ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բնությանը չես կարող խաբել
17:00 15.07.2019

Բնությանը չես կարող խաբել

Անցած շաբաթը ուշագրավ էր Սևանի ճահճացման խնդրի քննարկմամբ և Ամուլսարում քաղաքացիների և ոստիկանության բախմամբ: Մեզ՝ հայերիս, թվում է, որ համացանցում վայ-վույ դնելով լիարժեք կատարում ենք մեր քաղաքացիական պարտքը բնության առջև: Ամուլսարում ոստիկանները անհասկանալի բռիություն դրսևորեցին սար տանող ճանապարհը արգելափակած ակտիվիստների նկատմամբ: 

Այս հոդվածի նպատակն է բացատրել, որ բնության օրենքները նման գողական օրենքին, նախկին կամ ներկա իշխանությունների ստեղծած օրենքներին, առավել ևս բնությունը չի ենթարկվում մարդկային մանիպուլյացիաների, իսկ այն, որ բնապահպանությունը ամենամանիպուլյատիվ ոլորտներից է, կասկած անգամ չունենաք:

Ստի հիմքերը

Բնությունը Հայաստանի ամենաքիչ ուսումնասիրված և գույքագրված ոլորտներից է: Նպատակը պարզ է․ ինչքան քիչ մարդ հասկանա, թե որ ջրերը ինչ քանակությամբ ուր են հոսում, այդքան շատ գումար կարելի է «աշխատել», ավելի ճիշտ՝ չարաշահել: Սևանի ճահճացումը դրա վառ օրինակն է: Չի լինում այնպես, որ պաշտոնատար անձինք, իրենց շահերից ելնելով,  տարիներ շարունակ ամբողջապես տապալեն լճի բնականոն կյանքը, իսկ վերջինս համբերատար սպասի լավ օրվան՝ միաժամանակ սպասարկելով այդ նույն չինովնիկների բիզնես շահերը անհատույց, առանց աղետի ենթարկվելու: 

29 տարի է՝ Հայաստանի և ոչ մի կառավարություն չի որոշել Սևանա լճի ջրի կարգը: Իբր առաջնորդվում ենք 1990թ․ ԽՍՀՄ կարգերով, որոնք վաղուց իրենց սպառել են: Այսօր զարգացած երկրների լճերում գործում են ջրի որակի շատ ու շատ տարբերվող չափորոշիչներ: Բայց դա հեղափոխականներին չի հետաքրքրում: Էլ չասեմ, որ մինչ իրենց կառավարողներին էլ չէր հետաքրքրում, քանզի բոլոր իշխանավորները բնությունը համարել են միայն իրենց սեփականությունը, դրա համար էլ որտեղ ուզել են, շինթույլտվություններ են տվել կանաչ տարածքների հաշվին, արտեզյան ջրերը քամել են իրենց ձկնաբուծարանների համար ու լցրել են թուրքի կողմը, միայն թե իրենց փող գա: Դե, Սևանն ու Ամուլսարը այդ անհեռատես քաղաքականության ընդամենը մի մասն են:

Տեղեկատվության պակաս

Շրջակա միջավայրի նախարարությունը ինքն իրեն բարոյական իրավունք է վերապահել քաղաքացիներին չտրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, որը միջին վիճակագրական քաղաքացու համար ընկալելի կդարձնի բնության էկոհամակարգերին վերաբերող խնդիրները: Մարդիկ պրիմիտիվ են, նրանք կարճաժամկետ պլաններ ունեն, ստամոքսը լցնել այսօր, հագուստ գնել այսօր և, որպես կանոն, վերջ: Հայաստանում գրեթե չկան մարդիկ, ովքեր մտածում են գալիք սերունդների մասին և նրանց հասանելիք բնական ռեսուրսների և էկոհամակարգերի մասին: Սրանից հմտորեն օգտվել և օգտվում են բոլորը, ովքեր ոլորտի հետ կապ ունեն: 

Աբսուրդ է, բայց փաստ, 20-ից ավելի լրագրող այսօր ասուլիսներին չի կարողանում խոհեմ հարցեր տալ Շրջակա միջավայրի նախարարին, քանզի չի տիրապետում պաշտոնական թվերին։ Է՜, որտեղից տիրապետեն, եթե կայքում գրեթե տեղեկատվություն չկա, իսկ նախարարի ասուլիսները նման են Հիսուսի ելույթներին, քանզի միայն ինքն է տիրապետում իրական պատկերին՝ մեր հարկերով կատարված հետազոտություններին։

Ազնվությունը այլընտրանք չունի

Ամուլսարում ընդհարումները հարիր չեն հեղափոխությանը։ Մենք բոլորս սպասում էինք, որ իրերը իրենց անուններով կկոչվեն, սակայն օրերս տեղի ունեցած ոստիկանություն-ակտիվիստներ ընդհարումը ցույց է տալիս, որ ոչ մեկը, բացի ներկա իշխանություններից, տեղյակ չէ, թե ինչ է որոշվել ոսկու հանքի վերաբերյալ։ Ինչո՞ւ հանրային հեռուստատեսությամբ չի ասվում դրա մասին։ Այն պարզ պատճառով, որ ցանկացած իշխանության մոտ մի պահ է գալիս, երբ կարծում է, որ ժողովրդին պետք չէ սթրեսի ենթարկել, ժողովուրդը շատ բան չի հասկանա։ Նմանատիպ իրավիճակ է Սևանի ճահճացման հարցում։ Նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարում է, որ ձկնորսությունը հակաօրինական է, իսկ վաճառքը՝ օրինական։ Ու….., ու գիտե՞ք որն է ամենահետաքրքիրը, որ նույնիսկ մեկը լրագրողներից չի հարցնում՝ իսկ դա առհասարակ տրամաբանություն ունի՞, թե՞ ոչ։ Եթե ունի, ուրեմն թմրանյութ աճեցնելը պետք է մնա անօրինական, իսկ վաճառքը օրինականացվի։ Մեքենա գողանալը պետք է պատժվի, իսկ գողացած մեքենայի վաճառքը խրախուսվի։ Հիմարությո՞ւն է, ամենևին, եթե չկա բաց տեղեկատվություն, ազնիվ իրերի կոչում և ազնիվ խնդիրների արձանագրում, ապա շատ էլ իրատեսական է։ Համացանցում Շրջակա միջավայրի նախարարի հիմար պնդումը փնտրեք և նայեք, կհամոզվեք, որ ճահճացած Սևանը մեզ քիչ է։

Ո՞րն է ելքը

Հիմարները ավելի շատ չեն, քան խելացի ու շնորհքով մարդիկ։ Հարցը այն է, որ հիմարները ուղղակի ճիշտ պաշտոնների են նշանակված, որպեսզի խաբեն մեզ և բնությանը։ Նրանք ուղղակի չեն հասկանում, որ բնության օրենքները գործում են անկախ իրենց կամքից ու մանիպուլյացիաներից։ Պատիժը լինելու է դաժան, քանզի Երկիր մոլորակը պատկանում է բակտերիաներին, այլ ոչ երբեք իշխանության ինքնահավան ու փառամոլ ներկայացուցիչներին։ Բակտերիաները դեռ կհասցնեն իրենց հուժկու հարվածը անողնաշար ողնաշարավորներին։

Արման Սուլեյմանյան

Լուսանկարները՝ Հայկական բնապահպանական ճակատի

17:00 15.07.2019

Ամենաշատ ընթերցվածները