ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Քրտնարտադրություն շոգ եղանակի՞ց, թե՞ սթրեսից
20:00 03.08.2019

Քրտնարտադրություն շոգ եղանակի՞ց, թե՞ սթրեսից

Ամռանը հանդիպող գերխնդիրներից մեկը առատ քրտնարտադրությունն է (հիպերհիդրոզը), որը հաճախ մարդու մեջ առաջանում է բարձր ֆիզիկական բեռնվածության կամ օդի բարձր ջերմաստիճանի պատճառով, ինչը այդ դեպքում բավականին բնական երևույթ է: Քրտնարտադրությունը մարմնի բնական պրոցեսներից է, որի ընթացքում տեղի է ունենում ջրի և նրանում լուծված տարրերի արտազատում: Նորմայում քրտնարտադրությունն առաջանում է այնպիսի ֆիզիկական գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են օրգանիզմի գերտաքացումը միջավայրի բարձր ջերմաստիճանի պայմաններում, ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, նյարդային լարվածությունը, անհանգստությունը: Կարելի է ասել, որ այս ֆիզիոլոգիական պրոցեսը փրկում է մարմինը գերտաքացումից, քանի որ քրտինքը, մաշկի մակերեսից գոլորշիանալով, նպաստում է մարմնի ջերմաստիճանի նվազեցմանը: Այնուամենայնիվ, քրտնոտությունը մարդկանց պատճառում է տհաճություն, ընկճվածություն և հուսահատություն։ Այն կարող է ազդել մարդկանց սոցիալական կյանքի, աշխատանքի, փոխհարաբերությունների և ինքնավստահության մակարդակի վրա։

«Նյարդային համակարգը դառնում է գերակտիվ և խթանում քրտնագեղձերը՝ անկախ միջավայրի ջերմաստիճանից կամ ֆիզիկական և այլ սթրեսի առկայությունից։ Հիպերհիդրոզի նման վիճակները հաճախ ունեն ժառանգական բնույթ և կարող են սաստկանալ, երբ մարդը գերգրգռված է կամ զգում է ուժեղ սթրես: Որոշ դեղեր նույնպես կարող են առաջացնել առատ քրտնարտադրություն: Դա կարող է նաև զարգանալ որպես որևէ հիվանդության ախտանշան։ Առատ քրտնարտադրությունն ինքնին առողջությանը վնաս չի հասցնում, թեև հազվադեպ կարող է դառնալ ջրազրկման և մարմնի ջերմության կտրուկ անկման պատճառ, սակայն կարող է լինել բազմաթիվ հիվանդությունների ախտանշան, և հիմնական հիվանդության ճիշտ ախտորոշումն ու բուժումը կարող են լուծել գերքրտնարտադրության խնդիրը», - ասում է բժշկուհի Արմինե Հովսեփյանը՝ հավելելով, որ որոշ դեպքերում հիպերհիդրոզի զարգացման պատճառ կարող է լինել փսիխոգեն գործոնը:

Անհանգստության, վախի, ընկճվածության դեպքում մարմնի տարբեր հատվածներ, օրինակ, ձեռքի ափերը, թևատակերն ու մեջքը, սկսում են արագ քրտնել: Այս դեպքում, ըստ բժշկի, խնդիրը  դյուրագրգիռ նյարդային համակարգի մեջ է: Ուստի այդ վիճակից դուրս գալու համար հարկավոր է դիմել հոգեթերապևտի կամ նյարդաբանի: Խթանող գործոնների հայտնաբերումից հետո մասնագետները միանշանակ կնշանակեն  հանգստացնող դեղամիջոցներ ու խոտաբույսեր, իսկ որոշ դեպքերում անգամ հոգեթերապիայի սեանսներ:

Հիպերհիդրոզի ժամանակ բժիշկը կարող է ձեզ տալ որոշ խորհուրդներ և առաջարկել բուժումներ, այդ թվում՝ ոչ դեղորայքային բուժում՝ ձեր կյանքի որակի բարձրացմանն ուղղված հոգեթերապիա կամ վարքային թերապիա, ինչպես նաև սթրեսը և անհանգստությունը մեղմացնող ռելաքսացիայի հնարքներ, դեղեր, ներառյալ դեղատոմս պահանջող անտիպերսպիրանտներ, նյարդերն արգելափակող դեղեր և հակադեպրեսանտներ: 

Առատ քրտնարտադրություն ունեցող բազմաթիվ մարդիկ չգիտեն, որ կան քրտնագեղձերի ակտիվությունը մեղմացնող որոշ միջոցներ։ Բժիշկը երևույթի մեղմացման համար խորհուրդ է տալիս հնարավորինս չոր ու մաքուր պահել մաշկի առավել քրտնող շրջանները, կրել բնական թելից կարված հագուստ (օրինակ՝ մետաքսյա կամ բամբակյա հագուստ, որը թույլ է տալիս մաշկին շնչել) և կրել մշտապես չոր ու մաքուր գուլպաներ, կոշիկներ կամ ձեռնոցներ։ Բացի դրանից, հարկավոր է սննդակարգից հանել այն մթերքները, որոնք կարող են հավելյալ քրտնարտադրության պատճառ դառնալ: Դրանք են սուրճը, կծու ուտեստները, մեղրը, ալկոհոլն ու համեմունքները: Մարմնի ավելորդ քաշը ևս մեկ պատճառ է, որը հանգեցնում է հիպերհիդրոզի: Գեր մարդիկ ավելի շատ են քրտնում, քանի որ մաշկի տակ առկա հաստ ճարպաշերտը խանգարում է ջերմափոխանակմանը, և այս դեպքում օգնում է միայն նիհարելը: Շատ կարևոր է նաև չմոռանալ լրացնել քրտինքի հետևանքով կորցրած ջրի քանակը։

Սոնա Օհանջանյան

20:00 03.08.2019

Ամենաշատ ընթերցվածները