ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հնի փոխարեն ավելի մեծ նորը
14:00 17.07.2019

Հնի փոխարեն ավելի մեծ նորը

Կապանում արդեն սկսվել են  22 աղբակետի աղբամանների փոխարինման աշխատանքները։  54 նոր,  եվրոպական չափորոշիչներին համապատասխան ցինկապատ աղբամանները կբարելավեն համայնքում աղբահանության որակը։ Նոր տարաները փոխարինել են ավելի քան 10 տարվա վաղեմություն ունեցողներին: Դրանք  նախատեսված են «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի համար, որը վերջերս էր ԶՊՄԿ-ն նվիրել համայնքին։

Ցինկապատ աղբամանների առավելությունը

Կապան համայնքի ղեկավարի օգնական Մհեր Ավետիսյանի խոսքով՝ այս անգամ շեշտը դրել են ծայրամասային փողոցների աղբամանները փոխելու վրա։ Ընդգրկվել են Բաղաբերդ, Ձորք, Շինարարների թաղամասերը, փոփոխություններ կլինեն նաև կենտրոնական մի քանի հատվածներում, որտեղ պլաստիկե աղբամանները նույնպես վնասված են․ «Արդեն քանի օր է՝ իրականացնում ենք հիմնական, մասնակի նորոգման և թեքահարթակների կառուցման աշխատանքներ, որպեսզի դրանք հարմար լինեն նոր ձեռք բերված աղբամանների շահագործման համար։ Նորերը հնարավորություն կտան փոխելու առկա մոտ 85 հին աղբաման, որովհետև սրանց տարողությունը մեկուկես անգամ ավելի է ունեցածներից»։

Նոր աղբամանները հեշտացնում են գործը, նախկինում աղբամանները շատ էին, մեքենայի տարողությունը՝ քիչ․ «Սրանք բանվորական աշխատանքը հասցնում են նվազագույնի։ Մեքենան ռոբոտ մեքենա է, աղբամանի մոտ կանգնում է և իր տեխնիկական միջոցներով ամբարձում և թափում  աղբը։ Բանվորին մնում է միայն աղբամանը անիվների միջոցով հեշտությամբ մոտեցնել մեքենային»։

Անտեղյակության հետևանքով

Աղբամանները ունեն  կափարիչներ։ Եթե բնակիչները աղբը թափելուց հետո դրանք փակեն, կենդանիները չեն կարողանա մտնել և աղբը տարածել շրջակայքում։

Կապան քաղաքի բանակիչ Սվետլանա Հայրումյանը գոհ է այս նորությունից։ Ասում է՝ ոչ միայն կենդանիներն են աղտոտում, այլև մարդիկ։ Մոտենում են և աղբը աղբամանի մեջ նետելու փոխարեն գցում գետնին․ «Անշուք էր, կեղտոտ, միշտ աղբով լի, բայց նորը ոգևորող է, ինչքան գեղեցիկ է լինում, այնքան շահագրգռված ես լինում լավ պահելու։ Հաճելի է դուրս գալ փողոց և տարածքը տեսնել մաքուր»։

Աղբամաններից յուրաքանչյուրի արժեքը 165․000 դրամ է, համայնքապետարանի բյուջեից 54 աղբամանի համար տրամադրվել է մոտ 9 մլն դրամ։

Ռոզա Ղոնյանը նույնպես հավանում է նոր աղբամանները․ «Թիթեղյան լավ է ձմեռվա համար, մարդիկ  փայտ են  վառում և մոխիրը տանում թափում, որը պլաստիկից էր, հալվում էր, հիմա, որ մետաղյա է, լավ է մեզ համար»։

Համայնքապետարանում հույս ունեն, որ բնակիչները զգույշ կլինեն, այսուհետ մոխիր չեն թափի։ «Եթե արդարացնեն նոր աղբամանները, ապա այս գործընթացը անպայման շարունակություն կունենա», - ասաց Կապան համայնքի ղեկավարի օգնական Մհեր Ավետիսյանը։

Հներից շատերը կնորոգվեն և կտեղափոխվեն գյուղական բնակավայրեր, որտեղ նույնպես համայնքապետարանը նախատեսում է աղբահանություն իրականացնել։

Նարե Խաչատրյան

 

14:00 17.07.2019

Ամենաշատ ընթերցվածները