ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Նոր ֆիլմեր Kajaran Cinema-ում
17:00 17.07.2019

Նոր ֆիլմեր Kajaran Cinema-ում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ բացառիկ հնարավորություն ընձեռեց քաջարանցի արվեստասերներին։ Նրա աջակցությամբ Kajaran Cinema-ում ցուցադրվեցին ֆիլմեր «Ֆրեսկո» կինոծրագրի շրջանակում։

Մինչ ֆիլմերի դիտումը ներկաները Քաջարանի մշակույթի տան ճեմասրահում ծանոթացան «Հայաստանն աշխարհի աչքերով» խորագրով ֆոտոցուցահանդեսին։ Ճեպազրույց ունեցանք փոքրիկ հանդիսատեսի՝ ութամյա Մարիաննա Ղազարյանի հետ, ով ասաց, որ առաջին անգամ չէ ներկա նմանատիպ ցուցադրության, ինչպես նախորդ անգամ, այնպես էլ հիմա լուսանկարները հավանել է։ Աղջնակը առանձնացրեց գլխաշորով, ժպտացող աղջկա լուսանկարը։ Մարիաննան նշեց, որ կցանկանար, որ ինքն էլ այդպիսի նկար ունենար։

Լուսանկարների ցուցադրությանը հաջորդեց ասեղնագործության ժողովրդական վարպետ Անահիտ Կարապետյանի «Հայ ծիսական պարագաներ» ցուցահանդեսը։ Ցուցանմուշների մեջ էր ծածկոց, որը գործածում էր Ամենայն հայոց կաթողիկոսը։ Գլխավերևում ասեղնագործված է «Է» տառը, որը նշանակում է Աստված։ Ա․Կարապետյանը ներկայացրեց քահանայի և պատարագի համար նախատեսված պարագաներ՝ հողաթափեր, թագեր, թաշկինակներ և այլն։

Ձեռքի ու լուսանկարչական աշխատանքների ցուցադրմանը հաջորդեց ֆիլմերի դիտումը։ Ցուցադրվեցին հայկական, իսպանական, պարսկական, ռուսական ֆիլմեր։ «Ֆրեսկոն» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ամենամյա փառատոն է։ Յուրաքանչյուր տարի շուրջ 50 երկրից 2000 դիմորդ ներկայացնում է իր ֆիլմը։ Այդ երկրների շարքին են դասվում Չինաստանը, Իտալիան, Իսպանիան, Ռուսաստանը, Վրաստանը, Իսրայելը, Պորտուգալիան, Սերբիան և այլն։ Գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանի խոսքով՝ փառատոնը շահույթ չի հետապնդում, ֆիլմերի դիտումները անվճար են։ Ասում է, որ դա նպատակ ունի խթանել հոգևոր, բարոյական ֆիլմերի ստեղծումը և դրանց նկատմամբ հանրային պահանջարկի ձևավորումը։

«Մեզանում հաճախ են հեռուստատեսությամբ ցուցադրվում ֆիլմեր, որոնք գեղագիտական ոչ մի երանգ չեն պարունակում, քարոզում են բռնություն, անհամերաշխություն։ Մեր փառատոնի շրջանակում ցուցադրվողները հակառակն են պրոպագանդում՝ սեր, հանդուրժողականություն, մարդասիրություն։ Մրցութային ծրագրի մեջ ընդգրկվում են վերջին երկու տարվա ընթացքում նկարահանված և չցուցադրված  ֆիլմեր։ Ժյուրիի կազմում լինում են միջազգային կինոգործիչներ, մտավորականներ, հոգևորականներ», - քաջարանյան ցուցադրությանը ներկա էր նաև կինովավերագիր Աշոտ Գևորգյանը, ում խոսքով ցուցադրվող ֆիլմերում բարձրաձայնվում են համամարդկային արժեքներ, ֆիլմեր, որոնք ունեն գաղափար և ասելիք, ստիպում են մտածել։

Անուշ Միրզոյան

17:00 17.07.2019

Ամենաշատ ընթերցվածները