ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վստահության աճ
14:00 19.07.2019

Վստահության աճ

Անցած վեց ամիսներին Կապանի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժվել է  1800 մարդ, որից 480-ը  վիրահատվել է։  Հիվանդանոցի տնօրեն Կարեն Մելքոնյանը, տարվա առաջին կիսամյակի թվերը ամփոփելով, փաստում է՝ ցուցանիշներից գոհ է, 20 տոկոսով աճել է նաև վճարովի ծառայությունների ծավալը։ «Այդ ամենը խոսում է այն մասին, որ մարդկանց շրջանում մեծացել է վստահությունը Կապանի բժշկական կենտրոնի նկատմամբ, բացի դրանից՝ վերջին մեկ տարվա ընթացքում հիվանդանոցի երիտասարդ բժիշկները սկսել են կատարել այնպիսի վիրահատություններ, որոնք նախկինում այստեղ  չէին արվում», - ասում է տնօրենը։

Էնդոսկոպիկ, ուրոլոգիական, լապարասկոպիկ վիրահատությունները, մայրաքաղաքի համեմատ, մատչելի գներով են կատարվում։ Կենտրոնի տնօրենը նշում է, որ ձգտում են այնպես անել, որ մարզի բնակիչները չգնան հասնեն Երևան, և նրանց համար գնային տարբերություն  լինի․ «Եթե վիրահատությունը մայրաքաղաքում կատարվում է 300-ից 350 հազար դրամի սահմաններում, մեզ մոտ կատարվում է 200-250 հազարով, ներառյալ բոլոր հիվանդանոցային ծախսերը»։

42-ամյա Նարինե Մարտիրոսյանը մեկն է այն հիվանդներից, ով նախապատվությունը տվել է Կապանի բժշկական կենտրոնում վիրահատվելուն։ Ուրոլոգ Միշա Գրիգորյանը միզածորանի պլաստիկ վիրահատություն է կատարել։ Հիվանդանոց  դիմել  էր՝  գանգատվելով աջ գոտկային հատվածի  ցավերից, անցնելով համապատասխան հետազոտություններ։ Բարդ վիրահատությունը կատարվեց, և ամեն ինչ հաջող ավարտվեց։ «Շատ գոհ եմ, ցավեր չունեմ, ազատ քայլում եմ, բժիշկը շատ ուշադիր էր ու հետևողական, եթե գնայի մայրաքաղաք վիրահատվելու, այդ վիրահատությունը ինձ վրա կարժենար մոտ 600 հազար, դեռ դրան կավելանար նաև ստենտի գինը՝ 80 հազար, իսկ Կապանում այդ ամենը արվեց 300 հազարով», - մեզ հետ զրույցում նշեց Նարինե Մարտիրոսյանը։

Իսկ բժիշկ Միշա Գրիգորյանը վիրահատված կնոջ ինքնազգացության մասին տեղեկացրեց, որ  հետվիրահատական կազդուրումը անցավ բնականոն ընթացքով, բարդություններ ի հայտ չեկան։ Ստենտը 6 շաբաթ հետո կհանվի։ Այն հարցին, թե եթե կինը չվիրահատվեր, ինչ կարող էր լինել, բժիշկը պատասխանեց․ «Կառաջանար բարդություն, որը հետագայում կբերեր երիկամային անբավարարության»։

Առաջիկա ամիսներին բուժսպասարկման որակը ավելի բարելավելու նպատակով Կապանի հիվանդանոցը կհամալրվի նոր ուլտրաձայնային սարքավորումով, ինչպես նաև  հնարավորություն կստեղծվի կատարել լաբորատոր հետազոտություններ փակ եղանակով։ Տեխնիկական հագեցվածությունը հիվանդանոցի համար օրակարգային խնդիրների շարքն է գլխավորում, որը այստեղ աստիճանաբար փորձում են լուծել։

Նելլի Միրզախանյան

14:00 19.07.2019

Ամենաշատ ընթերցվածները