ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սյունիքում հրդեհները շատացել են
18:00 05.08.2019

Սյունիքում հրդեհները շատացել են

Հայաստան ներթափանցած տաք օդային հոսանքները ստեղծում են հրդեհավտանգ իրավիճակ  հանրապետության բուսածածկ և խոտածածկ տարածքներում։ Այստեղ հրդեհների թիվը նախորդ տարիների համեմատ կրկնապատկվել է։ 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է  հրդեհի 1702 դեպք, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 3554։

Անտարբերության հետևանքով

Սյունիքում տարվա առաջին 7 ամսվա ընթացքում գրանցվել է  հրդեհի 276 դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ 105-ով ավելի է։ Հաշվի առնելով հրդեհավտանգ իրավիճակը ամբողջ հանրապետությունում՝ մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումները գործում  են ուժեղացված ռեժիմով։ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Ռոմա Սահակյանի խոսքով՝ այս տարի բավականին մեծ թվով հրդեհներ են արձանագրվել հատկապես Կապանի տարածաշրջանում․ «Բավականին շատ խոտածածկ, բուսածածկ տարածքներ են այրվել։ Հիմնականում խոտածածկ տարածքները բռնկվել են Սիսիանի տարածաշրջանում, բուսածածկը՝ Կապանի։ Բացի դրանից՝  չմոռանանք նաև, որ Մեղրու տարածաշրջանը նույնպես ռիսկային է հրդեհավտանգ իրավիճակների համար՝ հաշվի առնելով նրա բարդ ռելիեֆը»։

Ռոմա Սահակյանի խոսքով՝ հրդեհների ավելացումը հիմնականում  պայմանավորված է մարդկային գործոնով։ Քաղաքացիները շատ հաճախ անտարբեր են շրջակա միջավայրի նկատմամբ․ «Բոլորին աշխատում ենք տեղյակ պահել, որ նման դեպքերում կրակ չի կարելի վառել, քանի որ կարող է դուրս գալ վերահսկողությունից և վերածվել մեծ հրդեհի, խոշոր վնաս հասցնել։ Մարդկանց կատարած աշխատանքը, ինչպես օրինակ, խոտի դեզը չարչարմունքով հավաքելը, կարող է մեկ անփույթ վերաբերմունքի պատճառով զրոյանալ»։

Հաշվի առնելով տարածաշրջանի ռելիեֆը՝ հաճախ տեխնիկայի համար դժվարանցանելի վայրերում ավելի շատ է զգացվում կողմնակի օգնության կարիք։ «Մեզ հետ միասին հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի, Զանգեզուր կենսոլորտայինի աշխատակիցները», - նշում է փրկարար ծառայության փոխգնդապետը։

Անտեղի ահազանգեր

Ճիշտ է, երկու ամիս է՝ շարունակաբար Հայաստան ներթափանցած տաք հոսանքները և տեղումների իսպառ բացակայությունը ստեղծում են հրդեհավտանգ իրավիճակներ հանրապետության տարբեր հատվածներում, այնուամենայնիվ,  բացի հրդեհներից, շատ հաճախ  911  ահազանգում են նաև  կենցաղային  տարբեր հարցերով։ «Ամենափոքրիկ  խնդրի դեպքում մարդիկ համապատասխան կառույցներին չեն դիմում, երևի ավելի հեշտ է հավաքել 911 հեռախոսահամարը, որովհետև միշտ պատրաստակամ ենք աջակցել նրանց, դա, իհարկե, մեր գործն է, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինում է։ Գնում հասնում ենք տեղ ու հասկանում, որ շենքի ներսում բնակիչները իրենք կարող էին այդ հարցը լուծել», - ասում է Ռոմա Սահակյանը։

Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունը հորդորում է քաղաքացիներին պահպանել արտակարգ զգուշություն, անգամ աննշան թվացող հրդեհների դեպքում զանգահարել ծառայություն։

Նարե Խաչատրյան

18:00 05.08.2019