ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Նվիրվում է բռնության ֆլեշմոբին
17:00 10.07.2019

Նվիրվում է բռնության ֆլեշմոբին

Ուրեմն 2000 թվին պարտադիր զինվորական ծառայության էի, ու առաջին գիշերն էր: Քնից վեր թռա ու հասկացա, որ հոսանքահարել էին, մի քանի վայրկյան լեզուս փաթ էր ընկել․ չէի կարողանում հայհոյել: Դե, հետո էլ հաջորդեցին դասական տուրուդմփոցն ու ծեծուջարդը: Հները որոշել էին նորակոչիկներին հոսանքի միջոցով կամքի ամրության թեստ անել:

Ո՛չ, սա բռնության ֆլեշմոբին մասնակցության համար չեմ գրում, ուղղակի գրում եմ հետևյալի համար: 

Բռնության ֆլեշմոբը, որ սկսվեց, ենթադրում եմ, չեխ աղջկա հետ պատահածից հետո, որոշ ընկերների մոտ վեր է ածվել գենդերային պայքարի: Եվ այդ պայքարի գերմեղավորը տղամարդն է: 

Դե, իհարկե, սրա մեջ կա ճշմարտություն, բայց վրիպումը այն է, որ որոշ կանայք կարծում են, ավելի ճիշտ վստահ են, որ բռնության հիմնական զոհը կինն է: Եվ նրանք կարծում են, ավելի ճիշտ՝ վստահ են, որ տղամարդկանց մեծ մասը համարում է, որ տանը պետք է լինի բռնարար, որը ընտանիքի գլուխն է, և որը ընտանիքին ապահովություն և բարեկեցություն է մատակարարում: Եվ այդ ցեղապետը պետք է լինի արական սեռի: Եվ կարծում են, որ հենց այս ցեղապետերն էլ իրենց թույլ են տալիս կանանց նկատմամբ բռնություն գործադրել կամ էլ առնվազն արդարացնել դա:

Խնդիրը այն է, որ համացանցի հայկական տիրույթում ահա մի քանի օր տևող բռնության դեմ ալիքը, որը, իհարկե, վատ բան չէ (չհաշված իռացիոնալ դաշտ տեղափոխված որոշ կանանց), չի փորձում լուծումներ գտնել, այլ ընդամենը մեղադրանքներ է հնչեցնում՝ փորձելով իդենտիֆիկացնել զոհին և հանցագործին: Իհարկե, այս ալիքը շուտով կանցնի, և մեր հանրությունը կշարունակի ապրել նույն բռնության մշակույթի պայմաններում: Ինչու՞, որովհետև մենք չենք փորձում պատճառները և բռնության հիմնական աղբյուրները հասկանալ և լուծումներ գտնել:

Ես փորձեմ մի միտք այստեղ արտաբերել, որ, իմ կարծիքով, Հայաստանում բռնության մշակույթի կրող հանրություն լինելու հիմնական պատճառներից է:

Հայաստանում օրենքի գերակայություն չկա, կա պարտադիր զինվորական ծառայություն և կա երկարաձիգ պատերազմ:

Կթվա, թե սրանք ինչ կապ ունեն: Փորձեմ բացատրել միտքս: Հայկական բանակը, որտեղ ծառայում է տղամարդկանց ավելի քան 90%-ը, բռնության աղբյուր և օրրան է: Այստեղ բոլորը գալիս են կամ բռնանալու, կամ դրանից խուսափելով առնվազն բռնության պասիվ զոհ լինելու: 

Բռնացողները դա անում են սեփական կարևորությունը և դիրքը հաստատելու համար, որը նրանց հաջորդ տարիներին կապահովի լավ պայմաններ՝ սննդի, շորի, կենցաղային այլ պայմանների և ընդհանրապես ամբողջ ծառայության ընթացքի մասով: Եվ սա, իհարկե, տեղի է ունենում մյուսների հաշվին, այսինքն՝ բռնության ենթարկվողների: 

Չեք հավատա, բայց բռնության ենթարկվածներն էլ իրենց հերթին բռնության են ենթարկում իրենց միջի թույլերին և այսպես գոյատևում են երկու տարի: Եվ հետո այս բռնության մեջ երկու տարի կոփված և բռնությունը նորմ ընկալող երիտասարդները վերադառնում են հանրություն: 

Եթե ուշադիր եղաք, գրեցի, որ բռնության ենթարկվածն էլ իրենից թույլին է բռնության ենթարկում, և այս շղթան գնում մտնում է ընտանիքներ, հասնում կանանց և երեխաներին:

Այս պայմաններում բռնությունը դառնում է նորմ, իսկ բռնություն կիրառելը՝ համաչափ: Հաշվի առնելով նաև, որ չկա օրենքի գերակայություն և՛ բանակում, և՛ քաղաքացիական կյանքում` կանխելու և պատժելու բռնության բոլոր դրսևորումները (անկախ նրանից՝ բռնարարը օլիգարխի որդի է, թե` հասարակ բանվորի):

Եթե շարունակեմ գրել, շատ երկար է լինելու: 

Ընդամենը ուզում էի ասել, որ, այո՛, մենք բռնության մշակույթ կրող ժողովուրդ ենք, և սա ցավալի է: Բռնության աղբյուր են ոչ միայն հանրության հետադիմական ընկալումները, այլ նաև բանակը, օրենքի գերակա չլինելը և երկարաձիգ պատերազմը: 

Եվ, այո՛, բռնության հիմնական աղբյուրը տղամարդն է, բայց այն առաջին հերթին կիրառվում է հենց տղամարդկանց ուղղությամբ, միայն հետո՝ կանանց և երեխաների: 

Եվ այո՛, բռնության զոհ են ավելի շատ հենց տղամարդիկ` լինելով նաև բռնության հիմնական աղբյուր: 

Բավական է ուշադիր հետևել մեր երթևեկությանը, և դրանում կհամոզվեք (երբ մի քանի ազդանշանին հաջորդում են հայհոյանքները, հետո՝ ծեծուջարդը):

Եթե լուծում եք ուզում, չկա այլ տարբերակ, քան օրենքի գերակայության երկիր ստեղծելը, իսկ բանակը՝ որպես բռնություն սնող հիմնական աղբյուր, վերափոխել ու բարեփոխելը` նաև այն ամբողջովին վարձկաններով համալրելը:

Դե, իհարկե, սրան զուգահեռ նաև դպրոցներում երեխաներին` հոգեբանականից սկսած մինչև ֆիզիկական բռնության ենթարկելու դեպքերը կանխելը (ԱՄՆ-ում սրանով զբաղվում են ծնող-կոմիտեները):

Հ.Գ.

Եթե նկատեցիք, չառանձնացրի սեռական բնույթի բռնության դրսևորումները, քանի որ, կարծում եմ, դա իր առանձնահատկություններն ունի՝ պայմանավորված նաև հոգեկան և վարքային շեղումներով: Հետևաբար՝ ավելի խորքային վերլուծության առարկա է:

Մտքերը և փաստերը իրական են, սակայն թույլ տվեք այս անգամ չներկայանալ իրական անունով։ Իմ անունն է Բանէր, իսկ ազգանունս՝ Ասեց։ 

Հարգանքով՝

Անկեղծորեն ձեր

Բանէր Ասեց

17:00 10.07.2019

Ամենաշատ ընթերցվածները