ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Պ․Կոելյու․ «Ալքիմիկոսը»
15:00 14.07.2019

Պ․Կոելյու․ «Ալքիմիկոսը»

Ալքիմիան սովորաբար պատված է եղել խորհրդավոր մշուշով և համարվել է կեղծ գիտություն։ Պաուլու Կոելյուն կոտրել է այդ կարծրատիպը՝ յուրովի բացատրելով, թե ինչ է Ալքիմիան, և ով է Ալքիմիկոսը։ Այդ ամենը բացահայտվում է արկածներով լի ճանապարհորդության ընթացքում։ Միայն թե արկածները ընդամենը արտաքին նշաններն են։ Խորքում Երազանքի հետևից գնալու վճռականությունն է։ Բրազիլացի գրողը պահպանում է լատինամերիկյան արձակի ավանդույթները, միաժամանակ գնում իր գծած ճանապարհով։

Սա պատմություն է իսպանացի մի տղայի մասին, ով սովորել է ճեմարանում, հրաժարվել քահանա դառնալու մտքից՝ որոշելով ոչխար պահելով ճանապարհորդել։ Այդպես էր մտադիր իրականացնել իր երազանքը։ Ճիշտ է, օրերն առանց այդ էլ միանման չէին, բայց երբ պառավ գնչուհին մեկնում է հովվի կրկնվող երազները, ամեն ինչ կտրուկ փոխվում է։ Եգիպտոսի բուրգերի մոտ թաքնված գանձը կանչում էր նրան։ Մեկնելուց առաջ զրուցում է ծեր թագավորի հետ, ով խոսում է Սեփական Առասպելը իրագործելու կարևորության մասին․ «Սեփական Առասպելը իրագործելը մարդու միակ պարտականությունն է։ Ամեն ինչ հանգում է մեկ բանի։ Ու երբ ինչ-որ բան ես ուզում, ողջ Տիեզերքն է միավորվում, որ հասնես ուզածիդ»։

Արկածները հաջորդում են մեկը մյուսին։ Տղան վաճառում է ոչխարները, մեկնում Եգիպտոս, որտեղ փողերը գողանում են։ Տղան չի հուսահատվում։ Մոտ մեկ տարի հաջողությամբ աշխատում է բյուրեղապակի վաճառողի խանութում և որոշում շարունակել ճանապարհը դեպի բուրգեր․ «Որքան շատ ես մոտենում երազանքիդ, այնքան լավ ես հասկանում, որ Սեփական Առասպելդ կյանքիդ իմաստն է դարձել»։

Իր անցած ճանապարհին տղան շատ բան է սովորում։ Սովորում է նաև դեպի բուրգերը մեկնող Անգլիացուց, ով փնտրում է նշանների լեզուն՝ Համաշխարհային լեզուն։ Իսկ այդ լեզվին տիրապետում է Ալքիմիկոսը։ Հենց Անգլիացին էլ տալիս է Ալքիմիային վերաբերող գրքերը։ Տղան սկսում է մտածել, որ համբերություն ունենալու դեպքում կկարողանա ամեն ինչ ոսկու վերածել։ Նրան հետաքրքրում է ալքիմիկոսների կյանքի պատմությունը․ «Բոլորն էլ մինչև վերջ ապրել էին իրենց Սեփական Առասպելը։ Ճամփորդել էին, հանդիպել իմաստունների, անհավատների աչքի առաջ հրաշքներ գործել, գտել էին Փիլիսոփայական Քարն ու Կյանքի Էլիքսիրը»։

Տղան և Անգլիացին ուղտերի քարավանով ճանապարհ են ընկնում դեպի օազիս, ցեղերի միջև ծագած պատերազմի պատճառով երկար ժամանակ մնում այդտեղ։ Տղան ջրհորի մոտ հանդիպում է այն աղջկան, որին ավելի կարևոր է համարում, քան գանձը։ Բայց աղջիկը, որ արդեն գիտեր տղայի պատմությունը, պատրաստ է սպասելու նրան․ «Եթե ես քո Առասպելի մի մասն եմ, մի օր կվերադառնաս»։

