ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Նախընտրելիի և մատչելիի արանքում
13:00 13.07.2019

Նախընտրելիի և մատչելիի արանքում

Ամառային հանգստի ամենաթեժ շրջանն արդեն մեկնարկել է: Կապանցիները նախընտրում են հանգստանալ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Կապանցի դիմողները նահանջում են

Նախորդ տարիների համեմատ Կապանում հանգստանալու համար դիմողների թիվը նվազել է։ Այս տարի հանգստացողները նախընտրում են Հայաստանի և Արցախի հանգստավայրերը, ինչը ավելի շատ կապված է սոցփաթեթի առկայության հետ։ Այս մասին տեղեկացրին «Կապան տուր» տուրիստական գրասենյակում։ Հունվարից մինչև հուլիսի 2-ը դիմողների թիվը հասնում է 200-ի։ Տուր-մենեջեր Աննա Իսավերդյանի խոսքով՝ նախորդ տարի այդ թիվը 250 էր․ «Միջին և բարձր տարիքի հանգստացողները նախընտրում են առողջարանային  հանգիստ։ Հայաստանում նախապատվությունը տալիս են ավելի շատ Արզնի և Ջերմուկ առողջարանային կենտրոններին,  և քանի որ Ջերմուկը ավելի  մոտ է Կապանին,  հիմնականում նախընտրում են այնտեղ հանգստանալ, իսկ երիտասարդները ավելի շատ  հանգստանում են Սևանում, Ծաղկաձորում, Աղվերանում և  Դիլիջանում»։

Տիկին Ռուզաննան հանգիստն ուզում է Ջերմուկում անցկացնել։ Ասում է՝ այնտեղ հարմար է․ «Առողջական խնդիրներ ունեմ, աղեստամոքսային տրակտի, դրա համար էլ նախընտրում եմ այնտեղ հանգստանալ»։

Հանգստանա՞լ, թե՞ չհանգստանալ․ այս է խնդիրը

«Կապան տուր» տուրիստական գրասենյակի տուր-մենեջերի խոսքով՝ կապանցիները արդեն քանի տարի է՝ նախապատվությունը տալիս են ամենամատչելի ծովային հանգիստ առաջարկող Եգիպտոսին, այնուհետև՝ Վրաստանին, իսկ եվրոպական երկրներից՝ Հունաստանին։ «Արևը, ավազը, ջուրը հանգստացնող են,  կարճ ասած՝ ծովից լավ տեղ չկա», -  ժպտալով ասաց տիկին Կարինեն՝ հավելելով, որ եթե հնարավորություն ունենա ամեն տարի հանգստանալու, ապա նորից  ծով կգնա։

Տարածված կարծիք կա, որ Հայաստանում հանգստանալը այնքան էլ մատչելի չէ, սակայն տուր-մենեջերը  համամիտ չէ այս կարծիքի հետ։ Ասում է՝ ամեն ինչ կախված է նրանից, թե քանի օր են ուզում հանգստանալ։ 50-ից 100 հազար դրամը բավական է 5-օրյա հանգիստ անցկացնելու համար։ Իսկ տուրիստական ամենաակտիվ շրջանը հուլիսն ու օգոստոսն են․ «Մարդն է ընտրում իր համար, թե որ տարբերակն է հարմար՝ մատչելի՞ն, թե՞ թանկը։ Մարդիկ տեղեկացված լինելու խնդիր ունեն, դրա համար էլ շատ հաճախ դժգոհում են, թե մատչելի չէ։ Օրինակ՝  Ջերմուկում հանգստանալը հարմար է։ 1 անձի համար օրական նախատեսված գումարը կազմում է միջինը 18․000 դրամ, որը իր մեջ ներառում է 3 անգամյա սնունդ, բուժում։ Իսկ այն մարդիկ, ովքեր ճոխություն են ուզում, նրանց համար սկսում է 25․000-ից և հասնում  մինչև 35․000 դրամի»։

Եվրոպական երկրներում հանգստանալու ցանկություն հայտնողների թիվը մեծ է, սակայն մեկնում է դիմողների միայն 30 տոկոսը: Տուր-մենեջերի խոսքով՝ եվրոպական երկրների դեպքում վիզայի հետ կապված խնդիրներ են առաջանում, և շատ հաճախ մերժումը չի ուշանում։

Գումարի բացակայության հետևանքով

Հաճախ էլ գրպանի պարունակությունն է որոշում, թե որտեղ մեկնել կամ մեկնե՞լ առհասարակ։ «Նախընտրում եմ եվրոպական երկրներում հանգստանալ, բայց, քանի որ հնարավորություններս ինչ-որ տեղ չեն հերիքում գնալ դրսում հանգստանալու, նախընտրում եմ Հայաստանի ներսում՝ Սևանում, գյուղերում, այնտեղ, որտեղ լավ է», - ասաց Էրիկ Իսրայելյանը։

Հանգստի մեկնողներն էլ առավել շատ նախընտրում են մեկշաբաթյա արձակուրդը, իսկ արտերկրի նախընտրությունը պայմանավորված է ոչ միայն համեմատաբար մատչելի գներով, այլև ծովի առկայությամբ։

Նարե Խաչատրյան

13:00 13.07.2019

Ամենաշատ ընթերցվածները