ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կարևորը հետո աշխատանք ունենալն է
17:00 03.08.2019

Կարևորը հետո աշխատանք ունենալն է

Վերջին տարիներին  մեծացել է դիմորդների հետաքրքրությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հանդեպ, քանի որ եռամյա կրթությամբ ուսանողները ոչ միայն ստանում են 12-ամյա կրթություն, այլև մասնագիտական որակավորում և անմիջապես մուտք գործում աշխատաշուկա։ Դպրոցն ավարտելուց հետո ամենադժվար հարցը մասնագիտության ընտրություն կատարելն է։ Հիմնական և միջնակարգ դպրոցներն ավարտած կապանցի աշակերտների մի մասը դիմում է  պետական քոլեջներ։

Շրջանավարտների շարժ դեպի աշխատաշուկայի պահանջարկը բավարարող մասնագիտություններ

Սյունիքի տարածաշրջանային պետական  քոլեջում արդեն սկսվել է ընդունելության գործընթացը։  Արդեն քոլեջ է դիմել 60-ից ավելի դիմորդ։ Նախորդ տարի ընդհանուր 121 դիմորդ են ունեցել։ Քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանի խոսքով՝ պետության համար գերակա ուղղությունների և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների  համար տրվում են ավելի շատ անվճար տեղեր՝ վստահ լինելով, որ տվյալ մասնագիտությամբ որակյալ կրթության դեպքում աշխատաշուկան կհամալրի թափուր տեղերը․ «Այս տարի մեծ հետաքրքրություններ կան դիմորդների շրջանում, հատկապես բաց լեռնային աշխատանքներ, փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում՝ ըստ տրանսպորտի տեսակների, համակարգչային գեղարվեստական նախագծում, տրանսպորտային միջոցների շահագործում ու նորոգում և հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող մասնագիտությունների գծով», - նշեց Անժելա Մաքյանը։

Քոլեջի ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արթուր Սարգսյանի խոսքով՝ դիմորդները փաստաթղթերը հանձնում են արդեն իսկ մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշված․ «Մենք մարտ-ապրիլ ամիսներին հանդիպումներ ենք ունեցել դպրոցներում և՛ ծնողների, և՛ աշակերտների հետ, տեղեկացրել, թե ինչպես ճիշտ մասնագիտություն ընտրել, ինչ մասնագիտություններ ունի քոլեջը, ինչ առավելություններ կարող են ունենալ քոլեջի շրջանավարտները և այլն»։

Արմանը ավարտել է Կապանի թիվ 5 հիմն․ դպրոցը։ Ասում է՝ ընտրած մասնագիտությունը հոգեհարազատ է իրեն․ «Ընտրել եմ ավտոտրանսպորտային փոխադրումներ և շահագործում բաժինը։ Ավարտելուց հետո կդառնամ տեխնիկ-կառավարող»։

Քոլեջի տնօրենի խոսքով՝ վերջին շրջանում փոխվել է գործատուների վերաբերմունքը մասնագիտական կրթություն ստացող շրջանավարտների նկատմամբ․ «Գործատուները ունեն իրենց պահանջները և ուսումնական հաստատությունից ակնկալում են, որ որակավորում ստացող մասնագետը կարողանա բավարարել գործատուի պահանջները, այդ իսկ պատճառով մեզ մոտ ուսուցանվող մասնագիտական ծրագրերում ներգրավում ենք նաև գործատուների ներկայացուցիչներին»։

 

Ուսանողների պակաս ոլորտի մասնագիտություններ սովորելու հարցում

Կապանի պետական բժշկական քոլեջը հուլիսի 23-ի դրությամբ ունի 17 դիմորդ, որից 12-ը՝ հիմնական կրթության հիմքով։ Քոլեջի տնօրեն Արաքսյա Սարգսյանի խոսքով՝ նախորդ տարի դիմորդների ընդհանուր թիվը 25 էր։ Դիմորդների թիվը էականորեն չի տարբերվում անցյալ տարվանից։ «Մեզ մոտ ոլորտային մասնագիտություններով ենք պատրաստում, ինչը իրականացվում է մրցույթով՝ «Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնելով։ Դա է նաև հիմնական պատճառներից մեկը, որ մեզ քիչ են դիմում, որովհետև գիտեն, որ պետք է լավ պատրաստվեն», - ասաց քոլեջի տնօրենը։

Արաքսյա Սարգսյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ տարեցտարի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում են դպրոցների այն աշակերտները, ովքեր ցանկություն չունեն բուհ գնալու, այսինքն՝ գիտելիքների մակարդակի առումով անկում ունեն, բայց, այնուամենայնիվ, լավ շրջանավարտներ նույնպես քոլեջը ունենում է․ «Կարելի է ասել՝ նախկին ավանդույթները կամաց-կամաց վերականգնվում են»։ Նախկինում ամենապահանջված մասնագիտությունը  բժշկական քոլեջում քույրական գործն էր, իսկ այս տարի առայժմ բուժական կոսմետոլոգիան է, ինչը պայմանավորված է մասնագիտության պահանջարկով։ Աշխատանքի երկարատև  փնտրտուք  նրանց չի սպառնում։ «Մենք պատրաստում ենք բուժքույր-կոսմետոլոգներ, ովքեր էապես տարբերվում են այն կոսմետոլոգներից, որոնք կարճաժամկետ դասընթացներով հմտություններ են ձեռք բերել։ Բուժքույր- կոսմետոլոգը տիրապետում է նաև բուժքույրական հիմունքներին։ Նա կարող է հաճախորդի դեմքին նայելով ախտորոշել ինչ-որ հիվանդություն և ուղղորդել մասնագետի մոտ», - ասաց քոլեջի տնօրենը։ Լիլիթին հետաքրքրում է կոսմետոլոգիան։ Ասում է՝ առաջինը մայրիկին է փորձել գեղեցկացնել․ «Սիրում եմ կոսմետոլոգիան, դրա համար էլ ընտրեցի այս քոլեջը։ Կարծում եմ՝ այստեղ սովորելուց հետո հետագայում կաշխատեմ այդ մասնագիտությամբ և կկարողանամ գեղեցկացնել մարդկանց»։

