ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Արևային էներգիա Ագարակի դպրոցին
17:00 18.07.2019

Արևային էներգիա Ագարակի դպրոցին

Պետական բյուջեից ջեռուցման ծախսերը հոգալու համար Ագարակի միջնակարգ դպրոցին տարեկան 3․5 միլիոն դրամ է հատկացվում։ «Գումարը կարող է չհերիքել և կախված է նրանից, թե ձմեռը որքան  խստաշունչ կլինի», - ասում է կրթօջախի տնօրեն Անժելա Աղայանը։ Դպրոցը ջեռուցվում էր էլեկտրական ջեռուցիչներով։ Հատկապես ծայրամասային դասասենյակներում, ուսումնական հաստատության ղեկավարի խոսքով, չէր հաջողվում ապահովել նորմալ համարվող 18 աստիճանը։ Անգամ երկու ջեռուցիչը իրավիճակը չէր փրկում։

Գրեթե մեկ տարվա պատմություն ունեցող «Նյու Պլանետ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը կրթօջախի այլընտրանքային ջեռուցման համար ծրագիր է մշակել։  Դիմելով հայ-գերմանական միջկառավարական ծրագրով իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ին՝ կազմակերպությունը ծրագրի փոքր դրամաշնորհային բաղադրիչով ստացել է շուրջ 30 հազար եվրո, որի շրջանակում էլ դպրոցը կունենա արևային ֆոտոէլեկտրական կայան, նորագույն ջեռուցման համակարգ։

Վերազինման աշխատանքները սկսվել են հունիսի 13-ից։ «Տեղադրված կայանը 22 կվտ  հզորություն ունի, հաշվարկել ենք՝ տարեկան 33 հազար կվտ/ժամ էներգիա կտա, իսկ դա բավականին մեծ թիվ է։ Հայաստանի օրենքները թույլ են տալիս, որ էներգիան կուտակենք և օգտագործենք ձմռանը։ Դպրոցը մեկուկես միլիոն դրամից ավելի քիչ կծախսի հոսանքի համար, բացի դրանից էլ՝ հավասարաչափ տաքություն կկարողանան ապահովել բոլոր դասասենյակներում։ Եթե սովորական շիկացման էլեկտրասալիկները ժամում ծախսում են 2,5 կՎ, սրանք ընդամենը ժամում ծախսում են 700 վատ, ավելի քան 3 անգամ խնայող։ Արդեն դիմել ենք Հայաստանի էլեկտրական ցանցերին, որ նոր հաշվիչ տեղադրեն», - ասում է հկ-ի նախագահ Էդգար Զաքարյանը։

Ներկայումս մոնտաժվում են արևային վահանակները։ Տանիքը այդ նպատակով ամրացվել է, նաև շինության հողանցումը ուժեղացնելու կարիք է եղել։ Կազմակերպության նախագահը վստահեցնում է, որ ջեռուցման համակարգի վերազինման համար նախապատվությունը տվել են որակյալ ու նորագույն տեխնիկային։ Օրինակ՝  ընտրել են 3300 եվրո արժողությամբ գերմանական ինվերտոր, ոչ թե չինական՝ ընդգծելով, որ գերմանականի առավելությունը երկարակեցությունն է։ Ինչ վերաբերում է տաքացուցիչներին, դրանք ռուսական արտադրության են։ Յուրաքանչյուր դասասենյակում կտեղադրվի 3-ական, իսկ մեծ ու եզրային դասասենյակներում՝ 4-ական։ Համակարգի  աշխատանքը մարդու միջամտություն չի պահանջում։ Առավոտյան ժամը 6-ից ջերմակարգավորիչը ավտոմատ եղանակով կիմանա և կանջատվի ժամը 10-ին։  4 ժամը, ըստ Էդգար Զաքարյանի, լիովին բավարար է կրթօջախում նորմալ ջերմաստիճան ապահովելու համար։

Նշենք, որ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ը մեկնարկել է 2015 թվականից,  ֆինանսավորում է KfW բանկը: Նպատակը Սյունիքի մարզի հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը և հարակից 32 համայնքում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն է։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 8 միլիոն 250 հազար եվրո է։

Նելլի Միրզախանյան

 

 

17:00 18.07.2019

Ամենաշատ ընթերցվածները