ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ինստիտուտներ չկան
16:00 08.08.2019

Ինստիտուտներ չկան

Իր արձակուրդի վերջին օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսաուղերձով հանդես եկավ: Նա գանգատվեց Հայաստանում բազմաթիվ ինստիտուտների բացակայության վերաբերյալ: Հետո բերեց տարրական ասֆալտապատման խնդիրը՝ ասելով, որ հաճախ մրցույթը շահում է մի ընկերություն, որը հետո անորակ գործ է անում և խլում է բոլորիցս գումար, ժամանակ, լավ տրամադրություն:

Լիովին համաձայն եմ վարչապետի հետ, գնումների ոլորտը, գիտության ոլորտը և մի շարք այլ ոլորտներ գտնվում են բարձիթողի վիճակում և, այո՛, դրանց շարժիչ ուժը եղել է կոռուպցիան, որի դեմը եթե չես առնում, ապա կարծես ամեն ինչ փլվում է:

Տարօրինակ է, որ այս ամենը լսում ենք թիվ մեկ քաղաքական գործչից միայն մեկուկես տարի անց: Այս ընթացքում մեր թերթի էջերում հնչած քննադատությունը ընկալվում էր որպես հակահեղափոխություն կամ ուղղակի ծախված լրագրություն: Ափսոսում եմ, որ վարչապետը չփորձեց անգամ ձևակերպել ինստիտուտների բացակայության խնդիրը այնպես, որպեսզի մենք՝ չորրորդ իշխանության ներկայացուցիչներս, լծվեինք այդ խնդրի լուծման ճանապարհները փնտրելուն:

Իրականում, եթե խնդիրը ձևակերպվեր հեղափոխությունից անմիջապես հետո, ապա հիմա արդեն մենք կքննարկեինք այդ ինստիտուտների հիմքերի ամրությունը, այլ ոչ երբեք նրանց առհասարակ չկայացած լինելու հանգամանքը: Ի վերջո, ծուռ պատը հնարավոր չէ անվերջ ծուռ կառուցել, մի օր կփլվի, իսկ եթե ուղղալարով շեղված մասը չես հայտնաբերում, ապա ունենում ես այն, ինչ ունենք հիմա, այսինքն՝ ոչինչ:

Ցանկացած ոլորտի արդյունավետությունը պետք է հաշվելի լինի, հեղափոխությունը չունի հաշվարկի մեխանիզմներ: Երբ դրանք չկան, ցանկացած ինստիտուտ գնդիկ է գլորում համակարգչով ու տեղն ընկած տեղը մուննաթ գալիս պետության վրա. «Ընչի՞ մենք բան չունենք արած, բա 40 տարի ինստիտուտում գլխավոր գիտաշխատող լինելը էլ ո՞նց է լինում»։

«Զանգեզուր պրես»

16:00 08.08.2019