ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ո՛չ ապրելն է թանկ, ո՛չ էլ սովորելը․ փորձի՛ր և չե՛ս փոշմանի
17:00 20.07.2019

Ո՛չ ապրելն է թանկ, ո՛չ էլ սովորելը․ փորձի՛ր և չե՛ս փոշմանի

Գերմանիան աշխարհում երրորդ նախընտրելի ուղղությունն է արտերկրում ուսանել ցանկացողների համար։ DAAD ծրագրերի համակարգող և գլխավոր խորհրդատու Մերի Նավասարդյանի խոսքով՝ ամեն տարի ավելի քան 100 հոգի Հայաստանից DAAD-ի անհատական  կրթաթոշակ է ստանում։ Ասում է՝ երկարաժամկետ կրթության համար ավելի շատ դիմում են անգլերեն իմացողները, իսկ «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու դիմում են գերմաներենի իմացությամբ երիտասարդները, քանի որ միայն գերմաներենով է․ «Հայաստանից ավելի շատ  դիմում են Երևանի պետական համալսարանից, և հետաքրքիր է, որ վերջին շրջանում ավելացել է նաև Ամերիկյան համալսարանից դիմողների թիվը։ Դիմում են տարբեր բնագավառների մասնագետներ՝ բժիշկ, գիտնական, իրավաբան, տնտեսագետ և այլն»։ 

Հակիրճ ծրագրի մասին

DAAD-ը (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) ուսանողների և գիտնականների միջազգային փոխանակմանն աջակցող ամենամեծ կազմակերպությունն է։ 1925թ․ իր հիմնադրումից ի վեր աջակցություն է ցուցաբերել ավելի քան երկու միլիոն գիտնականների, բուհավարտների ու ուսանողների Գերմանիայում և արտերկրում։ Կրթաթոշակային առաջարկները  որպես կանոն վերաբերում են բուհավարտներին։ Պատճառն այն է, որ դիմելու պահին նրանք ունենում են առաջադիմության վերաբերյալ մեկնարկային արդյունքներ և առաջին ուսումնական շրջանում կարող են ավելի շատ կրթաթոշակային առավելություն ունենալ, քան ուսանողները։

Ծրագրին դիմելու առավելությունները

DAAD-ը զբաղվում է ուսանողների, գիտնականների, դասախոսների, հետազոտողների փոխանակման տարբեր ծրագրերով։ Սա շատ մեծ հնարավորություն է տալիս ամրապնդելու գերմանագիտության և գերմաներենի հիմքերը արտասահմանում, խորհրդատվություն է տրամադրում կրթության, մշակույթի և զարգացման քաղաքականության բնագավառում։ Ընտրությունը պատահականության սկզբունքով չի լինում․ ընտրում են գերմանացի մասնագետները՝ ըստ ներկայացված փաստաթղթերի, որի մեջ շատ կարևոր է շահագրգռությունը՝ Գերմանիայում սովորելու հիմնավորումը։ Շատ կարևոր են առաջադիմությունը, անձի սոցիալական, կենսական ակտիվությունը, և իհարկե, լեզվական կարողությունները։ DAAD-ի ծրագրերը միայն գերմաներենի հետ չեն առնչվում, այլև բոլոր մասնագիտական ոլորտներին՝ ինչպես բնական, այնպես էլ հումանիտար ու հասարակական գիտություններին։

DAAD-ը նպաստում է հայկական և գերմանական բուհերի համագործակցությանը, հնարավորություն է ընձեռում նախկին կրթաթոշակակիրներին, DAAD շրջանավարտներին մասնագիտական քննարկումներ, գիտաժողովներ կազմակերպելու իրենց գերմանացի գործընկերների հետ Հայաստանում՝ սրանով իսկ խորացնելով և ընդլայնելով գիտակրթական համագործակցությունը։ DAAD-ը կազմակերպում է ամառային դպրոցներ գերմանացիների համար Հայաստանում՝ գերմանացիներին ծանոթացնելով հայկական մշակույթին, լեզվին, արվեստին։

Գիտելիքի և հաճելիի մեկտեղումը

DAAD-ն ունի նաև ամառային  դպրոց ծրագիրը, որին կարող են մասնակցել միայն բակալավրիատի և մագիստատուրայի առաջին կուրսի ուսանողները, ովքեր հնարավորություն կունենան կարճ ժամանակում սովորել գերմաներեն և, իհարկե, ծանոթանալ Գերմանիայի մշակույթին։ 

