ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վթարային իրավիճակը չի բացառվում «Սատանի կամրջի» մոտ
16:00 10.07.2019

Վթարային իրավիճակը չի բացառվում «Սատանի կամրջի» մոտ

«Հուլիսի 3-ին 4 մետր լայնությամբ ու 40 մետր երկարությամբ հողազանգվածի նոր փլուզում է տեղի  ունեցել, սողանքը ակտիվ է», - ասում է մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Ռոմա Սահակյանը՝ ներկայացնելով դեռևս հունիսի 16-ին Հալիձոր գյուղի հարակից տարածքում արձանագրված սողանքի շարժը։ Տարբեր ժամանակահատվածներում նույն տեղանքում երեք անգամ արդեն նկատվել է հողի սողք, որը զգալի չափերի է հասնում։ Հիշեցնենք, որ առաջին անգամ, երբ հողազանգվածը փլուզվել էր, անվտանգության նկատառումներից ելնելով, 4-5 օր արգելվել էր մուտքը «Սատանի կամուրջ» բնության հուշարձան, քանի որ այդ հատվածը  հուշարձանից մոտ 2 կմ վերև է գտնվում, և մի քանի հազար խորանարդ մետր հողը թափվելով՝ փակել էր Որոտան գետի հունը, որը ջուրը հաջորդ օրերին աստիճանաբար բացեց։  

Մարզպետարանի բնակարանային և ենթակառուցվածքների բաժնի պետ Էդուարդ Միրզոյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակի մասին գրավոր դիմել էին արտակարգ իրավիճակների նախարարին։ Վտանգներից խուսափելու համար տեղեկացրել էին, որ մասնագիտական ուսումնասիրության անհրաժեշտություն է զգացվում։ Հունիսի 26-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետներից կազմված խումբը գործուղվել է մարզ, ակնադիտական ուսումնասիրություններ կատարել և ներկայացրել  Հալիձոր-Տանձատափ սողանքային գոտու վիճակը։ «Եթե սողանքային երևույթները էլ ավելի ակտիվանան, հնարավոր է պատվարի փլուզում, ինչն էլ իր հերթին անկանխատեսելի հետևանքների կարող է հանգեցնել, կուտակված ջրացեխային զանգվածը վթարային իրավիճակ կստեղծի «Սատանի կամրջի» տեղամասում», - այս մեջբերումը մասնագետների ուսումնասիրման արդյունքում մարզպետարանին տրամադրած փաստաթղթից է։ Վերջիններս նաև հետագա անելիքների, միջոցառումների ծրագիր են ներկայացրել մարզպետարան։

Տեղանքը դժվարանցանելի է, տրանսպորտային միջոցների համար՝ անհասանելի։ Էդուարդ Միրզոյանը նշեց, որ, հաշվի առնելով այդ հանգամանքը, մասնագետները ուսումնասիրության այլ մեթոդ են ընտրել, որը առավել երկարատև է։ «Տեղամասի համալիր երկրաֆիզիկական ուսումնասիրությունների կարիք կա, այս պահին մասնագետները նաև ուսումնասիրում են տվյալ տարածքի արխիվային փաստաթղթերը՝ պարզելու համար, թե երբևէ այդ հատվածում սողանքային երևույթներ նկատվել են, թե ոչ, նաև սողանքային մարմնի սահքի մակերևույթի հայտնաբերման և տարածական քարտեզագրման անհրաժեշտություն կա», - ասում է։

Մասնագիտական խմբի առաջարկությունների փաթեթը թե երբ գործնական աշխատանք կդառնա, դեռ հստակություն չկա։ Ուսումնասիրության արժեքը 3 միլիոն 800 հազար դրամ է, իսկ թե ով պետք է հատկացնի միջոցները, առայժմ պարզ չէ։ «Դիմել ենք կառավարություն՝ ֆինանսական միջոցների հատկացման համար, դեռ հստակություն չկա, բայց տվյալ հարցը գտնվում է փոխվարչապետի ուշադրության կենտրոնում», - եզրափակեց խոսքը մարզպետարանի բնակարանային և ենթակառուցվածքների բաժնի պետ Էդուարդ Միրզոյանը։

Մարզային փրկարարական վարչությունից էլ տեղեկացրին, որ գրունտը գերհագեցած է ընդերքային ջրերով, ուստի վերահսկողությունը տվյալ տարածքում շարունակվում է։

Նելլի Միրզախանյան

16:00 10.07.2019

Ամենաշատ ընթերցվածները