ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Պենտագոնի հայտարարությանը
16:00 18.07.2019

Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Պենտագոնի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է ԱՄՆ-ի՝ F-35 ռազմական ինքնաթիռների նախագծի հետ կապված որոշմանը։ Էրմենիհաբերը գրում է, որ ԱԳՆ ինտերնետային կայքում տեղ գտած հայտարարությունում մասնավորապես ասված է․ «Այսօր՝ հուլիսի 17-ին, Սպիտակ տունն ու ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել են մեր երկիրը F-35 ինքնաթիռների նախագծից հեռացնելու մասին՝ պայմանավորելով դա S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարմամբ։ Այդ միակողմանի քայլը հակասում է դաշնակցության ոգուն և որևէ արդարացի հիմնավորում չունի»։

Նախարարությունը անարդար է համարել F-35 ռազմական ինքնաթիռների նախագծից Թուրքիայի հեռացումը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ը անպատասխան է թողել այս հարցի ուսումնասիրության համար ՆԱՏՕ-ի մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծելու իրենց առաջարկը։ Թուրքական կողմը այդ հանգամանքը որակել է որպես ԱՄՆ-ի կանխակալության և խնդիրը համատեղ լուծելու ցանկության բացակայության ակնհայտ ապացույց։

Հայտարարությամբ նաև կոչ է արվել ԱՄՆ-ին՝ հավատարիմ մնալ Օսակայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում նախագահներ Էրդողանի և Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Կոչ ենք անում ԱՄՆ-ին՝ հրաժարվել այս սխալից, որը կարող է անուղղելի վնաս հասցնել մեր ռազմավարական հարաբերություններին», - ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Պենտագոնը պաշտոնապես հայտարարել էր F-35 ինքնաթիռների նախագծից Թուրքիային դուրս թողնելու որոշման մասին։ Ծրագրից Թուրքիային վերջնականապես հեռացնելու գործընթացը կմեկնարկի հուլիսի 31-ին։


Աղբյուր` Panorama.am

16:00 18.07.2019

Ամենաշատ ընթերցվածները