ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Զարգացրե՛ք ձեր անգլերենը
13:00 14.07.2019

Զարգացրե՛ք ձեր անգլերենը

TOEFL-ը թեստ է, որի նպատակն է ապահովել անգլերենի իմացության ակադեմիական մակարդակը քննություն հանձնողների շրջանում, որոնց համար անգլերենը օտար լեզու է: Եթե դուք որոշել եք կրթություն ստանալ անգլալեզու բարձրագույն հաստատությունում կամ աշխատանքի անցնել այն երկրներում, որտեղ անգլերենը պետական լեզու է, ապա ձեզ անհրաժեշտ կլինի թեստի հանձնման վկայականը: Բավարար ցուցանիշ արձանագրելու դեպքում հանձնողը հնարավորություն է ստանում սովորել 130 երկրի 8500 համալսարաններից մեկում, որոնց մեջ են մտնում նաև աշխարհի լավագույն 100 համալսարանները: 

Դեռևս 1962թ. ԱՄՆ-ի ազգային խորհրդի առջև խնդիր ծառացավ՝ ինչպե՞ս ստուգել ոչ բնիկների շրջանում ուսում և աշխատանք ստանալ ցանկացողների անգլերենի իմացության մակարդակը: Այդպես էլ ստեղծվեց TOEFL-ը, որի հանձնման առաջին փորձերը իրականացվել են 1964թ.:

Ինչպիսին է թեստի կառուցվածքը

Գոյություն ունի թեստի հանձնման 3 տարբերակ՝ 

  • pBT թղթային
  • cBT համակարգչային
  • iBT համացանցային

Մինչև 2005թ. ակտիվ օգտագործվում էին հանձնման թղթային և համակարգչային տարբերակները: 2006թ., պայմանավորված համացանցի զարգացմամբ, առաջին 2 տարբերակները հետ մղվեցին, չնայած մինչ այսօր էլ որոշ երկրներում, որտեղ բացակայում է համացանցը, գործում է հանձնման թղթային տարբերակը:

Թեստի հանձնման տևողությունը 4 ժամ է, այն բաղկացած է 4 բաժնից, որոնց բոլոր առաջադրանքները նպատակաուղղված են ստուգելու անգլերենի բազային գիտելիքները:

  • Ընթերցանություն

Այս մասը բաղկացած է ընթերցանության 4-8 հատվածից, որին հաջորդում են հարցեր՝ այդ հատվածի բովանդակության վերաբերյալ: 

  • Լսելու կարողություն (Լսողություն)

Մասը բաղկացած է 6 լսողական հատվածից՝ 3-5 րոպե տևողությամբ: Լսելու ընթացքում հանձնողը կարող է նշումներ անել և օգտագործել դրանք վարժությանը հաջորդող հարցերին պատասխանելիս:

  • Խոսելու կարողություն

Այս մասը նույնպես բաղկացած է 6 առաջադրանքից, նպատակ ունի ստուգել հանձնողի կապակցված խոսքով հաղորդակցվելու ունակությունը:

  • Գրելու կարողություն

2 առաջադրանքի միջոցով թեստի այս հատվածում ստուգվում է հանձնողի ակադեմիական մակարդակով գրելու ունակությունը:

Ընդհանուր թեստը գնահատվում է 0-120 բալանոց սանդղակով: Վերոհիշյալ համալսարաններից մեկը ընդունվելու համար հարկավոր է 90-ից ոչ պակաս ցուցանիշ գրանցել, իսկ դասախոսի օգնական աշխատելու համար՝ ոչ պակաս, քան 100:

Կապանում նույնպես անց են կացվում TOEFL-ի դասընթացներ

Կապանում գործող Ամերիկյան անկյունը դեսպանատան հովանավորությամբ իրականացնում է TOEFL թեստավորման նոր կառուցվածքին ծանոթացնող և նախապատրաստող դասընթաց ավագ դպրոցների աշակերտների, ուսանողների և երիտասարդների շրջանում: Ինչպես նշում է TOEFL-ի դասընթացավար Թագուհի Ղոնյանը, մասնակցությունը հնարավորություն է տալիս նաև յուրացնել օտար լեզվի  հնարավորությունները: Ամերիկյան անկյունում ամենամյա դարձած դասընթացը այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ ընդգրկելով մասնակիցներ Քաջարանից, Մեղրուց, ինչպես նաև ռուսաստանաբնակ, բայց ամառը Կապանում անցկացնող հայրենակիցներ: 

Ռուզաննա Հայրապետյանի համար դասընթացը հրաշալի հնարավորություն դարձավ ամրապնդելու իր անգլերենի իմացությունը: Ռուզաննան նաև նշեց, որ դասընթացի միջոցով ձեռք բերեց նոր ծանոթներ հասակակիցների շրջանում:

Նշենք նաև, որ TOEFL-ին նախապատրաստող դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անգլերենի իմացության որոշակի հիմք:

Անի Գրիգորյան

13:00 14.07.2019

Ամենաշատ ընթերցվածները