ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կեղծ օրակարգը պոռթկումների առիթ
16:00 09.08.2019

Կեղծ օրակարգը պոռթկումների առիթ

Վերջերս թեժ քննարկումների առիթ է տվել «Ստամբուլյան կոնվենցիան», չնայած վավերացնելու հարցը դեռ Աժ-ի օրակարգ չի մտել։ Ի՞նչ կտա մեզ փաստաթղթի վավերացումը կամ հակառակը։ Արդյո՞ք կոնվենցիայի կետերը հակասում են ՀՀ սահմանադրությանը։ Ո՞ր կետերն են, ըստ մասնագետների, խնդրահարույց։

Փաստաթղթի մասին՝ համառոտ

«Ստամբուլյան կոնվեցիան» կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին փաստաթուղթ է, որը ստորագրվել է 2011թ․ Ստամբուլում, Եվրոպայի խորհրդի շրջանակում։ Այն ենթադրում է վերացնել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերը, հավասարություն մտցնել կնոջ և տղամարդու միջև, կարգավորել օրենսդրությունը, ապաստարաններ ստեղծել, թեժ գծեր ներդնել, ինչպես նաև կոնվենցիայի նկատմամբ պարտականությունների կատարումը վերահսկող փորձագիտական խումբ ձևավորել։ Եվրոպայի խորհրդի 47 պետությունից կոնվեցիան վավերացրել է 34-ը, 11-ը ստորագրել, բայց չի վավերացրել։ Վերջիններիս շարքում է Հայաստանը, որը 2018-ի հունվարի 18-ին է ստորագրել։ Ռուսաստանն ու Ադրբեջանը զերծ են մնացել նույնիսկ ստորագրելուց:

Ինչո՞ւ

Ինչո՞ւ մենք՝ այո, իսկ հիշյալ պետությունները չեն ստորագրել կոնվենցիան։ Քաղաքագետ Արա Պապյանի խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի տոտալիտար համակարգեր են եղել և շարունակում են մնալ, քան մենք։ Հետևաբար նրանց համար արտաքին կարծիքը, տեսակետը պակաս կարևոր են, քան մեզ համար։  ««Ստամբուլյան կոնվենցիան» Եվրոպայի խորհրդի առաջարկած, մարդու իրավունքների տեսանկյունից ներկայացվող փաստաթուղթ է։ Եվ այս ամենը նրանց մոտ այնքան է ոտնահարվում, որ կարելի է ասել, ջուրն ընկածն անձրևից չի վախենում։ Դրա համար ստորագրել են։ Իսկ մեր նախկին իշխանությունները Եվրոպայի խորհրդի հետ ավելորդ խնդիրներից խուսափելու համար ստորագրել  են, հավանաբար ակնկալիքով, որ չեն վավերացնի»։

Ինչի՞ն է դեմ

Քաղաքագետի խոսքով՝ փաստաթղթի վավերացման կամ հակառակի պարագայում էական փոփոխություն չի լինի։ Կոնվենցիայի խնդրահարույց կետերն ու ընդհանրական ձևակերպումները ներկայացվում են առանց հստակ փաստարկների․ շահարկվում է քաղաքական նպատակը։ Բացի դրանից՝ միայն չստորագրած երկրի անունն է մատնանշվում, սակայն վիճակագրական պատկեր չի ներկայացվում․ օրինակ՝ այն երկրներում, որոնք վավերացրել են, ինչքանո՞վ է կրճատվել մանկապղծությունը։ Արա Պապյանն ընդգծում է՝ եթե դեմ են, ապա թող նշեն, թե հստակ ինչին են դեմ, որպեսզի հասկանալի լինի մտահոգությունը։

Փաստաբան Ռուբեն Ղազարյանը, ով դեմ է փաստաթղթի վավերացմանը, համեմատականներ է տանում ՀՀ սահմանադրության ու կոնվեցիայի միջև։ «Սահմանադրության 35-րդ հոդվածը նշում է․ Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն:  Իսկ հիմա մեջբերենք կոնվենցիայից․ Ընտանեկան բռնություն նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական, տնտեսական բնույթի բոլոր բռնարարքները, որոնք կատարվում են ընտանիքի, ընտանեկան միավորի ներսում,  կամ նախկին,  կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև։ Զուգընկերներ կարող են լինել նաև երկու տղա ու երկու աղջիկ, երրորդ սեռի գաղափարն ինձ համար մտահոգիչ է»։ Քաղաքագետն էլ իր հերթին նշում է․ «Ես բառացիորեն չեմ գտել երրորդ սեռի մասին խոսք, հստակ ասվում է կին և տղամարդ, երրորդ սեռի մասին խոսք չկա»։ Ռուբեն Ղազարյանն էլ ընդգծում է․ «Նույն զեկույցում նշվում է․ ընտանեկան բռնության ենթարկվում են նաև ԼԳԲՏ-ները։ Չնայած երրորդ սեռի մասին կոնվենցիայում չի ասվում, բայց մտավախություն կա, որ սա առաջին քայլերից է բարենպաստ պայմաններ ստեղծել վերջիններիս համար»։ «Այստեղ մի անհանգստություն կա․ հնարավոր է փորձեր արվեն և կրթական համակարգ ներմուծվեն այդ դրույթները, որոնք, ըստ ոմանց, կհանգեցնեն ազգային արժեհամակարգի որոշակի փոփոխության», - ասաց Արա Պապյանը։

Օրենքը՝ թերի 

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ մեր երկրում ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ օրենքը բավարար չէ մեզանում այդ արատավոր երևույթը արմատախիլ անելու համար։ Այն միայն հաշտեցնում է բռնարարին ու զոհին։ «Ընտանեկան բռնության մեկ զոհ ունեցանք։ Մեր ապաստարանում երկու անգամ էր եղել, կրկին հաշտվել էր բռնարարի հետ, այս անգամ սպանվեց նրա ձեռքով։ Օրենքի շրջանակում մենք առաջնահերթ դիտարկում ենք հաշտությունը, այլ ոչ մարդու՝ բռնությունից զատ ապրելու իրավունքը։ Բացի դրանից՝ մեր օրենքում զուգընկեր հասկացությունը գոյություն չունի։ Այն մարդիկ, ովքեր փաստացի ամուսնություն չեն գրանցել, չեն կարող դիտարկվել որպես ընտանիքում բռնության ենթարկված անձինք։ Իսկ «Ստամբուլյան կոնվեցիան» զուգընկերներին  դիտարկում է որպես այդպիսին։ Այսինքն՝ ընդգծվում են հարաբերությունները, ոչ թե որպես ընտանիք»։

Իսկ ի՞նչ դիտարկում է անում ազգագրագետը, արդյո՞ք ընտանիքի մոդելի պաշտոնական այլընտրանք չի մատուցում կոնվենցիան։ «Կոնկրետ այս փաստաթուղթը ընտանիքի մոդելի հետ կապված որևէ կետ չի մատնանշում, այն պարզապես բացառում է ցանկացած բռնություն։ Հստակ չի խոսվում երրորդ սեռի մասին, իսկ ակնարկը մնում է մանիպուլյացիայի դաշտում», - ասում է ազգագրագետ Գայանե Շագոյանը»։

Անուշ Միրզոյան

16:00 09.08.2019

Ամենաշատ ընթերցվածները