ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Շուտ կողմնորոշվել և գործել հստակ
14:00 12.07.2019

Շուտ կողմնորոշվել և գործել հստակ

Օդաչուները «հիվանդ» մարդիկ են։

                                                                  Գարուշ Նիկողոսյան 

Վերջերս դիտարկումներ կատարելու նպատակով Կապանի օդանավակայանում էր ՀՀ օդային տարածքի կառուցվածքի ռազմաքաղաքացիական համագործակցության մասնագետ, ինժեներ, օդաչու Գարուշ Նիկողոսյանը։ Օգտվելով առիթից՝ զրուցեցինք մասնագետի հետ։  

Փորձառու օդաչուն Կապանի օդանավակայանի մասին նշեց․ «Տարածաշրջանի ռելիեֆին քաջ ծանոթ եմ, ողջունում ու կարևորում եմ այս օդանավակայանի վերագործարկումը։ Առաջին հերթին ռազմավարական նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար»։

«Ինձ համար օդում գտնվելը գերագույն վեհություն է։ Որքան ժամանակն առաջ է ընթանում, այնքան ես ջանում եմ շարքերում մնալ․ սա իմ կյանքն է», - ասում է օդաչուն։ Երբեք չի պատկերացրել, որ կարող է թռչել, քանի որ, ինչպես ասում է փորձառու օդաչուն, ծնվել ու մեծացել է գյուղում։ Մտածում էր, որ պետք է գյուղատնտես-մեխանիզատոր դառնար, անգամ ուսանել է այդ մասնագիտությամբ։ Դրանից հետո սովորել է ավիամոդելավորում մասնագիտությունը, ապա գործուղվել Սախալինի ավիացիոն գունդ, որտեղ վերջնականապես սիրահարվել է ավիացիային։ Այնուհետև աշխատանքի է անցել քաղավիացիայում, որպես երկրորդ օդաչու։

Գարուշ Նիկողոսյանը մեծ ոգևորությամբ վերհիշում է կյանքի ամենահետաքրքիր պահերը։ «Շատ լավ հիշում եմ առաջին օդանավը՝ ЯК-18 А-ն։ Էսկադրիլիայի հրամանատարը հարցրեց․ «Դե ինչ, Նիկողոսյան, կթռչե՞ս, թե՞ չէ»» «Իհարկե, ընկեր հրամանատար, կթռչեմ»։ Գիտե՞ք՝ ինչ զգացողություն է, երբ օդում մենակ ես, և կողքիդ ոչ ոք չկա․ գերագույն վեհություն»։

1970-ականներին Աֆղանական պատերազմի ժամանակ ռուս զինվորներ է տեղափոխել այնտեղ։ Տևական ժամանակ անց Գարուշ Նիկողոսյանը դարձել է նախագահ Նաջիբուլայի անձնական օդաչուն։

Իսկ ինչ վերաբերում է աշխատանքի ընթացքում ծագող խնդիրներին ու բարդություններին, ինժեներ-օդաչուն ասում է՝ ցանկացած պահի կարող են դրանք առաջանալ, քանի որ գործ ունես տեխնիկայի հետ։ Օդաչուն չպետք է կորցնի կողմնորոշումը։ Սեփական փորձից օրինակ է մատնանշում։ «Tу-134 ինքնաթիռով, երբ պատրաստվում էինք Դոմոդեդովոյից Երևան թռչել, շարժիչի խափանում տեղի ունեցավ, օդանավում 72 ուղևոր կար։ Սովորաբար ինքնաթիռը հինգ մետր բարձրության վրա է սկսում հավաքել շասին։ Երբ հավաքելու հրահանգ ստացանք, այդ պահին ինքնաթիռը այնպես թափահարեց, որ թվաց, թե քարշակները պոկվեցին։ Բորտ մեխանիկն ասաց, որ նայենք առաջին շարժիչի պտույտներին, որոնք հասել էին զրոյի։ Ցածր ջերմաստիճանի և ճնշման կայունության պայմաններում կարողացանք մեկ շարժիչով հավաքել համապատասխան բարձրություն, կատարել շրջապտույտ։ Այդ ընթացքում տեղյակ պահեցինք  կարգավարին, որ շարժիչը խափանվել է, և ստիպված ենք վայրէջք կատարել։ Բարեհաջող վայրէջքից հետո ինքնաթիռը կանգնեցրինք նախատեսված վայրում և ուղեկցորդուհիներին պատվիրեցինք ուղևորներին հայտարարել, որ թռիչքը հետաձգվում է»։

Մեզանում տեղի են ունենում վթարներ, որոնց պատճառներից է, ցավոք, նաև մարդկային գործոնը, դա աններելի է․ «Ամոթալի է, որ անձնակազմը թույլ է տալիս սխալ, որի հետևանքով տեղի են ունենում միջադեպեր, ավիավթարներ։ Ոչ մի անձնակազմ չպետք է նստի ինքնաթիռի ղեկին, եթե չգիտի վթարային իրավիճակում ինչ պետք է անել։ Սա մեծ պատասխանատվություն պահանջող մասնագիտություն է, յուրաքանչյուր օդանավի հրամանատար պետք է հասկանա, որ գործ ունի մարդկային ճակատագրերի հետ», - խոսքը եզրափակեց Գարուշ Նիկողոսյանը։

Անուշ Միրզոյան

14:00 12.07.2019

Ամենաշատ ընթերցվածները