Տղայի հետ անապատը կտրող Ալքիմիկոսն էլ շատ բան ունի ասելու։ Նա սովորեցնում է անապատում կյանք գտնել․ միայն կյանք գտնողը կարող է գանձ գտնել։ Սովորեցնում է հետևել սրտի ձայնին․ որտեղ սիրտն է, այնտեղ գանձն է։ Սրտի հետ խոսելիս տղան հասկանում է․ «Երջանիկ է այն մարդը, ով Աստծուն իր մեջ է կրում։ Ու որ երջանկություն կարելի է գտնել անապատի ամենահասարակ ավազահատիկի մեջ, ինչպես Ալքիմիկոսն էր ասել։ Որովհետև ավազահատիկը Արարչագործության մի պահն է, իսկ Տիեզերքն այն ստեղծել է միլիոնավոր տարիների ընթացքում»։

Ուրեմն Ալքիմիան միայն մետաղափոխության գիտություն չէ, միայն Փիլիսոփայական Քար ու Կյանքի Էլիքսիր գտնել չէ, ինչպես սխալմամբ կարծում էին շատ ալքիմիկոսներ, ովքեր պարզապես փորձում էին ոսկի գտնել՝ չցանկանալով ապրել Սեփական Առասպելը։ Տղան հասկանում է նաև, որ չպետք է կես ճանապարհից հետ դառնալ, մանավանդ որ Ալքիմիկոսը հորդորում է գործել․ «Այս աշխարհի գոյությունն իսկ երաշխավորում է, որ գոյություն ունի մեկ այլ՝ ավելի կատարյալ աշխարհ։ Աստված ստեղծել է այս աշխարհը, որպեսզի տեսանելի երևույթների միջոցով մարդիկ կարողանան հասկանալ իր հոգևոր պատվիրաններն ու իմաստնության հրաշքները։ Ես հենց դա եմ գործ անվանում»։

Տղան Ալքիմիկոսի հետ քայլում էր անապատում՝ մտքում ունենալով նրա խոսքերը․ «Ալքիմիան Աշխարհի Հոգու մեջ թափանցելն ու մեզ համար պահված գանձը գտնելն է»։ Քայլում են այնքան, մինչև շրջապատվում են ռազմիկներով։ Ընտրության հնարավորություն չկար․ կամ մեռնել, կամ դառնալ քամի ու կործանել ռազմիկների ճամբարը։ Սպասում են ռազմիկներն ու հրամանատարը, սպասում է Ալքիմիկոսը։ Տղան զրուցում է քամու և արևի հետ, դիմում այն Ձեռքին, «որ գրել է ամեն ինչ»․ «Այդժամ տղան թափանցեց Աշխարհի Հոգու մեջ և տեսավ, որ Աշխարհի Ոգին Աստծո Հոգու մի մասն է, տեսավ, որ Աստծո Հոգին իր հոգին է, և ուրեմն ինքն էլ կարող էր հրաշքներ գործել»։ Ի վերջո փչում է անապատի քամին՝ Սամումը։ Հետո արաբները սերնդեսերունդ պատմում են տղայի առասպելը, որ վերածվել էր քամու և ավերել ռազմական ճամբարը։ Տղան շնորհակալություն է հայտնում Ալքիմիկոսին և լսում այսպիսի խոսքեր․ «Ես միայն հիշեցրի այն, ինչ արդեն գիտեիր»։

Իսկ ի՞նչ եղավ գանձը։ Արկածները շարունակվում են։ Ճիշտ է, տղան ծեծ է ուտում Եգիպտոսի բուրգերի մոտ, երբ գանձը գտնելու համար փորում էր հողը։ Բայց հենց այդտեղ էլ նրան պարզ է դառնում գանձի ստույգ տեղը՝ հարազատ երկիր՝ Իսպանիա։ Գանձը վերցնելուց հետո տղան վերադառնում է անապատ, որտեղ սպասում էր սիրած աղջիկը․․․

Վերջաբանը երջանիկ ավարտով հեքիաթ է հիշեցնում։ Բայց ընթերցողի մտքով չի անցնում սպասել, թե երբ է երկնքից երեք խնձոր ընկնելու։ Հեղինակի կամքով հերոսն այնպիսի փորձություններով ու իմացության ճանապարհով է անցնում, որ հասունանում է հոգով և մտքով։ Իհարկե, այդ ամենը մտքի սնունդ է տալիս նաև ընթերցողին։

Արթուր Իսրայելյան

15:00 14.07.2019

Ամենաշատ ընթերցվածները