Կապանցի Սոնան DAAD կազմակերպության մասին լսել է դեռևս դպրոցական տարիներից։ Այժմ էլ սովորում է Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում «Գերմաներեն լեզվաբանություն» ֆակուլտետում։ Ասում է՝ այս տարի պլանավորել է մասնակցել ծրագրին․ «Հիշում եմ՝ 11-րդ դասարանում DAAD կազմակերպությունը փոքրիկ տեղեկատվական միջոցառում էր կազմակերպել, որով մեզ ծանոթացնում էր զանազան կրթաթոշակների։ Բայց ավելի շատ տեղեկություններ ստացել եմ համալսարանում։ Որոշել եմ մասնակցել Sommerschule (ամառային դպրոց) ծրագրին, որը ուսանողներին հնարավորություն է տալիս 3-4 շաբաթով ինչպես  լեզվական, նեղ մասնագիտական գիտելիքներ ձեռք բերել, այնպես էլ լինել Եվրոպայում և լեզվակիրների հետ խորացնել գերմաներենի հիմքերը»։

Նարեն այս տարի որոշել էր դիմել DAAD-ի  ամառային դասընթացին մասնակցելու․ բախտը ժպտացել էր նրան։ Ասում է՝ մեծ անհամբերությամբ սպասում է այն օրվան, թե երբ է մեկնելու Գերմանիա․ «Ի սկզբանե մեծ սպասելիքներ  ունեի, քանի որ ամառային դասընթացները հնարավորություն են տալիս էլ ավելի մոտիկից ծանոթանալու գերմանական մշակույթին, ինչպես նաև խորացնել գերմաներենի իմացությունը։ Այնքան եմ ոգևորված DAAD-ի կրթական ծրագրերով, որ հիմա էլ մտադիր եմ դիմել մագիստրատուրան այնտեղ շարունակելու համար»:

Համարձակություն ու ցանկություն, և դու այնտեղ ես․․․

Եթե չգիտես գերմաներեն, չի նշանակում, որ չես կարող մասնակցել ծրագրին։ Գերմանիայում կան բազմաթիվ անգլալեզու կրթական  և հետազոտական ծրագրեր, որոնց կարող եք դիմել DAAD-ի միջոցով։  Եվրոպական մասշտաբներով Գերմանիան չի համարվում ապրելու համար թանկարժեք երկիր, այդուհանդերձ կրթության ֆինանսավորումն առանցքային դեր է խաղում ուսումնական հաջողություններ գրանցելու գործում։

Ի տարբերություն այլ երկրների՝ գերմանական բուհեր ընդունված օտարերկրացի ուսանողներին չի տրամադրվում կացարան։ Այնպես որ՝ փորձեք չուշացնել և կացարան գտնել։ Հնարավոր է ուսանել Գերմանիայում առանց գերմաներենի իմացության։ Սակայն գերմաներենին տիրապետելը ոչ միայն օգնում է արագ ծանոթություններ հաստատել մարդկանց հետ, այլ նաև լեզվի իմացությունը դիտարկվում է մեծ առավելություն։ Իրինա Բարսեղյանը լսել էր DAAD-ի երևանյան գրասենյակի առաջարկած ծրագրերի մասին։ Ասում է՝ մտածում էր, երբ կբավարարի նախապայմաններին, անպայման կդիմի․«2-րդ կուրսում դիմեցի այդ ծրագրին, հանձնեցի լեզվամակարդակի քննություն, սակայն, ցավոք, ապրիլին մերժում ստացա։ Կազմակերպությունը որևէ պատճառ չէր նշել, կարծում եմ՝ ընտրությունը կատարվում է պատահականության սկզբունքով։ Սակայն ես չեմ հիասթափվում․ կդիմեմ մյուս տարի»։

Մի խոսքով՝ ամեն ինչ կա, մնում է միայն ցանկանալ, զարգացնել գերմաներենը և գնալ ուսանել ու հետազոտել Գերմանիան։

Նարե Խաչատրյան

 

17:00 20.07.2019

Ամենաշատ ընթերցվածները