ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ֆլեշմոբային մոտեցում
15:00 16.07.2019

Ֆլեշմոբային մոտեցում

Անցած շաբաթը Սևանի ճահճացման խնդրի քննարկումով գնաց: Խոսեցին, ֆեյսբուքներում դարդլամիշ եղան, փորձանմուշներ վերցրին, արդյունքները չասացին, արգելեցին լողալ, իսկ վերջում Գեղարքունիքի մարզպետն ու «Սևան» ազգային պարկի տնօրենը տեսախցիկների առջև լող տվեցին Սևանում այն ակտիվիստների հետ, ովքեր մեկ ժամ առաջ Սևան-Երևան մայրուղին փակեցին՝ ի նշան բողոքի, որ տուրիստներ չկան, իսկ իրենք գործ պետք է անեն: Լողալուց հետո պլավկա շորտիկով հարցազրույց տվեցին: Այդ օրը, երբ մարզպետը լողում էր տեսախցիկների առջև, ակամայից պատկերացրի Հունան Պողոսյանին Կավարտի գյոլում լողալիս, իսկ հետո տեսախցիկների առջև հարցազրույց տալիս: Պատկերացնում եք, չէ՞, ջրի մեջ մանգանը 4500, կապարը 2700 անգամ գերազանցում է նորմատիվը, իսկ Հունան Պողոսյանը դուրս է գալիս ու խրոխտ ասում, որ ամեն ինչ մաքուր է:

Թող ինձ ների Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, բայց ֆլեշմոբային մոտեցումը Սևանին առանց հետազոտության տվյալների շատ ծիծաղելի է: Արտաքուստ ջրի թափանցիկությունը դեռ ոչինչ չի նշանակում: Առավել ևս մարզպետի լողալով չէ, որ տուրիստները այցելում են ինչ-որ տեղ: Պատկերացրի մի պահ, որ կհարցնեմ իրեն. «Արդյո՞ք պատրաստ եք ջրիմուռների մեջ այսպես էնտուզիազմով լողալ, եթե հենց վաղը կամ մեկ շաբաթից լիճը կրկին կանաչի»: Չէ՛, չտվեցի այդ հարցը, մտածեցի՝ ընտանիքի անդամները արժանի չեն իր այս խայտառակ մակերեսային, ֆլեշմոբային, անհեռատես մոտեցմանը:

Այնպես չէ, որ ես ասպետական խրոխտությանը դեմ եմ, ուղղակի թուրքի դեմ պատերազմում կգերադասեմ զինվել ինքնաձիգով, այլ ոչ երբեք դոշերս բաց գնամ գյուլլի բերան ընկնեմ:

Չնայած, միգուցե քաջությունը հենց անխոհեմ էլ պետք է լինի: Այո՛, եթե խոսքը հեքիաթային Քաջ Նազարի մասին է: Իսկ երբ խոսքը իրական բնապահպանական աղետի մասին է, ապա մեկ լողալով ջարդել հազար տոքսիկ ջրիմուռներ չի ստացվի:

«Զանգեզուր պրես»

 

15:00 16.07.2019

Ամենաշատ ընթերցվածները