ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԵՄ-ն հայտարարել է Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցների մասին
14:00 16.07.2019

ԵՄ-ն հայտարարել է Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցների մասին

Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքները շարունակելու հետ կապված ԵՄ-ն հրապարակել է Թուրքիայի դեմ իրականացվելիք պատժամիջոցները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերմանական «Deutsche Welle» -ն, պատժամիջոցների որոշումը կայացվել է Բրյուսելում արտաքին հարաբերությունների խորհրդի անդամների կողմից այն հիմնավորումով, որ Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքները հակասում են միջազգային իրավունքի նորմերին:

ԵՄ արտաքին գործերի նախարարների նպատակն է պատժամիջոցների միջոցով հասնել նրան, որ թուրքական կողմը դադարեցնի Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքները:

Որոշման մեջ նշված է. «Ցավալի է, որ չնայած արված բազմաթիվ կոչերին, Թուրքիան շարունակեց հորատման աշխատանքները»:

Պատժամիջոցներով նախատեսվում է հետևյալը՝ Թուրքիան 2020 թվականին ԵՄ-ից ֆինանսական օժանդակություն պետք է ստանա, սակայն պատժամիջոցների արդյունքում այդ օժանդակությունը նվազեցվում է 146 մլն եվրոյով: Տնտեսական և առևտրային հարաբերությունների վերաբերյալ քաղաքական երկխոսությունները չեղարկվելու են: Ավիացիոն պայմանագրերի կնքման բանակցությունները ընդհատվելու են: Եվրոպական ներդրումային բանկից Թուրքիային տրվելիք վարկային օժանդակությունը վերանայվելու է:  

Որոշման մեջ նշված է նաև, որ եթե Թուրքիան, Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության իրավունքները խախտելով, հորատման աշխատանքները շարունակի, ապա հավելյալ պատժամիջոցներ կկիրառվեն:

Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքները սկսվել էին դեռ ավելի վաղ: Թուրքիայի՝ հորատման աշխատանքներ իրականացնող առաջին նավը՝ Ֆաթիհը, դեռ մայիսին հորատման աշխատանքներ էր սկսել Կիպրոսի արևմտյան շրջաններում: Իսկ երկրորդ նավը՝ Յավուզը, հուլիսի 8-ի գիշերը հասել էր կղզու հյուսիսարևելյան ափերին: 

Աղբյուր՝ Արմենպրես

14:00 16.07.2019

Ամենաշատ ընթերցվածները