Գործազուրկները շատացել են, թափուր տեղերը՝ նույնպես, բայց աշխատել ցանկացողները՝ քչացել

Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնում այս պահի դրությամբ գրանցված է 1081 գործազուրկ, որից 103-ը՝ բարձրագույն, 369-ը՝ միջին մասնագիտական կրթությամբ։ Տնօրեն Արթուր Հակոբյանի խոսքով՝ ժամանակին տարածաշրջանը ուներ լեռնային ինժեների պահանջարկ, բարեբախտաբար Կապանի պոլիտեխնիկական համալսարանը  սկսել է բացը լրացնել։ Ասում  է՝ այժմ կենտրոն դիմած գործազուրկների մի մասը միջազգայնագետներ, իրավաբաններ են, ցավոք, բոլորին  աշխատանքի տեղավորել չեն կարող․ «Այս պահի դրությամբ ունենք մեծ քանակով գործազուրկներ։ Շատ հաճախ գործատուի և գործազուրկի պահանջները չեն համընկնում, դրա համար էլ չենք կարողանում նրանց աշխատանքի տեղավորել։ Կապանի տարածաշրջանում բարձրագույն կրթություն ունեցող մասնագիտություններից ամենապահանջվածը բժիշկներն են։ Տարիներ շարունակ մենք բժշկի 20-22 թափուր տեղ ունենք, որ չենք կարողանում համալրել, սա մեր ամենամեծ բացն է։ Միջնակարգ մասնագիտությունների գծով նույնպես ունենք թափուր տեղեր, որոնք դարձյալ չենք կարողանում համալրել։ Դա հիմնականում սպասարկման ոլորտում է․ հացթուխների, խոհարարների թափուր տեղեր շատ ունենք»։

Տարածաշրջանը ունի նաև ուսուցիչների պահանջ, մասնավորապես ֆիզիկայի և աշխարհագրության։  Արթուր Հակոբյանը նշում է, որ միջին մասնագիտական կրթությամբ անձինք հիմնականում  ապահովվում են աշխատանքով, իսկ բարձրագույն կրթություն ստացածները՝ ոչ միշտ։ Պատճառը հստակ է՝ տարածաշրջանի աշխատաշուկան հիմնականում կարիք ունի արհեստավորների, սպասարկման ոլորտի աշխատակիցների։ «Միջնակարգ կրթություն ստացածները աշխատաշուկայում մրցունակ չեն, դրա համար պետությունը մեր միջոցով տարբեր ծրագրեր է իրականացնում։ Մենք նրանց առաջարկում ենք վերապատրաստվել, իրենց ցանկությամբ ձեռք բերել համակարգչային մասնագետի, հաշվապահի, խոհարարի, մատուցողի աշխատանքին տիրապետելու հմտություններ, բայց շատ հաճախ չեն համաձայնում։ Առաջարկվող աշխատանքը գործազուրկը չի ընդունում՝ պատճառաբանելով, որ իրեն հարմար չէ։ Եթե նախկինում մատուցողը միայն մատուցում էր, ապա այսօր պետք է անգլերեն իմանա, սեղանի դասավորման դիզայնի մասին էլ՝ չխոսեմ», - հավելեց Արթուր Հակոբյանը։

Շատերը, սակայն, հայրենի քաղաքում հեռանկար չեն տեսնում

Իսկ շրջանավարտների մի մասը չի ցանկանում Կապանում շարունակել հետագա ուսումը՝ պատճառաբանելով, որ այստեղ չեն կարող բավարարել իր պահանջները։ Մոնիկան Կապանի N 2 ավագ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Խ․Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ։ Ավարտելուց հետո չի ցանկանում վերադառնալ հայրենի քաղաք․ «Այստեղ չկա իմ ընտրած մասնագիտությունը սովորեցնող հաստատություն, բացի դրանից ինձ պետք չէ հենց այնպես կրթություն ստանալ, ինձ պետք է դառնալ արժանի և պիտանի մասնագետ։ Սիրում եմ իմ քաղաքը, բայց եթե վերջում աշխատանք չես ունենում, համալսարանում սովորելդ անիմաստ է դառնում։ Ոչինչ հաստատ ասել չեմ կարող, դեռ կմնամ մայրաքաղաքում, եթե հետագայում Կապանում աշխատելու հնարավորություն լինի, կվերադառնամ»։

Աշխատանք ունենալու համար հարկավոր է ճիշտ մասնագիտություն ընտրել և լավ սովորել, դրա համար հարկավոր են նաև լավ ուսուցանողներ։ Ասում են՝ կրթությունը գիտելիքի քանակ չէ, այլ դրա հմուտ կիրառում։  Հետևաբար պետք է հասկանալ, որ աշխատաշուկայում պահանջված լինելու համար հարկավոր են համապատասխան գիտելիքներ։

Նարե Խաչատրյան

17:00 03.08.2019

Ամենաշատ ընթերցվածները