ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մի՛ շտապեք, տանը ձեզ սպասում են
14:00 11.07.2019

Մի՛ շտապեք, տանը ձեզ սպասում են

Անցած շաբաթ համացանցի երևի թե ամենաշատ քննարկված թեման հուլիսի 6-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարն էր, որի հետևանքով բռնկած հրդեհի զոհ դարձավ 7 հոգի, մի քանիսն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Դրան հաջորդեց հուլիսի 7-ին Վրաստանում հայկական համարանիշով մեքենայի ողբերգական վթարը, որը խլեց 3 մարդու կյանք։ Այս շարքը, իհարկե, կարելի է շարունակել, քանի որ, դժբախտաբար, դեպքերի պակաս չի զգացվում։

Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո տարբեր հարթակներում սկսվեցին թեժ քննարկումներ, որոնցում մեղադրական խոսքեր հնչեցին ճանապարհային ոստիկանության (այս դեպքում համաձայն ենք, որովհետև շատերը կփաստեն, որ թավշյա հեղափոխությունից հետո ճանապարհային ոստիկանները ավելի «հանդուրժող» են դարձել, բայց նրանք մոռանում են, որ հեղափոխությունը, նախևառաջ, մարդկանց ուղեղում պետք է տեղի ունենա), վարորդների անկանոն երթևեկության հասցեին և այլն։

Պաշտոնատար անձինք նույնպես խոսեցին, բայց հիմնականում սահմանափակվելով զոհվածների հարազատներին ցավակցելով։ Բայց արդյո՞ք միայն ցավակցություն հայտնելը խնդրի լուծում է, իհարկե՝ ոչ։ Հարկավոր է լուրջ ուսումնասիրություն իրականացնել, թե ինչու է ավելացել ՃՏՊ-ների թիվը։ Մեկ պատճառաբանություն այս պահին արդեն իսկ կարող եմ ասել՝ ավելացել է մեքենաների թիվը, բայց արդյո՞ք սա կարող է մեղմացուցիչ հանգամանք լինել։ Բնականաբար՝ ոչ։ Եթե նժարին մարդկային կյանք է դրված, ապա զանազան վիճակագրական տվյալները զոհվածների հարազատներին դժվար թե փարատեն։

2015-2018-ին Հայաստանում տեղի է ունեցել 10737 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1234, տուժել 20319 քաղաքացի։ Այս վիճակագրությունը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը։ 2018-ի առաջին կիսամյակում գրանցվել է 1711 ՃՏՊ, 2019-ի առաջին կիսամյակում՝ 2108 ՃՏՊ, համապատասխանաբար զոհվել է 139 քաղաքացի և 152 քաղաքացի, 2018-ի առաջին կիսամյակում տուժել է 2516, 2019-ի առաջին կիսամյակում՝ 2996 քաղաքացի։ Թվերը առավել քան խոսուն են։

Սակայն այս օրերին զանազան կայքերում տեղ գտած վիճակագրական տվայլներում չենք հանդիպում մեկ այլ, թվում է՝ պարզ, բայց իմ կարծիքով ամենատրամաբանական տվյալներ։ Այդ ՃՏՊ-ներից քանի՞սն է տեղի ունեցել արագության գերազանցման, քանի՞սը վարորդի ոչ սթափ վիճակում գտնվելու, քանի՞սը երիտասարդ վարորդների, քանի՞սը փորձառուների, քանի՞սը ամրագոտու բացակայության, քանի՞սը եղանակային պայմանների, ճանապարհի վիճակի կամ տեխնիկական անսարքության պատճառով։ Քանի դեռ պատճառները բացահայտված չեն, չի կարող նաև ՃՏՊ-ների կանխարգելման մեխանիզմ մշակվել։ Անունը պատահար է, բայց դա պատահականությու՞ն է, թե՞ օրինաչափություն։

Իհարկե, շատ կարծիքներ հնչեցին, մի դեպքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հարկավոր է չեղարկել բոլոր վարորդական իրավունքները, քանի որ դրանք տարիներ շարունակ այլ մեխանիզմով են տրվել, մի դեպքում առաջարկվեց վերացնել մեքենաների գազաբալոնային համակարգը և էժան գնով ներկրել դիզելային վառելիք, մեկ այլ դեպքում՝ ճանապարհներին տեղադրել գովազդային վահանակներ երեխաների պատկերով, ով հայրիկին կոչ կանի չշտապել և այլն։

Այս բոլոր առաջարկները, թվում է, առաջին հայացքից վատը չեն, բայց նորից կրկնեմ, մենք այս պահին միայն գիտենք, որ տարեկան իքս թվով մարդ է զոհվում ՃՏՊ-ներից, բայց չգիտենք՝ ինչու։ Տարիներ առաջ, երբ արագաչափեր տեղադրեցին այն պատճառաբանությամբ, որ դա կնվազեցնի պատահարների թիվը, մոռացան այն կարևոր հանգամանքը, որ մենք հայ ենք և սիրում ենք օրենքը շրջանցել, ասելս այն է, որ արագաչափից 50 մետր առաջ և հետո արագությունը նվազեցնում ենք, բայց հենց անցնում ենք՝ նորից ոտքը դնում ենք «գազին»։

Մարդը ունի ապրելու իրավունք, ուրեմն օր առաջ սթափվենք և մեզ ու դիմացինին չզրկենք ապրելու իրավունքից։ Հետևենք գոնե այս պահին սահմանված երթևեկության պահանջներին, օրինապաշտ դառնանք, և, համոզված եմ, էականորեն կնվազի պատահարների թիվը։ Ի դեպ, Գագիկ Շամշյանի այն հաղորդաշարն էլ, որտեղ ստիպված ենք տեսնել պատահարի սահմռկեցուցիչ դրվագներ, լսել մարդկանց լացն ու տեսնել նրանց ցավը, կամ էլ լսել լրագրողի դաստիարակչական խոսքերը, «իրավիճակը» չի փրկում, առաջարկում եմ ուրիշի ցավը չբերել մարդկանց տներ՝ ռեյտինգ հավաքելու հաշվին։

Արմինե Հարությունյան

14:00 11.07.2019

Ամենաշատ ընթերցվածները