագրեր։ Կա քաղաքական կամք, որպեսզի ֆինանսական միջոցներ դրվեն ժողովրդագրության իրավիճակի բարելավման ծրագրերի իրականացման համար»,- ասաց նա։

Ծ. Հարությունյանի խոսքով, պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ ավելի շատ թվով երեխաներ ունենան, աշխատատեղեր ստեղծվեն,  բնակարանային պայմանները բարելավեն, ընտանիքներին այնպիսի աջակցություն ցուցաբերեն, որ կարողանան կարիերան և ընտանիքը, կրթությունն ու ընտանիքը կարողանան համատեղել, ճկուն աշխատաժամերով աշխատել։
«Այս աշխատանքների համախումբը բերելու են դրական փոփոխությունների»,- ասաց նա։

Ներկայացված տվյալների համաձայն, Ադրբեջանի  բնակչությունը ներկայումս գրեթե 10 միլիոն է, այն շարունակելու է աճել՝ 2050-ին հասնելով 11 միլիոնից մի քիչ ավելիի։ Վրաստանում մոտակա 30 տարվա ընթացքում բնակչության թվաքանակը  գերթե կես միլիոնով նվազելու է, քանի որ, նրա խոսքով, ժողովրդագրական միտումները նման են ՀՀ-ին. ծնելիության գումարային  գործակիցը ցածր է պարզ վերարտադրությունից։

Թուրքիայի և Իրանի բնակչությունը  շեշտակի աճելու է, որովհետև այդ երկրներում ծնելիության  գումարային գործակիցը շատ ավելի բարձր է պարզ վերարտադրությունից։

Աղբյուրը՝ Panorama.am

15:00 10.07.2019

Ամենաշատ ընթերցվածները